Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումը ոտքի է հանել «Թալեաթ փաշա» կոմիտեին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ուլուսալ քանալ» լրատվականը: Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Մենք գալիս ենք Հունաստան` ձեր երեսին շպրտելու ցեղասպանության սուտը»: Գրում է Ermenihaber.am-ը:
Նշյալ կոմիտեի ղեկավար պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինը դատապարտել է Հունաստանի խորհրդարանի ընդունած բանաձևը` համարելով այն անօրինական:
«Մենք մեկնում ենք Հունաստան այդ բանաձևի անվավերությանը հասնելու համար»,- ասել է կոմիտեի ղեկավարը: Վերջինս նաև դժգոհել է Թուրքիայի արտգործնախարարության և խորհրդարանի ցուցաբերած անտարբեր լռությունից` պնդելով, որ պետության պարտքն է արձագանքել նման զարգացումներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանում ընդունվել էր Հայոցցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանողօրինագիծ, համաձայն որի, Հունաստանում Հայոց ցեղասպանությունը ժխտողները կենթարկվեն 3-6 ամսյա բանտարկության և 5000-20.000 եվրո տուգանքի: