Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության նախագահի աշխատակազմի և «Հոգեբանական աջակցություն» նախագծի համատեղ՝ «Զարթոնք» խորագրով միջոցառումը՝ նվիրված պատերազմում վիրավորված և ներկայումս բուժում ստացող զինծառայողների հոգեբանական աջակցությանը:
Միջոցառումը, որի նպատակն էր հոգեբանական աջակցություն ցուցաբերել պատերազմին մասնակցած և վիրավորված զինծառայողներին առողջության վերականգնման, բնականոն կյանքին հարմարվելու, ինչպես նաև ուսման և աշխատանքի հարցերում, իրականացվել է Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ՝ նախագահի աշխատակազմի «Հայրենիքի պաշտպան» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են նախկին և ներկա զինծառայողներ Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերից և Երևանից, ինչպես նաև նրանց հարազատները:
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ողջունելով նախաձեռնությունը՝ մասնավորապես նշել է. «Մեր տղաները, մեր մարտնչող սիրելի եղբայրներն ու զավակները պատերազմի օրերին ծանր վիրավորումներ են ստացել, նույնիսկ կարելի է ասել՝ անբժշկելի վիրավորումներ, ոմանք, ովքեր կարողացել են ոտքի վրա կանգնել, վերադարձել են ճակատ, որովհետև իրենք իրենց արժանապատվությունն ու վերականգնումն այնտեղ են գտել՝ իրենց եղբայրների կողքին:
Հետևաբար, զինվորի համար վերականգնման մեծագույն դաշտը մարտի դաշտն է: Մնացածը մեր խնամքի, սիրո, գուրգուրանքի, աջակցության, իրենց ճիշտ գնահատելու երևույթն է: Այսօր ուզում եմ ասել, որ մենք նույնն ենք, նույն հայացքով, նպատակով, տեսիլքով ու հաղթանակով: Մենք խնամքի և հոգածության, սիրո և առաքելության ճանապարհով, խաչի ճանապարհով հանրության տեսիլքին միտված կյանք պետք է ունենանք: Ես մեծապես հավատում եմ, որ այս նախաձեռնությունն էլ միտված է դրան՝ նախ աջակցելու, ապա զարգացնելու այն բոլոր կիսատ թողնված թե՛ անձնական, թե՛ հավաքական կարողություններն ու ձեռքբերումները, որոնց հետ մենք այսօր փորձում ենք ապրել:
Աստված թող օրհնի այս առաքելությունը, և մենք շատ շուտով տեսնենք ապաքինված՝ հոգևոր իմաստով, մարմնավոր իմաստով, մտավոր իմաստով, ոչ միայն անձնապես մեր սիրելի եղբայրներին և իրենց ընտանիքներին, այլև մեր ողջ ժողովրդին»: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Ուրախ եմ բոլորիդ տեսնել այստեղ: Մենք բոլորս կարիք ունենք իրար հաճախ տեսնելու, խոսելու, պատմելու, շարունակելու մեր կյանքը, որքան էլ որ դժվար լինի անցած տարվա աշնան մեկ ու կես ամսից հետո: Ձեզանից շատերն ինչ-որ իմաստով անցել են դժոխքով, որովհետև պատերազմը դժոխք է: Այսօր որևէ մեկը չի կարող և իրավունք չունի գնահատական տալ ձեր անցած ճանապարհին: Այդ գնահատականը պատմությունը պետք է տա: