Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2015 թ. հունիսի 16-ին «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործերով միաժամանակյա վճիռ կայացրեց՝ արձանագրելով, որ Հայաստանը և Ադրբեջանը խախտել են փախստականների իրավունքները, որոնք լքել էին իրենց տները Արցախյան հակամարտության ժամանակ:
Սակայն, Ադրբեջանի պետական պաշտոնյաներն ապակողմնորոշել են իրենց քաղաքացիներին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը հաղթել է, իսկ Հայաստանը՝ պարտվել:
Ահա երկու դատական գործերի մանրամասները. 2005 թ. ապրիլի 6-ին վեց ադրբեջանցի քրդեր համատեղ բողոք էին ներկայացրել Եվրադատարան ընդդեմ Հայաստանի: Նրանք պնդել էին, որ 1992 թ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ ստիպված էին լքել իրենց տները, երբ հայկական զորքերը հարձակվել էին Լաչինի վրա, որը Հայաստանը բաժանում էր Արցախից: Ադրբեջանցի փախստականները պնդել էին, որ Հայաստանը խախտել էր Եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրենց իրավունքները. 1) սեփականության պաշտպանություն, 2) անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք, և 3) արդյունավետ հատուցման իրավունք:
2006 թ. օգոստոսի 11-ին Մինաս Սարգսյանը նմանատիպ մի բողոք ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Բաքվի: Նա հայտարարեց, որ Ադրբեջանը խախտել է իր իրավունքները, նույն իրավունքները, որոնց մասին պնդում էին վեց ադրբեջանցի փախստականները, քանի որ նա ևս 1992 թվականին ստիպված էր փախչել Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից, որը վերահսկվում է Ադրբեջանի կողմից:
Երկու կողմերն էլ խնդրել էին վերականգնել իրենց սեփականության իրավունքը և պահանջել արդար փոխհատուցում:
2010 թ. մարտին, մի քանի տարվա անգործությունից հետո, Դատարանը երկու գործերը հանձնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի քննությանը, որը կազմված է 17 դատավորներից՝ Հայաստանից, Անդորրայից, Ադրբեջանից, Խորվաթիայից, Կիպրոսից, Իսլանդիայից, Իտալիայից, Իսպանիայից, Լատվիայից, Լիխտենշտեյնից, Լիտվայից, Լյուքսեմբուրգ, Մոնակոյից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Սլովենիայից և Ուկրաինայից: Մեծ պալատի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:
Այս գործերն առաջին անգամ դատարան ներկայացվելուց մեկ տասնամյակ անց Մեծ պալատը 2015 թ. հունիսի 16-ին երկու միանման դատավճիռ կայացրեց՝ համարելով, որ Հայաստանը և Ադրբեջանը խախտել էին միմյանց փախստականների իրավունքները: 221 էջից բաղկացած ծավալուն փաստաթղթում, ներառյալ երկու դատավճիռները և հակասող ու համընկնող տեսակետները, Դատարանը որոշեց, որ 20-ամյա խաղաղ բանակցությունները չեն ազատում երկու երկրների կառավարություններին հարյուր հազարավոր փախստականների իրավունքները պաշտպանելու իրենց պատասխանատվությունից: Մեծ պալատը նշեց, որ Դատարանում ընթացքի մեջ են ավելի քան հազար անհատական դիմումներ, որոնք ներկայացվել են Արցախյան հակամարտության ժամանակ տեղահանված հայերի և ադրբեջանցիների կողմից:
Վեց ադրբեջանցի հայցվորները պնդում են, որ իրենք կրել են 9 միլիոն դոլարի վնաս և 330 հազար դոլարի ոչ դրամական վնասներ: Նրանք իրենց դատական ծախսերը գնահատել են մոտ 65 հազար դոլար 2013 թ. հոկտեմբերի դրությամբ: Ադրբեջանցի հայցվորների ներկայացուցիչները պահանջում են փորձագետ նշանակել իրենց հաճախորդների կրած ընդհանուր վնասը գնահատելու համար:
Մյուս կողմից, հայցվոր Մինաս Սարգսյանը փոխհատուցում է պահանջել իր ունեցվածքի դիմաց, ներառյալ իր տուն վերադառնալու իրավունքը: Նա 415 հազար դոլարի դրամական վնասի և 210 հազար դոլարի ոչ դրամական վնասի պահանջ է ներկայացրել՝ ի լրումն չնշված դատական ծախսերի:
Դատարանը, ընդունելով այս երկու գործերի «բացառիկ բնույթը», վերջնական որոշում չի կայացրել փոխհատուցման գումարի կամ «արդարացի գոհացման» վերաբերյալ: Մեծ պալատը խնդրել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններից և համապատասխան հայցվորներից 12 ամսվա ընթացքում «գրավոր ներկայացնել իրենց դիտողություններն այս հարցի վերաբերյալ» և «ծանուցել Դատարանին ձեռքբերված ցանկացած համաձայնության մասին»:
Ըստ իս, Եվրադատարանի զուգահեռ որոշումները նպատակ ունեին ճնշում գործադրելու երկու երկրների կառավարությունների վրա՝ արագացնելու համար խնդրի կարգավորումը բանակցությունների միջոցով, որը կարող է լուծել մնացած բոլոր հարցերը, այդ թվում՝ փախստականների իրավունքները:
Այս դատական գործերի առավել կարևոր, բայց անսպասելի արդյունքներից էին երկու գրավոր տեսակետները, յուրաքանչյուրը բաղկացած 25 էջից, որոնք դատավոր Պաուլո Պինտո դը Ալբուկերկեն (Պորտուգալիա) կցել էր Դատարանի վճռին՝ ներկայացնելով շատ լուրջ իրավական հիմքեր Արցախի անկախության համար. «Որևէ ժամանակ, երբ երկրի բնակչության մի մասը ներկայացված չէ իր կառավարության կողմից և բնակչության իրավունքները շարունակաբար խախտվում են իր սեփական կառավարության կողմից... զոհ դարձած բնակչությունը «որպես մի վերջին միջոց կարող է դիմել ապստամբության ընդդեմ բռնակալության և ճնշումների»՝ ըստ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանի հզոր ձևակերպման»: Դատավորը նաև գրել է, որ երբ պետությունը շարունակաբար ոտնահարում է իր կազմից դուրս եկած բնակչության իրավունքները, ապա մեկ այլ պետության համար օրինական է ռազմական գործողության ձեռնարկումը՝ ի նպաստ անջատված բնակչության, վերջինիս կողմից իր տարածքում վերահսկողություն հաստատելուց և իր անջատումը հռչակելուց հետո:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի