Տարվա ամենասպասված «Օսկար 2014» մրցանակաբաշխությունն արդեն պատմություն է: Մարտի 3-ին և դրան հաջորդող օրերին ողջ աշխարհը կլանված հետևում էր հեղինակավոր մրցանակաբաշխությանը, ապա և դրա արձագանքներին: Այս տարի, սակայն, առանց չափազանցության, հոլիվուդյան աստղերի հագուկապից, մրցանակակիրների արդարացի ու անարդար ընտրությունից, դահլիճում գրանցված «միջադեպերից» ու Դի Կապրիոյի հերթական ձախողումից էլ ավելի բուռն քննարկվեց հոլիվուդյան աստղերի հյուասիրությունն ուղիղ եթերում: Նույնիսկ ամենահեղինակավոր լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում անդրադարձան աստղային հյուրասիրությանը:
Մեզ՝ հայաստանցի և աշխարհասփյուռ հայերիս համար, վերաբերմունքն այս ամենի նկատմամբ սովորական հետաքրքրասիրությունից ավելին էր, քանի որ համաշխարհային մեծության աստղերն ուղիղ եթերում ճաշակեցին հայ գործարարին պատկանող Big Mama's & Papa's պիցերիաների ցանցի պիցցաները, իսկ մրցանակաբաշխության վարող հայտնի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի ուղեկցությամբ աստղերին պիցցա հյուրասիրող երիտասարդը Big Mama's & Papa's պիցերիաների ցանցի մասնաճյուղերից մեկի սեփականատեր Էդգար Մարտիրոսյանն էր:
Արձագանքն աննախադեպ էր..հաջորդ իսկ օրը Էդգարը հյուրընկավեց Էլեն Դեջեներեսի համանուն շոուին: Ապա և դարձավ CNN հեռուստաալիքի մեկնաբան Փիրս Մորգանի հյուրը, ով Էդգարին բնութագրեց որպես «աշխարհի ամենահայտնի պիցցա առաքող»:
Երբ Էդգարը, պիցցաները ձեռքին, սպասում էր, երբեք չէր պատկերացրել, որ դեմ առ դեմ կհանդիպի հոլիվուդյան աստղերին...
Էդգար Մարտիրոսյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել.
-Էդգար, Ձեր մուտքը դահլիճ և հյուրասիրությունը գրեթե բոլոր շրջանակներում մինչ օրս ամենաբուռն քննարկվող թեմաներից է: Ինչպե՞ս հայտնվեցիք Օսկարի դահլիճում: Խնդրում եմ պատմեք նախապատմությունը:
-Ինձ մրցանակաբաշխությունից երկու օր առաջ զանգահարեցին և ասացին, որ ուզում են Օսկարի պրոդյուսերների, խմբագիրների և այլ աշխատողների համար պիցցա պատվիրել: Ես համաձայնվեցի: Ես այդ մասնաճյուղի սեփականատերն եմ և գրեթե ամեն օր այնտեղ եմ լինում: Ասացին՝ մեկ հատ պիցցա վերցնեմ և գնամ: Գնացի Dolby Theatre, որտեղ Օսկարի մրցանակաբաշխությունն է տեղի ունենում: Ինձ ուղեկցեցին մի սենյակ, որտեղ շատ մարդիկ կային՝ Օսկարի պրոդյուսերներն էին, Էլենի պրոդյուսերը և այլն: Բացի ինձնից ուրիշ պիցցերիաներից էլ ներկայացուցիչներ կային: Զրուցեցին ինձ հետ և երևի հավանեցին, որովհետև շատ ընկերական էի: Ասացին, որ մեկ ժամից ինձ պատասխան կտան: Մի ժամ հետո զանգահարեցին, ամբողջական ինֆորմացիա վերցրեցին իմ մասին: Հաջորդ օրը կրկին կապ հաստատեցին ինձ հետ: Հարցնում էին, թե որտեղի՞ց եմ, ինչպե՞ս եմ սկսել բիզնեսը և այլն: Պատմել եմ, որ եկել եմ այստեղ Մոսկվայից: Սկսել եմ այս գործը թուղթ բաժանելով: Հետո սկսել եմ պիցցա վաճառել, ապա պատրաստել և այդ ամենն արել եմ իմ ուժերով՝ եղբորս հետ միասին: Միասին ձեռք ենք բերել պիցցերիան և արդեն 8 տարի է՝ այս պիցցերիայի սեփականատերն եմ: Ինձ ասացին, որ ժամը 5-9-ը կզանգահարեն, և պետք է շատ կարճ ժամանակում պիցցա պատրաստեմ: Զանգահարեց Էլենի օգնականը, ում անունը ևս Էլեն է: Ասաց, որ գալիս են իմ հետևից: Այնտեղ պիցցաներով սպասում էի և մտածում էի, որ դրանք նախատեսված են պրոդյուսերների համար: Այդ պահին Էլենը դուրս եկավ: Ասաց՝ ինձ ճանաչո՞ւմ ես, ես Էլենն եմ: Ասացի՝ իհարկե: Ծանոթացանք, ձեռք սեղմեցինք, ասաց՝ երբ ասեմ հետևիցս արի, կգաս: Էլենին հետևեցի և.. արդեն բեմում էի:
-Ի՞նչ զգացիք, երբ գիտակցեցիք, որ Օսկարի դահլիճում եք և պիցցա եք հյուրասիրելու աստղերին:
-Ճիշտն ասած՝ մի քիչ շոկի մեջ էի: Բայց չեմ խառնվել: Երևի տեսանյութերում էլ տեսել եք, որ շատ չեմ խառնվել: Էլենի հետ աստղերին պիցցա հյուրասիրեցինք:
-Ովքե՞ր օգտվեցին. լրատվամիջոցներն անուններ էին նշում. Բրեդ Փիթ, Ջարետ Լետո, Ջուլիա Ռոբերթս, Ջենիֆեր Լոուրենս, Քեվին Սփեյսի…
-Ջուլիա Ռոբերթսը, Բրեդ Փիթը, Դի Կապրիոն չցանկացավ, սոված չէր (ժպտում է): Ու արդեն չեմ հիշում:
-Բրեդ Փիթն իսկապե՞ս օգնել է:
-Բրեդ Փիթը մեր հետևից գալիս էր և օգնում էր ափսեները բաժանել:
-Որևէ հետաքրքիր խոսակցություն աստղերի հետ եղե՞լ է: Ի՞նչն է տպավորվել:
-Երբ Էլենը գումար էր հավաքում, դերասաններից մեկն ասաց՝ կանխիկ գումար չկա, կրեդիտ քարտ է, ասացի՝ ես կրեդիտ քարտ էլ կվերցնեմ: Դա էր հետաքրքիր: Աղմուկը շատ էր, լավ չէի հասկանում, թե ինչ է կատարվում և ուշադիր չէի լսում:
- Իսկ ինչպե՞ս էին արձագանքում:
-Բոլորի համար անակնկալ էր, շատ նորմալ վերաբերվեցին: Տեսանյութը 2 անգամ նայել եմ, բոլորն էլ շատ լավ էին տրամադրված:
-Կա՞ր ինչ-որ մեկը, ում շատ էիք ցանկանում տեսնել և տեսաք:
- Ջուլիա Ռոբերթսն էր (ժպտում է):
-Էդգար, լրատվամիջոցների արձագանքն իսկապես աննախադեպ էր: Հյուրընկալվել էիք CNN-ի տաղավարում: Ո՞ր երկրներից են հետաքրքրվել:
- Հենց հաջորդ օրը առավոտյան Էլենի՝ TheEllenShow-ին եմ հյուրընկալվել, ապա CNN-ից էին հրավիրել: Անկեղծ ասած՝ շատ-շատ տեղերից են զանգահարում՝ ամբողջ աշխարհից: Ավստրալիայից ռադիոյով ուղիղ եթերով եմ զրուցել ՝ իրենց առավոտյան շոուի ժամանակ: Գերմանիայից են շատ զանգահարում, Հնդկաստանից, Արգենտինայից, Բրազիլիայից, Մոսկվայից: Վաղը ևս հրավիրված եմ:
-Ե՞րբ եք տեղափոխվել ԱՄՆ:
-Ես Հայաստանում եմ ծնվել, Մոսկվայում՝ մեծացել: 2004-ին տեղափոխվել ենք ԱՄՆ: Դեռ նոր էինք տեղափոխվել, ես շինարարությամբ էի զբաղվում: 20 տարեկան էի, Մոսկվայում ուսումս կիսատ էի թողել: Այս ընթացքում, սակայն, կրթություն եմ ստացել: Պիցցերիան նոր էր բացվել, ես էլ աշխատանք էի փնտրում, նախ աշխատեցի որպես թուղթ բաժանող: Հետո պիցցա էի բաժանում: Միշտ ուտելիք պատրաստելու մեծ սեր եմ ունեցել: Սկսեցի պիցցա պատրաստել, ապա դարձա մենեջեր, հետո ես ու եղբայրս դարձանք պիցցերիայի սեփականատեր:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան
72157641945946904