Հայազգի մեծ դերասան Արմեն Ջիգարխանյանը հանդես է եկել Ուկրաինայի նկատմամբ ՌԴ վարած քաղաքականության մասին գնահատականներով: Խոսելով վերը նշվածի մասին՝ նա հիշեցրել է «մի հիմար քարը նետեց ջրհորը, հարյուր խելոքներ չկարողացան այն հանել» ասացվածքը:
«Ես շատ եմ սիրում Ուկրաինան: Ինձ միշտ հաճելի է եղել շրջագայություններով լինել այդ երկրում: Սակայն հիմա չգիտես ինչու, պարզվում է, որ մենք թշնամի պետություններ ենք: Հայերն այսպիսի ասացվածք ունեն. «մի հիմար քարը նետեց ջրհորը, հարյուր խելոքներ չկարողացան այն հանել»»,-նշել է Արմեն Ջիգարխանյանը, ապա հավելել.
«Ես չեմ ստորագրել, ոչ ոքի չեմ զանգահարել, ինձ ևս ոչ ոք չի զանգահարել ու խնդրել, որ ստորագրեմ հակաուկրաինական քարոզարշավի մասին փաստաթուղթը, քանի որ գիտեին, որ չեմ ստորագրելու այն: Սակայն նստել տանը և հեռուստացույցով դիտել այս ամբողջ սուտը… Մեկ օրինակ բերեմ. Ես շատ լավ ճանաչում էի Կլիչկո եղբայրներին: Իսկ հիմա ինձ ուզում են ապացուցել, որ նրանք ազգայնամոլ են: Չի կարելի թույլ տալ, որ ուկրաինացիները և ռուները թշնամանան, ինչպես հայերը և թուրքերը»: