▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիվան-անգետներով.«Ժողովուրդ»

Հատկապես ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում մի շարք երկրների չափազանց համեստ  ներկայացվածությունն ու առավել եւս բացակայությունը մենք ազգովի կապեցինք ամեն ինչի, բայց ոչ այդ երկրներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների վատ աշխատանքի հետ: Սակայն եթե դիտարկենք այն երկրների ցուցակը, որոնք որոշակի` քաղաքական, տնտեսական եւ պատմական կապերով պայմանավորված, պարտավոր էին ներկա լինել Ծիծեռնակաբերդում, սակայն, ըստ պատշաճի, չեղան, ապա կտեսնենք, որ  գրեթե բոլոր այդ երկրներում էլ մենք ունենք ոչ պրոֆեսիոնալ դեսպաններ, որոնց այդ պատասխանատու պաշտոններում ներկա եւ նախկին նախագահները նշանակել են՝ բացառապես անձնական նախասիրությունից ելնելով:

Այս առումով ամենացցուն օրինակը Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանն է, որի  գործունեությանն արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու: Եվ այն, որ Հայոց ցեղասպանության հարցում Վրաստանն իրեն նման խայտառակ ձեւով պահեց, մեծապես պայմանավորված էր նաեւ ՀՀ դեսպանի գործունեությամբ, ավելի ճիշտ` դրա բացակայությամբ (խոսքը ոչ միայն Հայաստան ուղարկած պատվիրակության կազմի մասին է, այլեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վրաց խորհրդարանականների պահվածքի): Այնինչ՝ Վրաստանը մեզ համար այնպիսի կարեւորություն եւ այնքան խնդիրներ ունեցող երկիր է, որտեղ ՀՀ շահերի պաշտպանությունը պետք է վստահվեր մեր ամենահմուտ եւ փորձառու դիվանագետներից մեկին:

Հայաստանի դեսպանի գոյության փաստը վաղուց արդեն վիճելի է Բելառուսի պարագայում: Այստեղ «պատվավոր թոշակի» գնացած Արմեն Խաչատրյանը, ով հանրության հիշողության մեջ մնացել է առավելապես հյուրանոցի խալաթի հետ կապված միջադեպով եւ իր սրամիտ բաժակաճառերով, վերջերս իր մասին հիշեցրել է միայն մեկ անգամ, այն էլ դարձյալ իրեն խիստ հոգեհարազատ` խնջույքային թեմատիկայով` տեղի լրատվամիջոցների առջեւ ի ցույց դնելով իր խոհարարական տաղանդը: Իսկ թե ինչպիսի միջոցառումներ էր կազմակերպել ՀՀ դեսպանը ապրիլի 24-ին Մինսկում կամ ինչպիսի ջանքեր էր գործադրել, որպեսզի Բելառուսի նախագահն այդքան ակնհայտ կերպով չարհամարհեր ԵՏՄ-ում դաշնակից Հայաստանին, հայտնի չէ:

Նույնը` Ղազախստանում, Ուկրաինայում, Թուրքմենիայում եւ այն բոլոր երկրներում, որտեղ գործող ոչ դիվանագետ դեսպաններն իրենց կարգավիճակն ընկալում են որպես սեփական բիզնեսը ծաղկեցնելու միջոց, այլ ոչ թե ՀՀ շահերին ծառայելու պարտավորություն: Եվ դժվար է ասել, թե ինչու են նրանք այդքան վստահ, որ իրենց «խաթրին» ոչ ոք չի կպչի եւ իրենցից ոչ ոք հաշվետվություն չի պահանջի չկատարած աշխատանքի համար: Հավանաբար նրանց այդ վստահությունն ունի շատ կոնկրետ ֆինանսական հիմքեր, հակառակ դեպքում առաջիկայում ՀՀ ԱԳ նախարարը պարտավոր է Ցեղասպանության 100-րդ տարելիցի աշխատանքներում ձախողված դեսպաններից հատ առ հատ հաշվետվություն պահանջել:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին