Ես դեմ եմ գազի պայմանագրին,ոչ թե նրա համար, որ մեզ ստրկացնում են կամ զրկում են ինքնիշխանությունից:
Ինքնիշխանությունից մեզ զրկեցին հեռավոր 95-ին, երբ ստորագրվեց ռուսական բազայի տեղադրման պայմանագիրը, երբ մեր երկրի սահմանների մի մասը սկսեց պաշտպանել ռուս զինվորը: Ինքնիշխանությունից մեզ զրկեցին 96-ին, երբ առաջին անգամ ժողովրդին ասվեց,որ ում էլ նա ընտրի, միևնույնը կնշանակեն ում կուզեն:
Ինքնիշխանությունից մեզ զրկեցին,,երբ սովորեցրին հինգ հազարով ձայն առնել, ինքնիշխանությունից մեզ զրկեցին երբ ստիպեցին կամ ուղղակի գնեցին մեր պաշտոնյաներին` պարտադրելով միանալ տարբեր տիպի կոնվենցիաներին, երբ ստորացուցիչ պայմաններով ընդունեցին Միջազգային առևտրային կազմակերպության շարքերը:
Ինքնիշխանությունից մեզ զրկեցին, երբ վաճառվեց մեր ոսկու պաշարը, երբ տարիներ շարունակ թալանեցին Խորհրդային միությունից մնացածը:
Ինքնիշխանությունից մեզ զրկեցին, երբ մոռանալու են տալիս Ասկոլկային ու Ազգալդյանին, երբ ազատամարտիկին կանգնեցրին հացի գումար հայթայթելու խնդրի առաջ:
Ինքնիշխանությունից մեզ զրկեցին, երբ արգելեցին մտնել Միրբաշիր ու Նաֆթալան, երբ այդպես էլ չվերաբնակեցրին Արցախի ազատագրված հողը, երբ սկսեցին համոզել, որ թուրքը արդեն փոխվել է:
Եվ վաղը որևէ աշխարհի վերջ տեղի չի ունենալու: Շարունակական գործընթաց, որը տեղավորվում է վերջին տասնամյակների տրամաբանության մեջ: Կլինեն մի քանի հարյուր բողոքող, մի քանի հարյուր ոստիկան ու մի քանի տասնյակ լրագրող: Մի քանիսին կտանեն ոստիկանություն, մի քանի յութուբի ռոլիկ, մի քանի տասնյակ ջղային ստատուս, քֆուր և.... Եվ կյանքը էլի կընթանա իր հունով, մինչ նոր ցնցող, սոսկալի և աղաղակող երևույթը:
Չեմ ուզում որևէ մեկին ուղղություն տալ, ոնց շարժվել կյանքում, բայց միթե քսան տարվա փորձը ցույց չի տալիս, որ բողոքի բոլոր ալիքները գեղեցիկ ձևով մարվում են Բաղրամյան փողոցում: Որ գլոբալ խնդիրը տանելով նախագահականի մոտ այնտեղ էլ այն թաղում ես:
Որ լավ քաղաքացի երևալու համար, այդպես էլ բուն խնդիրը չես լուծում : Ու որ նույն իշխանությունը քսան տարի վերարտադրվելով սովորել է կառավարել բոլոր այս , սիամական երկորյակների իրար նման բողոքի ակցիաները:
Հ.Գ. Պայմանագրին դեմ եմ, քանի որ այնտեղ տիրում է բացարձակ տգիտություն: Ոչ թե ստրկություն կամ դավաճանություն, այլ բացարձակ անտեղյակություն: Զգացվում է որ հայկական կողմից ստորագրողը անտեղյակ է թե ինչ է այնտեղ գրված: Նույն տպավորությունն ունեի հայ-թուրքական համաձայնագրերից:
Հ.Հ.Գ. Նախորդ տարվա համեմատ խիստ կրճատել եմ այն գումարները, որ մուծում էի գազիմսպառման համար: Համարյա երկակի: Բավականին շատ ջերմության կորուստ էի տալիս, որ հիմա չեմ անում: Չեմ ուզում ավել վճարել անորակ և անիմաստ թանկ բաների համար: Այդպես էլ չհասկացա ինչպես է նույն կազմակերպությունը 189 դոլարով ինքն իրենից առնում և այնուհետև 380 դոլարով իմ վրա վաճառում է նույն ապրանքը: Դրա համար էլ մաքսիմալ մինիմումի եմ հասցնելու սպառումը: Մինչև հասկանամ:)
Nothing personal, Gazprom, just business