ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, որ իր երկիրը հասցրել է ռազմական աննախադեպ հզորության, կերտել իր երկրի հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմում, մահվանից առաջ կնոջը՝ Էլեոնորա Ռուզվելտին խոստովանել է, որ որպես նախագահ ամենաշատը հպարտանում է նրանով, որ երկարատեւ պաշտոնավարման ընթացքում ոչ մի անգամ ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ ուժ չի գործադրել, ուժի դիրքերից չի խոսել ընդդիմադիրների եւ քաղաքական հակառակորդների, նույնիսկ «բունտարների» հետ:
Ընդ որում՝ նկատի է ունեցել նաեւ, այսպես ասած, օրինական ուժի գործադրումը: Եղել են դեպքեր, երբ թվացել է, թե դա միակ ելքն է, բայց Ռուզվելտը դրան չի գնացել ու կյանքի մայրամուտին դա համարել է իր ամենամեծ ձեռքբերումը:
Հայաստանում, ցավոք, երբեք չի եղել այսպիսի իշխանություն: Բոլոր իշխանությունները եւ՛ ուղղակիորեն, եւ՛ կրիմինալի միջոցով ուժ են գործադրել քաղաքական հակառակորդների, սեփական քաղաքացիների նկատմամբ:
Իմ ընկալումը հետեւյալն է՝ չկա ավելի եղկելի բան, քան քաղաքական հակառակորդների, ընդդիմախոսների հետ ուժի դիրքերից, ուժի լեզվով խոսելը: Հայաստանին պետք չէ՛ այսպիսի իշխանություն, Հայաստանին պետք չե՛ն այսպիսի լիդերներ: Ո՛չ բռնությանը: