Թուրքիան մի քանի ճակատով՝ դիվանագիտական, քարոզչական, տեղեկատվական մակարդակներով պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ նախագահ Էրդողանն ապրիլի 24-ին որոշել է միջոցառում կազմակերպել՝ Դարդանելի ճակատամարտի (Չանաքքալեի պատերազմ) 100-րդ տարելիցին նվիրված, ինչի առիթով հրավիրել է աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին: Հրավեր ստացել է նաև ՀՀ նախագահը:
Իսկ, թե ինչո՞ւ ապրիլի 24-ին և ի՞նչ է ուզում Թուրքիայի նախագահն ասել այս քայլով, թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նկատում է.
«Դարդանելի ճակատամարտում, իհարկե, ապրիլի 24-ը որևէ նշանակալի օր չէ և շատ հստակ է ու պարզ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ապրիլի 24-ը որպես այդ ճակատամարտի 100-ամյակ նշելը կապված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ։
Էրդողանի այս որոշումը ցինիզմ է և անարգանք` 1,5 մլն կոտորված հայերի հիշատակին»։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանին ուղարկված հրավերի պատասխան նամակին՝ թուրքագետը նշեց, որ Հայաստանի նախագահի արագ պատասխանը սպասելի էր ու տեղին.
«Պատասխանը թեև երկար էր, սակայն բավականին հիմնավոր և դիպուկ։ Պետք է առանձնացնել նաև պատասխանի հետգրությունը, որն ամենաշատն է մեջբերվում թուրքական մամուլում։ Այն է՝ հայերի մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու։ Թուրքական կողմը նման պատասխան ստանալը չէր հաշվարկել»։
Անի Կարապետյան
Կարդացեք նաև՝ Այս պատմությունը պետք է դառնա առաջիկա ամիսների մեր ուղերձներից մեկը.Թուրքագետ