▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չուժոյ պախմել». «Ժողովուրդ»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  երեկ հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր` ոլորտային պատժամիջոցների սահմանման մասին: Նա առանձնացրել է երեք հիմնական ոլորտները. «Էներգետիկա, զենք եւ ֆինանսներ: Մենք արգելափակում ենք  որոշակի արտադրանքի  արտահանումը, ընդարձակում ենք  պատժամիջոցների  ցանկում ընդգրկված  բանկերի եւ ռազմաարդյունաբերական ընկերությունների թիվը, պաշտոնապես սառեցնում ենք  դեպի Ռուսաստան արտահանումը խրախուսող վարկերն ու արգելափակում ռուսական  տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը: Այս ամենի հետեւանքով  մոտ հարյուր միլիարդ  դոլար  դուրս կգա երկրից, ինչից Ռուսաստանի՝ առանց այդ էլ թույլ տնտեսությունն է՛լ ավելի կթուլանա»,-հայտարարել է Օբաման` սպառնալով. «Ռուսաստանը կզգա պատժամիջոցների ցավը»:

Ի պատասխան` Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ԱՄՆ պատժամիջոցները գնահատել է հակաօրինական եւ անիհիմն: Արդեն իսկ հայտնի է, որ ի թիվս ԵՄ առաջատար երկրների, Ռուսաստանի դեմ  սահմանվող պատժամիջոցներին միանալու պատրաստակամություն է հայտնել նաեւ Նորվեգիան, որը, չլինելով ԵՄ անդամ եւ ունենալով ՌԴ հետ բավականին սերտ  ռազմական եւ տնտեսական համագործակցություն, արդեն իսկ հայտարարել է այդ բոլոր ծրագրերը դադարեցնելու մասին:

Այսպիսով` ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը գնում է միջազգային մեկուսացման` այդտեղից բխող բոլոր  հետեւանքներով: Դրանք  խիստ բացասական են լինելու առաջին հերթին Հայաստանի համար, որի տնտեսության գերակշիռ մասը  գտնվում է ռուսների տնօրինության տակ: ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները  լրջորեն հարվածելու են Հայաստանի տնտեսությանը միանգամից մի քանի ուղղություններով: Նախ` շեշտակիորեն կկրճատվեն ՌԴ-ից Հայաստան ուղղվող դրամական փոխանցումները, բացի այդ`  ՌԴ-ում սոցիալական վիճակի լարման հետեւանքով  (ինչն անխուսափելի է դառնալու կիրառվելիք պատժամիջոցների արդյունքում)  ՌԴ-ում ապրող ավելի քան երկու միլիոն հայերի զգալի մասը կարող է զրկվել աշխատանքից, եւ նրանց` Հայաստան վերադարձը կարող է հանգեցնել սոցիալական պայթյունի: Ինչ  վերաբերում է Հայաստանի ներսում  կատարվելիք փոփոխություններին, ապա   արդեն հայտնի է, որ պատժամիջոցները կիրառվելու են նաեւ «Գազպրոմբանկ»-ի, «Ռոսնեֆտ»-ի  եւ «ՎՏԲ բանկ»-ի նկատմամբ, որոնք  լայնածավալ գործունեություն են իրականացնում Հայաստանում: 

Այս ամենը լրջագույն տնտեսական մարտահրավերներ են, որոնց դիմագրավելու` ՀՀ իշխանությունների ռեսուրսները զրոյական են: Ստացվում է, որ ինքնամոռաց կերպով ռուսների գիրկը նետված Հայաստանը` դեռ չտեսած Մաքսային միության տնտեսական օգուտները, ստիպված է լինելու  քաղել  պատժամիջոցների դառը պտուղները, ինչպես ռուսներն են ասում` «չուժոյ պախմել»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին