Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի «անակնկալ» արդյունքները շարունակում են զարմացնել:
Ակնկալվող արդյունքնները, կանխատեսումներն ու բոլոր վարկածները միանգամից ի դերև ելան, երբ ՀՀ մշակույթի նախարարոթյան հաղորդագրությունը ծանուցեց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր տնօրենի՝ հանրությանն անհայտ, անծանոթ, կենսագրություն չունեցող, ոչինչ չասող անունը:
Ո՞վ է նա. առաջին տրամաբանական հարցն անպատասխան մնաց. նույնիսկ ամենակարող համացանցը չօգնեց…
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Ռոբերտի Արզումանյան. Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, դիվանագետ , արաբագետ, վերջին տասը տարիներին՝ Եգիպտոսում ռուսական մշակույթի կենտրոնի ղեկավար. ահա այն ամենը, ինչ հայտնի է նորընծա տնօրենի մասին:
ASEKOSE.am-ի թղթակիցը աղմկահարույց ընտրությունների թեմայով զրուցել է հարցազրույցի փուլը հաղթահարած՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի և թատերագետ Լևոն Մութաֆյանի հետ.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ մշակությի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյան.
- Ելնելով աշխատանքային էթիկայի կանոններից՝ առաջին մարդը, ում հետ քննարկել եմ իմ թեկնածությունն առաջադրելու հարցը, եղել է ՀՀ Մշակույթի նախարարը, քանի որ ես նաև նախարարության աշխատակից եմ: Գնացել եմ նախարարի մոտ, ասել եմ՝ տիկին նախարար, ես ծանոթացել եմ հայտարարությանը և ուզում եմ թեկնածությունս առաջադրել: Նաև խոսել եմ առաջադրվելու տրաբամանության մասին: Ամբողջ իմ կյանքի տրամաբանությունն այն է եղել, որ ես աշխատել եմ մշակույթի ոլորտում: Իմ պաշտոնով, հիմնարկի իրավական տեսակով ես հավասար եմ օպերայի տնօրենին: Դրանից բացի՝ ես ՀՀ միակ պետական երաժշտական կազմակերպության տնօրենն եմ: Այսինքն՝ տրամաբանություն կար, որ ես ցանկություն հայտնեի լինել օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն: Երբեք չի նշվում, բայց ես գիտությունների թեկնածու եմ, դասավանդում եմ երեք համալսարաններում՝ այդ թվում՝ Կոմիտասի անվան պետական կոսներվատորիայում: Դոցենտ եմ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հանրային խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախագահ: Այսինքն՝ առկա էին բոլոր նախադրյաները, և դիմեցի նախարարին: Նախարարն ասաց, որ ոչ մի խնդիր չկա, լինելու է բաց, թափանցիկ, արդար մրցույթ, հաշվի են առնվելու բոլոր չափանիշները: Սակայն չկար արդարություն, ավելին՝ նախապես պայմանվորվածություն կար՝ թե այդ մարդու, թե հանձնաժողովի անդամների հետ: Հանձաժողովի անդամների ով լինելն է ինձ ասում այդ մասին: Երեք անդամ Կոսներվատորիայից էին՝ այդ թվում՝ հանձնաժողովի նախագահը: Իսկ Կոնսերվատորիան Արմնեն Սմբատյանի լծի տակ է: Ինձ դեմ են քվեարկել Կոսներվատորիայի ներկայացուցիչները, իսկ օպերայի ներկայացուցիչները՝ Կարեն Դուրգարյանը, Գեղամ Գրիգորյանը, Հովհաննես Չեքիջյանը՝ կողմ:
Ես սա համարում եմ անցած պատմություն իմ կյանքում: Ես մարդկային հարաբերություններից եմ միայն վիրավորվել, ոչ թե նրա համար, որ չընտրեցին: Այս հիմնարկում ես միշտ ինձ շատ լավ եմ զգացել: Ես ունեմ հրաշալի կոլեկտիվ, որն ինձ սիրում է: Արդեն առիթ ունեցել եմ ասելու՝ մերոնք այստեղ քեֆ էին կազմակերպել, որ ես անհաջողություն եմ ունեցել: Այստեղ մենք շատ լավ աշխատանք ենք կատարում: Այսինքն ՝ես կառչած չէի, պարզապես մտածում էի՝ հնարավորություն է, ես էլ ունեմ բոլոր մասնագիտական, աշխատանքային կարողություններն ու ունակությունները, ինչու՞ չօգտագործեմ: Չի ստացվել, հիասթափություն եմ ապրել՝ զուտ մարդկային հարաբերություններից:
Երբեմեն մտածում եմ՝ կարո՞ղ եք ցույց տալ մի հատկանիշ, մի առավելություն, որ այդ մարդն ուներ, ես չունեի: Կյանք է, հնարավոր է, որ նա բազմաթիվ առավելություններ ունենա, բայց.. Ի՞նչ է նշանակում՝ ես աշխատել եմ Եգիպտոսում ռուսական մշակույթի ակումբի տնօրեն: Ի՞նչ է դա նշանակում… Տհաճ երևույթ է, երբ դրսից մարդ են բերում: Սխա՞լ է, որ մենք այստեղ ենք ապրել, այս երկրի տխրությունն ու ուրախությունն ենք կիսել, սխա՞լ ենք եղել…
Իմ ընկերները տարակուսանքի մեջ են: Երևույթի դեմ են՝ դրսից տղա բերելու դեմ են: Վիրավորական է տեղի մտավորականության համար: Այս ամենը մեծ հիասթափություն է առաջացնում: Եվ, կրկնում եմ՝ ես ցավում եմ ոչ թե չընտրվելու, այլ ընկերներ կորցնելու համար…
Հեռուստատեության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյան
-Երևույթը վիրավորական է, խիստ վիրավորական: Պարզվում է՝ այս երկրում չկա կենսագրություն ունեցող որևէ մասնագետ, մարդ, ով կարող էր ստանձնել այդ պաշտոնը, անպայման պետք է դրսերից առանց կենսագրության, ոչ մասնագետ մեկին բերեին: Երևի չեն էլ մտածու՞մ, որ վիրավորում են: Խիստ վիրավորված եմ իմ շատ գործընկերների, ընկերների համար: Եվ ոչ միայն այն մարդկանց, ովքեր թեկնածու էին, այլ նաև բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են օպերայի և բալետի թատրոնում: Ես գտնում եմ, որ այդ մարդկանց կարծիքն էլ անպայման պետք է հաշվի առնվեր: Չի կարելի ուղղակիորեն թքած ունենալ ու վիրավորել այդքան մարդկանց: Այսինքն՝ ձեր գլխին կգա մի տնօրեն, ով ոչ մի մասնագիտական ունակություն չունի, որևէ առնչություն չունի օպերային արվեստի հետ: Ես դա ընդունում եմ որպես վիրավորանք: Սա ֆարս էր, ընտրություն չէր: Ես ցավում եմ իմ լավ ընկերների համար, ովքեր կարծելով, թե նորմալ ընտրություններ են լինելու, դիմել էին: Նման ընտրություն ընդհանրապես չի կարելի կազմակերպել: Պետք է նշանակել, նշանակել պրոֆեսիոնալի, նրա առջև խնդիր դնել, թե ինչ ենք ուզում ունենալ 5 տարի հետո: Պետք է խնդիր դրվի և նշանակվի՝ առանց ընտրություն կոչվող կրկեսի:
Ես մտավախություն ունեմ, որ նաև մյուս ասպարեզներում այս ամենը կկրկնվի, եթե սա նորմալ է համարվում: Հաջորդը կլինի ենթադրենք Կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտորի ընտրության բեմականացումը՝ կրկին վատ որակի: Մենք էլ բեմադրիչներ ենք, լավ ենք հասկանում բեմադրությունը...
Ինչ վերաբերում է Անդրանիկ Արզումանյանին, բացարձակապես չեմ ճանաչում այդ մարդուն: Ես ունեմ շատ լավ դիվանագետ ընկերներ, ովքեր իրենց մեքենայում օպերային ներկայացումների ձայնասկավառակ են լսում: Ընկեր ունեմ, ով արիաներ է երգում, դիվանագետ է: Այսինքն՝ կարող է արաբագետ լինես և սիրես օպերա, բայց ասում եմ՝ գոնե մեր ընկերը լիներ (ժպտում է), ով սիրում է օպերա և արիաներ է երգում, ոչ թե մեկը, ով ընդհանրապես որևէ առնչություն չունի օպերայի հետ: Իմացա, որ նորընծա տնօրենը նույնիսկ անհաջող կատակ է արել՝ թե օպերայի մոտ է ապրում և տեղյակ է խնդիրների մասին: Մի խոսքով՝ չեմ ճանաչում, չեմ էլ ցանկանում ճանաչել: Ես առիթներ ունենում եմ աշխատելու այդ ոլորտի մասնագետների հետ, երբ ընդհանուր աշխատանքներ են արվում: Բայց ես չեմ կարծում, որ կարող եմ որևէ գործ կամ հետաքրքրություն ունենալ մի մարդու հետ, ով առնչություն չունի օպերայի հետ: Սա մեծ հարված էր մեր դաշտին: Ուղղակիորեն արհամարհանք էր բոլորիս նկատմամբ: Ես այդպես եմ ընկալել, որ թքած ունեն մեզ վրա:
Թատերագետ, Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյան
Ես այն եզակի «միամիտ» մարդկանցից եմ, որոնք հավատում են բարեփոխումներին, հավատում են տարբեր մրցույթների միջոցով տեղաշարժերի արձանագրման գաղափարին... Թերևս, իմ այդ «միամիտ» հավատն էր, որ ցանկանում էի մասնակցել օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր տեղի մրցույթին: Ես հրաժարվեցի մասնակցել մրցույթին Բարսեղ Թումանյանի և Գագիկ Մանասյանի մասնակցության պատճառով: Նրանք բարձր արհեստավարժներ են՝ մեծ փորձ ունեցող, և ես մտածեցի, որ նման անհատականություններինն է ճանապարհը: Իհարկե, ունեի հայեցակարգ ու ծրագիր, ունեի օպերային թատրոնի վերակառուցման և բարեփոխման ծրագիր, քանզի այսօր մեր գլխավոր թատրոնը գտնվում է ծայրահեղ ծանր պայմաններում, այնտեղից հեռացել է գլխավորը՝ թատրոնը... Ինչ վերաբերում է նոր տնօրենին, ապա ասեմ, որ այդ նշանակումը մեծագույն խայտառակություն է, մի խաղ, որում ազնվությունն ու շիտակությունը բացակայում են: Ինչպես պարզվեց, մրցույթը երևութական էր, ամեն ինչ կանխավ որոշված էր... Ես Անդրանիկ Արզումանյանին չեմ ճանաչում, գիտեմ նրա հորը, որի հետ աշխատել եմ, որի մասին գրել եմ: Կասեմ մի բան. լինել Եգիպտոսում ինչ-որ ակումբի վարիչ, չի նշանակում՝ լինել օպերային թատրոնի տնօրեն: Կան ոլորտներ, որտեղ իսկապես արհեստավարժություն է պահանջվում... Մի խոսքով, մենք արձանագրեցինք մի անամոթ քայլ, որը դառնալու է մեր օպերային թատրոնի փլուզման նոր առիթ: Իհարկե, չեմ կարող չասել, որ մշակույթի նախարարության «բեմադրությանը» մասնակցեցին մի խումբ երաժիշտներ, նույն թատրոնի գործիչներ: Նրանց մեջ բացակայեց գլխավորը՝ ճշմարիտ հայրենասիրությունը...
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան