▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չմաքրվողը. «Ժողովուրդ»

Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, նախօրեին «Ռ Էվոլյուցիա» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով Մատաղիսի գործով ՄԻԵԴ կայացրած վերջին վճռին, որով բավարարվեց նախկինում ցմահ դատապարտված, ապա 2012թ ՀՀ դատարանի կողմից արդարացված 3 երիտասարդների հայցը, հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով: Նախ` վերստին հայտարարել է, թե շարունակում է արդարացված 3 երիտասարդներին համարել մարդասպաններ, ապա՝ շարունակել.«Լավ, 3 տարի անցել է, եթե այդ երիտասարդները չէին, ապա ովքե՞ր էին, ինչո՞ւ չի բացահայտվում, ինչո՞ւ այս իրավապաշտպանները, որ այսպես աղմուկ են բարձրացնում, թե՝ հաղթել ենք, ՀՀ-ին հաղթել ենք, բա ինչո՞ւ չեն պաշտպանում այդ զոհերի իրավունքները: Դուք երբեւիցե լսե՞լ եք, որ որեւէ իրավապաշտպան պաշտպանի այդ երկու երիտասարդների շահերը»: Մտածել, որ Ջհանգիրյանը չի լսել, որ, օրինակ, նույն արդարացված երիտասարդների պաշտպան Հայկ Ալումյանն ամեն առիթով բարձրաձայնում է Մատաղիսի սպանությունների բացահայտման խնդիրը, դժվար է: Նույնքան դժվար է հավատալ, թե Ջհանգիրյանը տեղյակ չէ, որ սպանված երիտասարդներից Ռոման Մնացականյանի ծնողները, որոնց անունից նա, ի դեպ, այդ հաղորդման շրջանակներում հայտարարություններ էր անում, վերջերս ասել են, որ իրենց հիմա միայն Հ. Ալումյանն է օգնում: Իսկ, այ Ջհանգիրյանի անունը նրանք, չգիտես ինչու, չեն տվել: Չնայած դրան, նախկին զինդատախազը ասում է.«Այս 3 երիտասարդներից /որոնք նրա «թեթեւ ձեռքով հանիրավի դատապարտվել էին/ մեկն այսօր իրավապաշտպան գործունեությամբ է զբաղված, մի՞թե այդ գործը չպետք է լիներ նրա կյանքի գործը, որ նա կարողանար ապացուցել, օժանդակեր, նպաստեր իրական սպանողներին բացահայտելուն: Բա ինքը պետք է մաքրվի, չէ՞, ի վերջո»: Սա արդեն ուղղակի ցինիզմի դրսեւորում է, երբ մարդը, ում անմիջական ղեկավարությամբ երեք երիտասարդներ հանիրավի ցմահ դատապարտվել են, ապա հենց նույն ՀՀ դատարանի կողմից արդարացվել, նաեւ հաղթել ՄԻԵԴ-ում, դեռ մի բան էլ խոսում է այդ երիտասարդներից մեկի «մաքրվելու» մասին: Լավ, բա ինքը ինչու քայլեր չի ձեռնարկում «մաքրվելու» համար: Իրականում ոչ թե այդ երիտասարդը` Ա. Զալյանը, «մաքրվելու» խնդիր ունի, այլ ինքը` նախկին զինդատախազը, որի անմիջական մասնակցությամբ զինվորների խոշտանգումների մասին մամուլում առկա են բազմաթիվ հրապարակումներ: Ընդ որում, սրա հետ կապված Ջհանգիրյանը բավարարվում է` «ես հիմա չեմ արդարանալու» ասելով ու հերթական ցնցող հայտարարությունն անելով.«Ընդունում եմ, որ շատերը կային, որ արժեր դատել, ու ես չեմ դատել, բայց որեւէ անմեղ մարդու երբեք քրեական պատասխանատվության չեմ ենթարկել»: Իր այս հայտարարությամբ Ջհանգիրյանը, փաստորեն, խոստովանում է, որ «աչքաչափով» է որոշել, ում «արժի դատել», ում` ոչ: Իսկ թե այդ «արժեր»-ը ինչքան արժեր, դա էլ արդեն ինքը կիմանա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին