ASEKOSE.am–ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է երգիչ Դավիթ Ամալյանը:
-Յուրաքանչյուր հասուն մարդ հաճախ է հիշողություններով հայտնվում մանկության աշխարհում: Իսկ Դուք, այնտեղ հայտնվելով, ի՞նչ տպավորիչ դեպք կհիշեք:
-Մանկությանս հիշողությունները շատ տպավորիչ են: Կառանձնացնեմ երևի թե այն, երբ փոքր ժամանակ ամանորյա օրերին գյուղ էինք գնում, նաև` տոնածառը զարդարելու գործընթացը:
-Ասում են` կյանքն արիություն է պահանջում: Համամի՞տ եք այս մտքի հետ, ու ո՞րն է «արիության» Ձեր բնորոշումը:
-Կարծում եմ` բարությունն ու անկեղծությունը:
-Ինչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել և զվարճացրել են Ձեզ:
-Շատ ազդեցիկ ասեկոսեներ իմ մասին ինձ չեն հասել, բայց հասածներին էլ հումորով եմ վերաբերվում ու անտեսում հիմար խոսակցությունները:
-Ձեր խառնվածքի ո՞ր գիծն է ամբողջովին բնորոշում Ձեզ:
-Անփոփոխ մնալս: Կյանքի որևէ դրվագում չեմ փոխվում, նույնն եմ յուրաքանչյուր իրավիճակում: Երբևէ ազդեցության տակ չեմ ընկնում, այսինքն` ինքս ինձ երբևէ չեմ խաբում:
-Ձախողումն այն գինն է, որ մենք վճարում ենք հաջողության հասնելու համար: Ինչպե՞ս է պայքարում Դավիթ Ամալյանը ձախողումների դեմ:
-Ձախողումները ինձանից հեռու չեն ու միշտ հետապնդում են ինձ: Բայց դա ինձ չի հիասթափեցնում. ես շարունակում եմ ապրել` փորձելով հաղթահարել դրանք: Այն, ինչ ես ունեմ, համարում եմ ձեռքբերում ու դրանով երջանիկ եմ. այն մթնոլորտը, որը ստեղծվել է իմ շուրջ, մարդիկ, իմ սիրած մասնագիտությունը: Ազատ ու անկախ մարդ եմ ու դրանով երջանիկ եմ:
-Նակամուրան իր ստեղծագործություններից մեկում գրում է` «Դատարկությունը նույնիսկ տեսնել հնարավոր չէ»: Երբևէ «հայտնվե՞լ եք դրանում»:
-Լինում են, ինչո՞ւ չէ: Այն, որ երբեմն հոգնում ես մենակությունից, դա դատարկությունն է: Անորոշությունից է գալիս ամեն ինչ... Բայց ընկերներս չեն թողնում, որ ես երկար մնամ դատարկության մեջ, քանի որ դատարկությունն ի վերջո դեպրեսիայի է հանգեցնում:
-Կոկո Շանելը մի առիթով ասել է` ինձ հետաքրքիր չէ ձեր կարծիքն իմ մասին, ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում: Իսկ ի՞նչ դեր ունի դիմացինի կարծիքը Ձեզ համար:
-Նայած թե ով է դիմացինս: Չնայած` սիրում եմ լսել ուրիշների կարծիքները, դրանք ինձ համար շատ կարևոր են:
-Կյանքը պայքար է… իսկ հանուն ինչի՞ է Ձեր պայքարը:
-Հանուն ապրելու: Ապրելու մեջ ամեն ինչ ամփոփվում է: Առանց սիրելու ապրել հնարավոր չէ, առաց ապրելու` սիրել: Ինձ համար ապրելը ստեղծագործելն է:
-Ինչի՞ն կամ ո՞ւմ եք առավել հաճախ կարոտում…
-Կորցրածս մարդկանց` ծնողներ, ընկերներ, այսինքն` նրանց, որոնց այսօր ֆիզիկապես տեսնելու հնարավորություն չունեմ:
Երբ որ այստեղ չեմ լինում, հայրենիքս եմ կարոտում: Կարոտում եմ նաև մանկությունս:
- Եթե կարողանայիք Ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ հիշողություն, ո՞րը դա կլիներ:
-Ոչ մի բան: Դժվար ապրած օրերս ևս ինչ-որ արժեք ունեն: Հիմա որ թվարկեմ` ինչքա՜ն կորուստներ եմ ունեցել, որ կցանկանայի ջնջել...
- Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր Ձեր հիշողությունից:
-Ամբողջ կյանքս: Ինձ համար ոչ մի բան անհետաքրքիր չէ, ու ոչ մի բան ավելորդ չէ:
-Մարդիկ, առանց որոնց Ձեր կյանքը չեք պատկերացնում:
-Ընկերներս: Նշեմ, որ ընկերներ ասելով` ի նկատի ունեմ մարդկանց, ում հետ շփվում եմ, որոնց մեջ մտնում է իմ ընտանիքը` քույր, կին, երեխաներս և այլն: