«Շատ երկար սպասված երգ է: Հորս համար եմ երգել, ու հատուկ հորս համար եմ գրել»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասել է երգիչ, դերասան Ավո Ադամյանն, ով ներկայացրել է նոր երգ ու տեսահոլովակ՝ «Շնորհակալ եմ, պապ»:
«Առաջին անգամ այս երգը երգել եմ նրա ծննդյան օրը՝ մայիսի 16-ին, ցավոք տեսահոլովակի ժամանակ չունեի, երկրից մեկնելու էի, բայց երազում էի, երբ է գալու այդ օրը: Սա ավելի շատ երգի 2-րդ մասն է: Ես և տաղանդավոր ընկերս՝ Իսրայելյան Մաշը մի զուգերգ ունեցանք՝ «Պապա», որը շատ սիրվեց: Բայց, քանի որ այդտեղ ասելիքը քրոջս հետ էր, ես որոշեցի մենակ անել, ու հորս իմ շնորհակալությունն ասել: Ու ծնվեց «Շնորհակալ եմ, պապ» երգը:
Երաժշտության հեղինակն ու գործիքավորումն արել է տաղանդաշատ երգահան և գործիքավորող Գևորգ Հովհաննիսյանը, բառերի հեղինակը՝ Սյուզի Ավդալյանը, տեսահոլովակի ռեժիսորն ու օպերատորը իմ տաղանդավոր ընկեր Տիգրան Ավետիսյանն է, միասին ենք արել»,- մեզ հետ զրույցում պատմեց Ավո Ադամյանը:
Տեսահոլովակում նկարահանվել է ՀՀ Վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը: Երգչի խոսքով՝ նախորդ տեսահոլովակում ևս հոր դերը մարմանվորել է Հարություն Մովսիսյանը:
«Ուզում էի երգում ու տեսահոլովակում հոր և որդու փոխհարաբերությունները ցույց տալ, թե ինչպես կարող են հայր ու որդի իրականում ընկերներ լինել, իրար հասկանալ կես խոսքից: Այսօր հաճախ ամեն ինչ վերջանում է, նոր արժեքն են կարևորում: Երգում ուզում էի ցույց տալ, թե ինչպես կենդանության օրոք պիտի հայր ու որդի կարողանան միմյանց հետ շփվեն, իրար սիրեն, հարգեն ու հասկանան, այդ թվում՝ շնորհակալ լինեն:
Երգը ցույց տվեցի Հարություն Մովսիսյանին, ասաց՝ «Այս ի՜նչ ես արել»: Հրավիրեցի մաեստրոյին, ու թե ոնց է մարմնավորել հոր դերը, ես ուղղակի ցնցված եմ: Տեսահոլովակի երեխաները եղբորս ու քրոջս երեխաներն են, նրանք նաև երգում են: Երգը կոմերցիոն նպատակ չունի, արված է հենց հատուկ հորս համար»,- եզրափակեց Ավո Ադամյանը:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝