«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն այժմ կոչվում է Իսլամական պետություն, ականապատել և պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները:
«Այս կառույցը Սիրիայում և Իրաքում ահաբեկչական բոլոր կառույցներից ամենածայրահեղականն է: Պայթեցնելով հայկական եկեղեցին՝ նրանք սրանով ամբողջ աշխարհին ցանկանում են ցույց տալ նախ և առաջ գործողություն, որին կանդրադառնան մի շարք լրատվամիջոցներ, ինչի ականատեսը եղանք, թեման դառնում է դիվանագիտական քննարկման առարկա. Հայաստանը պաշտոնապես արձագանքեց թե՛ նախագահի աշխատակազմի շուրթերով, թե՛ ԱԳ նախարարի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ սա եզդիների ցեղասպանության, Մոսուլի գրավման, ամերիկացի և բրիտանացի լրագրողների գլխատման տրամաբանական շարունակությունն է:
«Հեռահար նպատակը՝ մշտապես միջազգային հանրության ուշադրության կենտրոնում լինելն է և այդ միջոցով աշխարհի բոլոր ծայրերում գտնվող և արմատական, մուսուլմանական գաղափարներով տոգորված երիտասարդների համար կուռք հանդիսանալն է, որը հիմք կհանդիսանա, որ վերջինները միանան իրենց»,-նշեց արաբագետը:
Եկեղեցու պայթեցման օրն էլ արաբագետը պատահական չի համարում.
«Այն կարող է կապված լինել ՀՀ Անկախության, Արամ Ա կաթողիկոսի հայտարարության հետ: Այն, ինչ տեղի է ունեում հայ համայնքի հետ՝ միտումնավոր է»,-եզրափակեց Արմեն Պետրոսյանը:
Անի Կարապետյան