▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեդ Հասանն այցելելու էր Երևան, սակայն չհասցրեց...

Երեկ Մոսկվայի կենտրոնում՝ Պովարսկայա փողոցի ռեստորանի մոտ սպանվել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան): Նա չհասցրեց ներկա գտնվել իր մերձավորագույն հայ բարեկամ, քրեական հեղինակություն Սվո Ռաֆի (Ռաֆայել Բաղդասարյան) մահվան 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

«Առաջին լրատվական»-ն է գրում այս մասին ու նշում, որ իր  տեղեկություններով՝ քրեական հեղինակությունները պետք է Երևան ժամանեին հարգանքի տուրք մատուցելու իրենց ընկերոջ հիշատակին:

Նաև նշվում է, որ Սվո Ռաֆի մահվան 20-րդ տարելիցի միջոցառումներին իր մասնակցությունն ունենալու նպատակով Հայաստան կատարելիք իր այցը Դեդ Հասանը համաձայնեցրել էր ՀՀ իշխանությունների հետ, որպեսզի իր մուտքը Հայաստան չխոչընդոտվի:

Հայ քրեական հեղինակություն Սվո Ռաֆն, ով մահացել էր 1993-ականների սկզբին՝ Մոսկվայի բանտերից մեկի հիվանդանոցում, Դեդ Հասանի մտերիմն էր։ Նրա հետ Դեդը ոչ միայն ճանապարհ էր անցել, այլև նրա ազգականն էր, քանի որ նրանց կանայք քույրեր էին: Ասլան Ուսոյանի դերակատարությունը մեծ էր նաև Ռաֆայել Բաղդասարյանի դին Երևան տեղափոխելու և թաղման ողջ արարողությունը կազմակերպելու գործում:

1993 թ., երբ հողին հանձնվեց Խորհրդային Միության քրեական աշխարհի լեգենդներից մեկը` Սվո Ռաֆը, «մութ ու ցուրտ» Երևանում երեք օր հոսանք տրվեց, քանի որ «օրենքով գող»-երը Հայաստան մեծ քանակությամբ մազութ էին բերել:

Ըստ որոշ տեղեկությունների՝ հնարավորության դեպքում ազգությամբ եզդի Դեդ Հասանն այցելում էր Հայաստանում Սվո Ռաֆի գերեզմանին և մասնակցում նրա մահվան տարբեր տարելիցներին նվիրված միջոցառումներին, սակայն այս անգամ նա չհասցրեց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին