▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեր Զորը եկեղեցիների պայթեցման օրինակներից դուրս է

Դեր Զորի մատուռի պայթեցման փաստը դիտարկման առաջին փորձով մի քանի  հայեցակետ է ամփոփում։

Սիրիական պատերազմի սկզբնական շրջանում Դեր Զորը որոշ ավերումներ էր կրել: Սակավ չէին այն մեկնաբանությունները, որոնք պատահածը անպայման թիրախավորված հարձակում չէին նկատում: Այս տեսակետին նպաստում էին նաեւ այն օրերին շրջանում կառավարական եւ հակակառավարական ուժերի միջեւ արձանագրված բախումները, որոնց անմիջական հետեւանքով հայոց եկեղեցին նյութական ծանր վնասներ էր կրել: Սակայն սա միակ մեկնաբանությունը չէր: Կային նաեւ պնդումներ, որ բախումների հետևում թաքնված էր Դեր Զորը թիրախ ընտրելու շարժառիթը, եւ հակառակորդը, թեկուզ այլ ուժի ձեռքով, հարվածում էր ցեղասպանության խորհրդանիշին:

Ուղղակի թիրա՞խ, թե՞ հետեւանք երկվությունը այս դեպքում լրիվ փարատվում է: Խնդիրը կենտրոնանում է գործողության բուն պատվիրատուի կամ պատասխանատուի վրա: Համատարած համոզում է եւ նաեւ բացահայտ ճշմարտություն, որ պայթեցման գործողությունը իրականացնողները Իսլամական պետության զինյալներն են: Եթե մնանք համատարած այս իրողության տրամաբանության վրա, ապա Դեր Զորի պայթեցումը կարելի է դիտարկել ընդհանրապես տարածաշրջանում հրկիզվող, ռմբահարվող, քանդման ենթարկվող քրիստոնեական կենտրոնների եւ եկեղեցիների շարքին: Եւ իբրեւ այդպիսին` պարզապես մի օղակ Միջին Արեւելքի ապաքրիստոնեացման միտող քաղաքականության:

Նման մի դիտարկում, իր պարզագույն վիճակում, ծխածածկույթ է առաջացնում Դեր Զորի մատուռի պայթեցման հավանական շարժառիթների վրա:

Այսպես. դեռեվս Դամասկոս-Անկարա մերձեցման օրերին, նախագահ Սարգսյանը այցելեց Դեր Զոր եւ այդտեղ կատարված հայտարարություններով պարզ դարձրեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին պատկերացում կար եւ դրա հիման վրա ծրագիր, Դեր Զորին ապահովելու միջազգային հնչեղություն: Դեր Զորը պիտի ներառվեր 100-ամյա տարելիցի առիթով կազմակերպվելիք ձեռնարկների հիմնական շարքում: Դեր Զորի համեմատումը Օսվենցիմի հետ Դեր Զորի միջազգայնացման հստակ նախադրյալ էր ենթադրում:

Տեր Զորը, ուրեմն, իր մատուռի հանգամանքից անկախ, իբրեւ Հայոց ցեղասպանության պետական գործողության կարեւորագույն միջավայր, չի կարելի  դիտարկել իբրեւ տարածաշրջանում եկեղեցիների ոչնչացման մի օղակ:

Դեր Զորի մատուռի պայթեցման փաստը դուրս բերելով զուտ կրոնական պարունակից, այստեղ է, որ շարժառիթի հավանականությունների վերլուծում կատարողի հայացքը ուղղվում է Անկարայի վրա, որը այլապես էլ նման գործողություններ կատարողներին ապաստան է տալիս, ֆինանսավորում, զինում  եւ անարգել թափանցման ուղիներ հարթում: Սա ա՛յն Անկարան է, որը միջազգային ահաբեկչության դեմ Արեւմուտքի հայտարարած կիսապատերազմին իսկ չուզեց մասնակցել` տարբեր պատրվակներ որոնելով: Այ՛ն Անկարան է, որը դեպի Քեսաբ անարգել եւ անապահով անցքեր տրամադրեց միեւնույն այդ տարրերին:

Հայ քաղաքական միտքը շատ տատանումների կարիք չունի Դեր Զորը  տարածաշրջանի քրիստոնեական կենտրոնների ոչնչացման շարքից դուրս բերելու եւ քաղաքական շարժառիթը չնկատելու: Հայկական կողմը լիարժեք պետք է աշխատի պատահածի նկատմամբ դատապարտման ալիքի բարձրացման եւ նաեւ բովանդակային խնդիրների շեշտադրումները ճշտելու ուղղությամբ: Այստեղ հարվածվել է ամբողջ մի ազգի ցեղասպանության կենդանի վկայարանը, 100-րդ տարելիցի փուլին: Ի վերջո աշխարհը ի՞նչ գնահատական կտար հրեական Ողջակիզման կենդանի վկայարան Օսվենցիմի պայթեցման փաստին:

Իսլամ ծայրահեղականության կողմից գործադրվող բարբարոսություններից շատ ավելին են կատարվածի հետևում կանգնած շարժառիթները: Հայկական կողմը, դիվանագիտական անձնակազմերով, զանգվածային լրատվամիջոցներով, հասարակական բոլոր մակարդակներով համաշխարհային դատապարտման ալիքի բարձրացման ապահովման անհրաժեշտության առջեւ է: Դեր Զոր պայթեցնելը հավաքական հիշողության կորստի, ժխտողականության եւ ցեղասպանության շարունակականության միտող քաղաքական գործողություն է:

Անկարան դիմափոխել է իր վարքագիծը: Արեւմտահայաստանի եկեղեցիները նախապես պայթեցվում էին. հիմա նորոգվում են: Պայթեցումները տեղափոխվել են Թուրքիայից դուրս, այլոց ձեռքով. նույն ներշնչմամբ, նույն մտայնությամբ:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին