▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեզ չեն ների, որ դիմացաք, չնվաղեց երբեք ձեր կամքը, չներեցին, երբ հեռացաք` նախազգալով խաղի ավարտը...

Թեև մտադիր էի հայտնի դպրոցական դեպքերին այլևս երբեք չանդրադառնալ, ինչի մասին տեղեկացրել էի, մասնավորապես, «Ազատություն TV»-ին տված իմ վերջին հարցազրույցի ժամանակ, բայց երեկ պատահմամբ դիտեցի մի հաղորդում` «թոք-շոու», կոչվում էր, կարծեմ, «Երևանն է խոսում», որի թեման հենց այս պատմությունն էր: Սա ոչ այլ բան, քան թիկունքից ուշացած ու նենգությամբ փայլող հարված, չի կարելի կոչել: Այլ կերպ ասած` «մենք-մերոնցով հավաքվել, ցեխոտ երես ենք փրկում» հեռուստատեսային «միջոցառում»:

Այսպիսով, ստիպված եմ, ձեր համբերությունը չարաշահելով, անդրադառնալ հաղորդմանը և դրան առնչվող որոշ մանրամասների` բացահայտելու համար «երես փրկելու» անհաջող փորձի ողջ սնանկությունն ու նենգությունը:

Նախ, տեղեկացնեմ, որ երբ արդեն հրապարակել էինք  եղբորս` Հարություն Ղազարյանին, այլ դպրոց տեղափոխելու մեր մտադրության մասին` ներկայացնելով այդ որոշման դրդապատճառներն ու շարժառիթները, անցել էր մի քանի օր, և ստանում եմ զանգ «Armnews TV»-ից, թե «Պատրաստվում ենք «թոք-շոու» կազմակերպել այս հարցի առնչությամբ և ցանկանում ենք, որ Դուք էլ ներկա գտնվեք»: Ես, տեղեկանալով այդ «շոուի» ձևաչափին, հայտնում եմ իմ մտահոգությունն առ այն, որ նախ արդեն հայտարարություն արվել է, և այս պատմությունն, ըստ էության, կարելի է ավարտված համարել, ինչպես նաև հաշվի առնելով հաղորդման ձևաչափը և հարցին առնչվող ստեղծված իրադրությունը` կարծիք եմ հայտնում, որ նման հաղորդումը ամենայն հավանականությամբ չի նպաստի որևէ կերպ հարցի լուծմանը (հարցն արդեն հանգուցալուծվել է), այլ կվերածվի ավելորդ կես-վերարծարծման և կես-բանավեճի: Ասում եմ զանգահարած լրագրողուհուն, որ նման իրավիճակում անհրաժեշտ է ոչ թե բանավեճային ֆորմատով քննարկում, այլ համակողմանի վերլուծություն` նախևառաջ պատկան մարմինների կողմից: Բացի այդ` հայտնում եմ, որ հարցին պետք է զգուշությամբ մոտենալ, քանի որ հարցն անմիջականորեն առնչվում է երեխաների, և ցանկացած ավելորդ վերարծարծում ծանր է նրանց հոգեբանության տեսանկյունից: Այս դիտարկումներին` լրագրողի կողից ստանում եմ անտարբեր ու վստահ պատասխան, թե` «Միևնո՛ւյն է, հաղորդումը կայանալո՛ւ է»: Ինչին պատասխանում եմ, որ եթե իրենք արդեն որոշել են, որ պետք է հաղորդումը կայանա` անկախ հետևանքներից, ապա տպավորություն է ստեղծվում, որ իրենց համար առաջնայինը «շոուի» կայացումն է, այլ ոչ` հարցի հանդեպ մտահոգությունը, ուստի չունեմ այլևս ոչինչ ավելացնելու: Ավարտում եմ խոսքս նրանով, որ հակված չեմ իմ մասնակցությունը բերելու նման «միջոցառման»:

Հետո պետք է հաղորդումից տեղեկանամ, որ պարզվում է` այդ դեռ «իրե՛նք չեն կանչել մեր կողմին»: (Նողկալի տրագիկոմեդիան նոր է սկսվում):

Եվ այսպես, հաղորդումը սկսվում է ծայրահեղորեն միակողմանի և վիրավորանքներ պարունակող մի տեսագրությամբ, որն արվել էր այն ժամանակ (2013 թ.-ի նոյեմբերի 27), երբ մենք դեռ ոչինչ չէինք հայտնել մամուլին, և մամուլի տեղեկատվությունը ելնում էր նույն օրը «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված գեբելսյան հոդվածից (սրա մասին ավելի մանրամասն` քիչ ներքևում), ինչը «քոփի-փեյսթ» տարբերակով տարածվել էր ողջ լրատվական դաշտում:

Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ այս պատմությունը լրատվական դաշտ տեղափոխվեց բնավ ոչ մեր կամքով, այլ այս դեպքի առնչությամբ բառի իսկական իմաստով «լրագրող բերվեց» հղման մեջ հիշատակված պաշտոնյա (ինչպես ինքն է ներկայանում այս կամ այն լրատվամիջոցին` այս կամ այն նյութը չհրապարակելու պահանջ ունենալու դեպքում) Սերոբ Բեջանյանի ձեռամբ (նախկին ԱԳՆ մամուլի խոսնակ), ում պատվերով էր դպրոց առաջին անգամ լրագրող եկել, ով, մեզ ներկայանալով որպես «անանուն» զանգով եկած «անկախ» լրագրող և ներկա լինելով ու սեփական աչքերով տեսնելով այդ մի երկու խիստ «ձեռներեց» հայրիկների` փողոցի տղաներին հատուկ պահվածքը, ինչպես նաև մեզնից վերցնելով ու գրանցելով մեր կողմի խոսքը, այնուհետև ստանալով ողջ իրականությունը բացահայտող ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ուղղված դիմումի տեքստը, այնուամենայնիվ, կատարեց իր «պատվիրատուի» պահանջը և առաջին անգամ մամուլում ներկայացրեց այս պատմությունը` գեբելսյան տրամաբանությամբ ծայրեիծայր խեղաթյուրելով և գլխիվայր շրջելով ակնբախ իրականությունը (նայել «Ժողովուրդ» օրաթերթի 27.11.2013 համարը), նույնիսկ չբարեհաճելով գեթ մեկ խոսք կամ կարծիք ներկայացնել մեր կողմից: Դրանից հետո մենք ստիպվա՛ծ հրապարակեցինք ՄԻՊ Կարեն Անդրեասյանին ուղղված դիմումի տեքստը, որպեսզի բացահայտենք ճշմարտությունը` ապատեղեկացված հասարակության համար, քանի որ այս նյութը «քոփի-փեյստ» տրամաբանությամբ վերցրել էին բոլոր հնարավոր լրատվամիջոցները, և անհիմն լուտանքները չէին դադարում ողջ մեդիադաշտում: Հրապարակված դիմումի տեքստը շրջեց մամուլի և հասարակության արձագանքը, մասնավորապես` եղբորս վերագրվող «ահաբեկիչ» մակդիրը վերածվեց «վունդերկինդի»`

1.Թիվ 71 դպրոցում փոքրիկ ահաբեկիչ է հայտնվել  

2.Անկարգ ու կռվարար դպրոցակա՞ն, թե վունդերկինդ

Ասեմ, որ երկու տարբերակներին էլ անձամբ խիստ դեմ եմ:

Ծանոթացե՛ք հետևյալ հղումներով`

hayeli.am

asekose.am-ի վերջին հատվածը:

Հիշյալ վայրենի մեկօրյա լրատվական «հարձակման» տեսանյութերից մեկն էլ հենց «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ երեկ հեռարձակվող «թոք-շոուի» սկզբում ցուցադրվող հիշյալ տեսանյութն էր, որում հնչած հոխորտանքներին (մասնավորապես` Ս. Բ.-ի կողմից) անդրադառնալը համարում եմ ինձ չպատշաճող, քանի որ այն իսպառ բաղկացած էր ստահոդ և մտացածին «ինֆորմացիաներից» ու սեփական չարության հետևանքով ծնված «մտքի բարբաջանքներից», որոնք որևէ կապ չունեն քառաչափ իրական աշխարհի հետ:

Այս նախապատմությունն իմանալով` ակնհայտ է դառնում, թե որքան ստորաքարշ է այդ պաշտոնյայի (ով այդ տեսանյութի «գլխավոր հերոսն» էր)` իր «լրագրող» ընկերների միջոցով համացանցում տարածվող այն լուրերը, թե իբր այդ դեռ մե՛նք ենք ցանկացել այս ամենը հրապարակայնացնել, իսկ իրենք չեն ցանկանում, որ լրատվությունը խառնվի այս ամենին: Սա, բացի նենգ ու անբարո ստից, գիշատիչ-զոհ պատկերը սրիկայաբար շրջելու նենգ փորձից, այլ կերպ հնարավոր չէ անվանել:

Հիշեցնեմ ևս մեկ ավելորդ անգամ, որ լրատվական դաշտից բողոքողները այն մարդիկ են (հանձին տնօրինության և չարաբաստիկ ծնողկոմիտեի «կենտրոնական» մի քանի անձանց), ովքեր մամուլի ակումբներով ակումբային շրջագայություններ էին կազմակերպել, իսկ «շոուն»` ձեզ ավելորդ ապացույց, երբ ամեն բան արդեն վերջացած` ոմանք փորձում են «մեջքից» վերջին նենգ հարվածն հասցնել` կազմակերպելով «մենք մերոնցով» «թոք-շոու»-ներ:  Առաջ ընկնելով` ասեմ, որ հարգելի Անահիտ Բախշյանին էլ հրավիրել էին` իրենց ակնբախ աչառությունը ինչ-որ չափով «լեգիտիմացնելու» նպատակով, բայց ի՞նչ աներ այդ կինը` միայնակ հայտնվելով այդպիսի կրկես-ներկայացման մեջ, երբ բոլոր կողմերից նենգաբար շուրջկալել էին, իսկ նախապես մտածված «սցենարը» համառորեն առաջ տանող հաղորդավար պատանին էլ` վրադիր: Գործ ունենք մի մարդկային տեսակի հետ, որը չի խորշում ոչ մի բանից, պատրաստ է մեծագույն հաճույքով տրորել մի փոքրիկ երեխայի արժանապատվությունը` սեփական հեգեմոն դերը հաստատելու և «բիզնես» դարձած գործը անխոչընդոտ շարունակելու համար:

Ինչ վերաբերում է մանկավարժներին, ապա նրանց գործելակերպի «ծաղիկներին» կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`

1in.am

asekose.am

hayeli.am

(Կխնդրեի սրանք անպայմանորեն կարդալ):

Իմ խորին համոզմամբ, եթե նույնիսկ մանկավարժները (կամ դրան կոչված մարդիկ) այս ողջ ընթացքում ոչինչ չանեին` պարզապես ձեռնածալ նստեին, ապա խնդիրը վաղուց հարթված կլիներ (նույնիսկ երևի չէր էլ առաջանա): Իսկ եթե նրանք ցուցաբերեին նվազագույն մանկավարժական կամք, ապա այս հարցը 15-20 րոպեում կարելի էր իսպառ հարթել: Մանկավարժների (ոմանց, ոչ բոլորի) վարքի մասին, մեզ մի կերպ գտել և զարհուրած հայտնել էր, մասնավորապես, նրանց մոտ պրակտիկա անցնող մի ուսանողուհի, ով մեզ գտնելուց հետո պատմում էր, թե ինչ ատելություն են սերմանում երեխաների միջև, երբ եղբայրս դուրս է գալիս դասարանից` իր ետևից ամեն տեսակ ստորություն խոսելով (մասնավորապես` հաղորդման մեջ «ռուսախոս հրեշտակ» ներկայացվող նույն դասղեկի կողմից, ում հետագայում ազատեցին աշխատանքից, երբ բացահայտվեց ընդամենը մի երկու դրվագ նրա «գործունեությունից», մանրամասները` քիչ ներքևում): Իսկ երբ ինքը (ուսանողուհին) առանձին փորձել էր դասղեկին հարցնել, թե ինչու է այդպիսի բաներ ասում դասարանին, երբ Հարությունը հեռանում է, դասղեկը, մատը թափ տալով, սպառնացել էր իրեն, որ այս պատմությանը հանկարծ չփորձի խառնվել, այլ միայն լուռ ու գլուխը կախ իր պրակտիկան անցնի ու գնա... Այլ ուսուցիչներ էլ իրեն «հորդորել» էին, որ այս հարցին չխառնվի, որովհետև «վտանգավոր» է:

Այստեղ ներկայացվածը զազրելի ու ծայրահեղորեն հանցագործ ծնողկոմիտե-տնօրինություն կապի միայն ամենամեղմ «ծաղիկներն» էին, շատ ավելին չեմ ցանկանում ասել` չվտանգելու համար որոշ մեզ օգնած մարդկանց անանունությունը: Նշեմ միայն, որ դեռ շատ բաներ կան (ընդհուպ` քրեական և զարհուրանք առաջացնող), որ մամուլին չեն ասվել` ավելորդ աղմուկ չբարձրացնելու, ինչպես նաև որոշ երրորդ անձանց անանունությունն ու անվտանգությունը ապահովելու համար, այլ միայն հաղորդվել են պատկան մարմիններին (ընդհուպ ոստիկանությանը` որոշ սպառնալիքների մասին)` հուսալով, որ իրենք կհարթեն իրենց «ներքին» խնդիրը:

Մինչ հաղորդման վերլուծությանը վերադառնալը ներկայացնեմ մի քանի դրվագ մանկավարժական «վարքուբարքից», որոնք տեղ չեն գտել մամուլում` ավելորդ աղմուկ չբարձրացնելու համար:

Այս կիսամյակ ևս մեկ դեպք է տեղի ունենում, երբ հայտնի դասարանի տղաներից մեկը բռունցքով հարվածում է սիրիահայ աղջիկներից մեկին (հերթական անգամ, արդեն չե՛մ զարմանում, դուք է՛լ մի զարմացեք): Երբ եղբայրս ասում է, որ ամոթ է, նման բան չեն անում: Անմիջապես միջամտում է դասղեկը և ասում (մեջբերում եմ բառացի, որի համար ներողություն եմ խնդրում). «մյուս անգամ դու չխառնվես էս դասարանի հարցերին, մենք քո բլագառոդնի խոդերի կարիքը չունենք, սրանից հետո հիշի` դու դասարանի համար գոյություն չունես, դասարանն էլ` քո, քո ամենաշատ արած լավությունը կարա էն լինի, որ դասարանը մի շաբաթ դասի չգա»: Սա այն դեպքում, երբ դպրոցը անընդմեջ հայտարարում էր և հայտարարում է (մասնավորապես` այս հաղորդման ընթացքում), թե «հաշտեցրել» է կողմերին և ամեն բան անում է հաշտություն պահպանելու համար, այն պարագայում, երբ նույնիսկ չէր ուղղակիորեն ասվում տարրական «հաշտվե՛ք» բառը, և դասարանը ընդհանրապես չէր խոսում եղբորս հետ, իսկ սիրիահայ երեխաներն էլ չէին խառնվում այս ամենին` գրավելով «չեզոք» դիրք (սփյուռքահայի «վախվորածություն», դե,  «հասկանալի» է): Իսկ երբ մի առիթով լրագրողը հարցրել էր եղբորս դասարանի ներկայությամբ, թե նա պատրա՞ստ է հաշտվել, արդյոք, դասարանի հետ, եղբայրս ասել էր, որ միշտ էլ պատրաստ է, իր մեջ վրեժ չկա ոչ մեկի նկատմամբ, իսկ երբ նույն հարցը ուղղել էր մյուս երեխաներին, նրանք պատասխանել էին` «Ոնց մեր ծնողները կասեն, տենց էլ կանենք»: Իհարկե, այս տեսանյութը չհայտնվեց եթերում. դե, ձեռք չէր տալիս որոշ «պաշտոնյաների»:

Եվ սա կոչվում է ապագա հասարակության դարբնոց...

Իսկ այդ ընթացքում հաղորդմանը մասնակցած հարգելի տիկին Անահիտ Մելքոնյանը (քաղաքապետարանի Դպրոցների վարչության պետ), ով նույնպես մասնակցում էր այդ հաղորդում-խեղկատակությանը, գալիս է դասարան և «պլանշետով» տեսագրում, ու հարցնում են եղբորս, ով մենակ էր նստած (ինչպես միշտ այդ շրջանում), թե «Ասա՛, ամեն ինչ կարգին է, չէ՞»: Եղբայրս էլ, իր տղամարդկային հպարտությունը պահելով (ինչպես միշտ), կիսաձայն ասում է. «այո»: Պետք էր գրանցված ապացույց, որ «մտահոգ» միջամտություն է եղել:

Մինչ առաջ անցնելը մի դրվագ ներկայացնեմ հաղորդմանը մասնակցած տիկին Անահիտ Մելքոնյանի առնչությամբ, ում վերաբերյալ անկեղծորեն, անկախ ամեն ինչից, միշտ բարձր կարծիք եմ ունեցել (ցավոք` «ունեցել»` մինչև հաղորդմանը իր ներկայության որպիսությունը տեսնելը` այն պարագայում, երբ ինքը տեղյակ էր ու ականատես շատ բաների): Դեռ դեկտեմբեր ամսին հարգելի տիկին Մելքոնյանը, խոսելով այդ մի քանի «ձեռներեց» հայրիկների և եղբորս հետ, հիացմունքով ասել էր. «Այսքան մարդու հետ խոսեցի, բայց ամենից շատ հիացրեց այս երեխան»: Եվ ահա հենց այդ նույն խոսակցության ժամանակ (ինչի մասին խոսում էր հաղորդման ընթացքում) այդ մի քանի հայրիկները, «չմարսելով» իր արած արտահայտությունը եղբորս վերաբերյալ և տեսնելով, որ իրենց նենգ նպատակին չեն կարողանում հասնել, կորցրին ինքնատիրապետումը և սպառնալիքներով ու հայհոյանքներով հուսահատորեն փորձեցին 14-ամյա տղաներին հատուկ «տղայական» կռիվ հրահրել` նույնիսկ անձամբ ինձ անընդմեջ «դուրս հրավիրելով» և իրենց պատկերացումների շրջանակում հաշիվները մաքրել փորձելով, ինչը դատապարտված ջանք էր անկասկած: Այդ ամենից սարսափած` տիկին Մելքոնյանը պարզապես, կարելի է ասել, «փախավ», իսկ իմ հարցին, թե «տեսա՞ք իրականում ովքեր էին այդ «պարկեշտ հայրիկները»», պարզապես ամոթից գլուխը կախեց ու հեռացավ: Իհարկե, այդ ամենի մասին, հո, հաղորդման ժամանակ չէ՞ր հիշելու` կային այլ բաներ հիշելու` ժամանակագրությունն ու կոնտեքստը խառնած (սրա մասին` վերջում): Այս ամենին ականատես էր նաև «բերված լրագրողը», ով նույնպես, հո, չէ՞ր գրելու դրա մասին. պետք էր պատվերը կատարել` հնարավորինս «չբացահայտվելով» ժամանակից շուտ:

Նույն պաշտոնյա Սերոբը (հենց տիկին Մելքոնյանի ներկայությամբ) եղբորս աչքերին նայելով և մեզնից ոչ մեկին թույլ չտալով մոտենալ ու միջամտել, ասում է եղբորս. «Որ տղես քեզ խփի, քեզնից բան չի մնա, ինքը ուղղակի քեզ խղճում ա»: Բառերը չեն բավականացնում նման արարածներին բնութագրելու համար, իսկ երբ այդ ամենի միջով անցած և դիմադրած 12-ամյա երեխային դեռ մի բան էլ փորձում են հետին թվով պախարակել` ծայրեիծայր խեղաթյուրելով իրականությունը... թողնում եմ յուրաքանչյուրիդ խղճին...

Մի փոքր էլ շարունակեմ մանկավարժական «գոհարների» շարքը:

Մեկ այլ անգամ էլ մաթեմատիկայի ուսուցչուհին, մտնելով դասարան, բոլորին ասում է, որ սեղանները մեկուկես մետր ետ տանեն: Երբ նույն բանը փորձում է անել եղբայրս (նա նստած էր առջևի նստարանին` միայնակ), ուսուցչուհին ասում է. «Քեզ ո՞վ ասեց, որ դու էլ հետ տաս սեղանդ, դու մնա տեղդ», այսպիսով, նույնիսկ մեխանիկորեն էր եղբորս և դասարանի միջև 1.5-մետրանոց անջրպետ ստեղծվում: Իմիջիայլոց, սեղանների այդ ծայրահեղորեն արտասովոր և «մանկավարժական» դասավորությունը պահպանվում էր ավելի քան մեկուկես ամիս (մինչ այն պահը, երբ արդեն մե՛նք ներկայացրինք այդ իրողությունը մի քանի ակտիվ ծնողների և տնօրինության կողմից կազմակերպված մանկխորհրդի նիստին եկած կրթական վարչությունների պետերին (Գայանե Սողոմոնյան, Նարինե Հովհաննիսյան) և ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին: Մինչ այդ մենք կատարելապես լուռ էինք, հուսալով, որ այս ամենը «ռեակցիոն» պրոցես է և շուտով կհանդարտվի, բայց ինչպես հետագայում պետք է պարզվեր, սա մշակված սցենար էր` եղբորս համար միջավայրը անտանելի դարձնելու նպատակով, որպեսզի ինքը ինքնակամորեն լքի դպրոցը (մի տարբերակը չստացվեց, կանցնենք մյուսին, հետո էլ` երրորդին, սա՛ էր ծնողկոմիտե-տնօրինություն ծայրահեղորեն հանցավոր կապի կամակորության սխեման):

Ուրիշ դեպքում դասղեկը կազմակերպում է էքսկուրսիա` առանց տեղեկացնելու Հարությունին, ինչի մասին եղբայրս իմանում է, միայն երբ տեսնում է, թե ինչպես են երեխաները և ուսուցչուհին դասերի ավարտին պատրաստվում գնալ էքսկուրսիայի` առանց դրա մասին շատ բացահայտորեն խոսելու:

Ահա՛, թե իրականում ինչպիսի գործունեության համար էր հեռացվել դասղեկը, այլ ոչ` ինչպես որոշ անձինք պնդում էին հաղորդման ժամանակ, թե իբր ռուսախոս լինելու և հայերեն վատ խոսելու ու նմանատիպ այլ դատարկաբանությունների: Նշեմ, որ այս ամենի մասին, երբ իմացել էր ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, բղավել էր տնօրենի ու դասղեկի վրա` ասելով. «էս ի՞նչ եք անում, դուք հասկանում ե՞ք, որ 12 տարեկան էրեխեքի հետ գործ ունեք»: Այդ օրն իսկ հեռացրին դասղեկին:

Եվ այսպիսի «մանկավարժական վերմարդկային ջանքերով» են փորձել «հաշտեցնել» երեխաներին, ինչպես պնդում են հաղորդման ժամանակ:

Հասկանալի է... Ավելի լավ արդյունք նման մոտեցան պարագայում ակնկալելն անօգուտ է:

Իսկ մենք, մշտապես հակված լինելով ցանկացած իրավիճակում կոմպրոմիսի և զիջման ու հավատացած լինելով մարդկային խղճի ու սեփական սխալները գիտակցելու անկորուստ հնարավորությանը, մինչ այդ հանդես էինք եկել հայտարարությամբ,որտեղ, մասնավորապես, ասվում էր.

«Իմ շատ սիրելի ու հարգելի բարեկամներ, ես պարզապես հրճվանքով եմ լցվում, երբ տեսնում եմ, թե որքան մարդիկ կան, ովքեր պատրաստ են ամենայն ջերմությամբ ու անկեղծությամբ սատար կանգնել մի երեխայի (մարդու) իրավունքների պաշտպանությանը, ում դեռ մի քանի օր առաջ ընդհանրապես չէին ճանաչում: Սա դուրս է տվյալ դեպքում Հարությունի` իմ եղբայրը լինելու հանգամանքից. հիացնողը երևույթն ինքն է: Այս միասնականությունը և «ուրիշի» ցավը սեփականը համարելու պատրաստակամությունն է, որ մեզ կտանի ամենալուսավոր ճանապարհով: Այս ամենի նպատակն է ոչ միայն կամ ոչ այնքան Հարությունի իրավունքների պաշտպանությունը, որքան այս դեպքը մնացյալ բոլոր նմանատիպ իրավիճակների համար նախադեպային դարձնելը. հատկապես այն դեպքերի, երբ նման իրաիճակում հայտնված երեխան անկարող է գտնվել, գտնվում կամ կգտնվի համարժեք պատասխան տալ` պահելով սեփական արժանապատվությունը` ի հակադրություն այս դեպքի:

Բայց ունեմ նաև մի մե՜ծ խնդրանք բոլորիս. երբեք չատենք մարդկանց ու ատելությամբ չլցվենք նրանց նկատմամբ, մանավանդ երբ նրանք երեխաներ են, այլ միայն պայքարենք և մեզ թշնամի համարենք երևույթներն ու արարքները: Հավատացեք` եղբորս համադասարանցիները նույնպիսի լուսավոր մարդ կարող են և պետք է դառնան, ինչպես, հուսով եմ, կդառնա եղբայրս ապագայում: Բոլոր մարդկանց, մանավանդ երեխաների մեջ կա այն լուսավոր կանթեղը, որը սպասում է բոցավառման: Դրա համար ձգտենք որևէ կերպ չդիպչել մյուս երեխաների արժանապատվության նուրբ լարերին, այլ միայն ետ պահել երեխաներին սխալ ճանապարհից:

Եվս մեկ անգամ` մեծ շնորհակալություն ձեզնից յուրաքանչյուրին` նման ջերմ ու պատրաստակամ արձագանքի համար: Սա սուրբ գործ է, որովհետև գործ ունենք երեխաների հետ: Սա պատասխանատու գործ է, որովհետև սրանով պիտի ոգեշնչվեն և ուժ գտնեն բոլոր երեխաները:

Ուրեմն լինենք համառ ու հաղթանակող մեր սիրո մեջ, և պարտվող` մեր ատելության մեջ:

Լավագույնը ձեզ բոլորիդ, սիրելի բարեկամներ: Ես հպարտանում եմ ձեզնով»:

Եվ որքան էլ ապշեցնի սա ձեզ, այս խոսքը ներկայացվում էր այդ մի քանի ծնողների և տնօրինության կողմից որպես կոչ` «մենք հաղթեցինք»: Նույն միտքը հնչում է նաև հաղորդման ժամանակ... Զարմանում եմ, որ այլևս չեմ զարմանում: Սեփական սնանկ տրամաբանությունն ու բարոյական նկարագիրը այլոց վրա պրոյեկտելու անհաջող փորձ, ուրիշ ոչինչ:

Հատուկ ընդգծեմ, որ այս ողջ պատմությունը շատ հաճախ ներկայացվում է մամուլին որպես վեճ կամ ընդհարում ծնողների միջև: Սա կատարյալ աբսուրդ է: Մենք երբեք թույլ չէինք տա մեզ, անկախ դիմացինի ով լինելուց, վեճի բռնվել կամ կոնֆրոնտացիայի գնալ որևէ մեկի հետ` լինի ծնող, թե ուսուցչուհի կամ որևէ այլ մեկը: Այսպես ներկայացվում է միտումնավոր` տնօրինությանը «անմեղ երրորդ կողմ» ներկայացնելու համար, այնինչ տնօրինությունը այս ամենի դիրիժորն էր սկզբից մինչև վերջին պահը, երբ որպես պահուստային տարբերակ հորդորեց բոլորին միաձայն ժամանակավորապես հեռացնել երեխաներին, մինչ իրենք մեզ «կստիպեն» հեռացնել նաև Հարությունին, ինչից հետո նրանք կբերեն ետ իրենց երեխաներին` վերականգնելով դասարանը: Իսկ Հարությունին հեռացնելը տնօրինությունը ներկայացնում էր որպես «օրենքի պահանջ» (կա ձայնագրությունը, հանգիստ եղեք):

Մասնավորապես, այս իրավախախտումների մասին էր արձագանքել Նիկոլ Փաշինյանը` ժամանելով դպրոց և իր պարզ հարցերին պատասխան չստանալով: Դասարանը` եղբորս հեռանալուց հետո վերականգնելու պլանը, իհարկե, իրենց թերի, բայց նենգ հաշվարկների պատճառով չստացվեց, ու իրենք ընկան իրենց վառած «կրակը»` սեփական դաժան արկածախնդրության պատճառով կորցնելով մի ամբողջ դասարան և ունենալով անվերագտնելի խաթարված հեղինակություն, որն էլ ամեն հնարավոր ու անհնար միջոցներով փորձում են փրկել` չխորշելով ցանկացած ստից: Դե, ի՞նչ կարելի էր սպասել մի տնօրենից, ում հետ երբ գնացի առաջին անգամ հանդիպելու (հանդիպել եմ երևի 2 անգամ) և փորձելու հասկանալ խնդիրն ու օժանդակել լուծմանը (ներկայացված է  հղմամբ), մոտ մեկ ժամ նա (իր կոլեգայի հետ համատեղ, ով նույնպես ներկա էր հաղորդմանը) ամենաանընդունելի ձևով (եթե չասեմ սանձարձակ) չթողեց, որ ես գեթ մեկ բառ արտասանեմ` չնայած իմ բազմաթիվ հորդորներին ինձ մեկ րոպե ժամանակ տալու, իսկ երբ վերջում «համաձայնեց» լսել, ապա առաջին բառիցս հետո գռեհիկ վրդովմունքով հարցրեց. «Մի րոպե, հա՛, դու մասնագիտությամբ ի՞նչ ես, ո՞րտեղ ես աշխատում»: Պատասխանեցի. «Ախր, հիմա դա ա՞ էդքան կարևոր, հիմա խոսքս շարունակեմ, վերջում կասեմ»: Իրենք (տնօրենը և փոխտնօրենը) անմիջապես բղավելով արձագանքեցին. «Բա էլ ի՞նչն ա կարևոր» և էլի խոսք չտվեցին: Նման բան չէի տեսել, հուսամ` չեմ էլ տեսնի: Փաստորեն, իրենց դեռ «էն գլխից» հետաքրքիրը միայն այն էր, թե դիմացինը ով է` «իրենից ինչ է ներկայացնում», ինչ լծակներ ունի: Իսկ հիմա մեղմօրոր ու հեզաճկուն կեցվածքով փորձում են մտահոգ մանկավարժի դեր խաղալ հանրության աչքի առաջ:

«Ցեղասպանությունը մերժելը ցեղասպանության շարունակությունն է»:

Վերադառնամ «թոք-շոու»-ի ընթացքին:

Եվ այսպես, հաղորդմանը հրավիրված էին տնօրինուհին` իր մշտական ուղեկցի հետ` փոխտնօրենի, մի «կողքից բարեկամ»-ի կարգավիճակով այնտեղ գտնվող հայոց լեզվի ուսուցչուհի, ով եղբորս չի ճանաչում, բայց ճանաչում է այնտեղ սովորած մի քանի աշակերտների բարեկամներին (իր խոսքերից)... Արդեն հետաքրքիր է: Տիկին Անահիտ Բախշյանը (ում մասին արդեն ասացի)` «մենք-մերոնցով» տարբերակը մի փոքր մեղմելու, ավելի ճիշտ` «լեգիտիմացնելու» նպատակով: Մի հոգեբան, ով դեպքից տեղյակ չէր ընդհանրապես, բայց արդեն վերաբերմունք ուներ և գիտեր, որ իր սեանսը «կփրկի»: Իմիջիայլոց, տնօրինուհին մեզ հետ առանձին զրույցում երբ պնդում էր, որ այս ամենը կազմակերպում են իր խոսքերով «էդ երեք ծնողները», հավելում էր, որ նրանցից մեկը «հայտնի հոգեբան» է: Մնացածը թողնում եմ ձեր դատողությանը և ենթադրություններին... Եվ, վերջապես, մի լրագրողուհի` Լուսինե անունով, ով պնդում էր հաղորդման ընթացքում, որ ինքը «ամենից բարձրն է հիստերիկա անում», երբ անարդարություն է տեսնում: Պարզապես տեղեկության համար ասեմ, որ «բարձր հիստերիկա» անելը դեռ արդարամտության հետևանք չէ, օրինակ` երեխաները, երբ սեփական անձի վրա ուշադրություն բևեռելու կարիք ունեն, «բարձ ճչում են»:

Պատկերացնելու համար նվազագույնը ա՛յս հարցում հարգելի Լուսինեի դիրքորոշումը` տեղեկացնեմ, որ Լուսինեն իր ֆեյսբուքյան էջում գրել էր մասնավորապես հետևյալը. «...իմ կյանքում երկու դեպք եմ հանդիպել, երբ գիտեն, որ հասարակության կողմից մերժված են ու համառում են մինչև վերջ. 1- մեր կառավարությունն ու 2- այս երեխան...(նկատի ունի Հարությունին)»:

Այս գրառման բարոյական մակարդակը գնահատելու գործառույթն ու իրավունքը թողնում եմ ձեզ` մանավանդ եթե հաշվի առնենք, որ այս գրառումը կարող էր և եղբա՛յրս տեսնել, եթե մենք ամեն կերպ չթաքցնեինք դա իրենից:

Այս տիկնոջ գրառումը շուտով ստանում է անթիվ-անհամար քննադատական մեկնաբանություններ, և «արդարության մարտիկը» փակում է այն` իբր ոչ գրել եմ, ոչ էլ` տեսնող է եղել: Հետո տարածում է մեկ այլ հաղորդագրություն, որով «աղիողորմ աղաչում է» պատկան մարմիններից վերջապես լուծել այս հարցը` ներկայացնելով իր «մտահոգությունը» երեխաների, մասնավորապես` Հարությունի վերաբերյալ: Դե, պարզ է, անհրաժեշտ է, «տրոյական ձիու» նման փոխելով մարտավարությունը, նախ որպես «մտահոգ» հանդես գալ, որպեսզի հետո արդեն հնարավոր լինի թիկունքից հարվածել:

Ի գիտություն նշեմ, որ իր երեխաները նույն դպրոցի աշակերտներ են:

Այսպես, լրագրողուհի Լուսինեն հաղորդման ժամանակ, արձագանքելով շատ-շատերի և մասնավորապես` ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի և Անահիտ Բախշյանի այն գնահատականին, թե «Այս պատմության մեջ պարտվել է մանկավարժությունը» ասում է, մասնավորապես, հետևյալը. «Մանկավարժությունը պարտվեց այն ժամանակ, երբ ծնողը սկսեց քննարկել ուսուցչին երեխայի առաջ»: Հոյակապ միտք է, միայն կարևոր է, թե որքանով է այն առնչվում մեր իրականությանը:

Հարգելի լրագրողուհուն կցանկանայի հուշել, որ դպրոցը փլվեց և մանկավարժությունը պարտվեց այն ժամանակ, երբ դպրոցը դարձավ քամելյազարդ ու պճնված տիկնանց համար բիզնես և գործի տեղ, իսկ փողը կուրացրեց ամենքին, երբ դպրոցը դարձավ ինքնություն չունեցող ստրկամիտ հասարակություն կերտելու դարբնոց` հզոր լծակ ամեն տեսակ նստվածքային տարրերի ձեռքին, որոնք հայտնվեցին վերևում փոթորկի ժամանակ:

Զրույցին «կողքից» եկած հայոց լեզվի ուսուցչուհին էլ պնդում էր, թե «Մի ամբողջ դասարան չէր կարող սխալվել»:

Հարգելի՛ ուսուցչուհի Լաուրա (կարծեմ` այդպես ներկայացրին), տեղեկության համար ասեմ Ձեզ, որ ցանկացած հեղափոխություն կազմակերպվում և առաջնորդվում է մի շատ փոքր խումբ մարդկանց կողմից, որոնց կուրորեն հետևում են մնացյալը` ամբոխային տրամաբանությամբ և բարձր տրամադրությամբ, երբ յուրաքանչյուրը խուսափում է անհատապես իր վրա պատասխանատվություն վերցնել և թաքնվում է ամբոխի ետևում: Նայելով պատմությանը` կարող եք ակնբախ կերպով տեսնել, որ ոչ միայն մի դասարան կարող է սխալվել, այլև ամբողջ պետություններ, և այն էլ ինչպես: Իսկ երեխաներին մանիպուլացնելուց ավելի հեշտ բան չեք գտնի:

Ակնհայտ է, որ այս «արգումենտը» միայն կարող է առաջանալ արգումենտների բացակայության պարագայում:

Հարգելի հոգեբանի «վերլուծություններին» անդրադառնալով` կցանկանամ միայն ասել, որ տպավորությունն այնպիսին էր, թե նա ընդհանրապես տեղյակ չէ իրադարձություններին և ոչ մի մոտավորությամբ: Հուսամ` տեղեկանալուց հետո իրենից այլ վերլուծություններ կլսենք, եթե իհարկե կանխակալությունն ու աբսուրդայնությունը միտումնավոր չէին (ինչի մասին որոշ բաներ ասացի սկզբում): Հուսամ, որ հետո Ձեր հոգում կզղջաք Ձեր խոսքերի համար և կկախեք Ձեր աչքերը, երբ առանձին կլինեք, հարգելի՛ պարոն Խուդոյան:

Կարծիք հնչեց «շոուի» ընթացքում, թե «թեժ գծերը» «թեժացնում են»: Ինչպես նաև, որ դասարանի ծնողները տնօրինությունից «նեղացած» են գնացել (այլ բան է, որ գնալուց հետո և «ետդարձի ճանապարհը» փակ տեսնելով են ոմանք գուցե նեղացել, երբ պլանները ձախողվել են):

Սրա առնչությամբ ընդամենը մեկ դրվագ պատմեմ:

Օրերս մեզ էր զագահարել քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ով բառացիորեն ասել էր հետևյալը. «Խնդրում եմ, տեղափոխեք Հարությունին մեկ այլ դպրոց, որովհետև դասարանը «լուծարած» ծնողները ամբողջ օրը զանգում են ինձ ու դժգոհում, թե «Ինչի՞ ա Հարությունը դեռ էդ դպրոցում սովորում, մենք մեր էրեխեքին հանեցինք, որ ինքը մնա էդ դպրոցո՞ւմ»»:

Մեկնաբանություններն ավելորդ են: Պայմանավորվածությունների ակնհայտությունը` նույնպես:

Կարճ անդրադառնամ նաև տնօրինուհու խոսքերին, թե իբր իրենք պարտաճանաչ կերպով կատարել են իրենց պարտավորությունները, մասնավորապես` դաս էին անցկացնում եղբորս հետ, նշանակում էին մյուս երեխաների բացակայությունները, թե իրենք ասել են մեզ, որ բերենք եղբորս դասի և այլն: Ինչպես նաև տնօրինուհին զարմանք է հայտնում, թե «Պատկերացնո՞ւմ եք Հարությունը միայնակ գալիս էր և դասի նստում», իբր` սա ի՞նչ բան է:

Նախ այն, որ եղբայրս, այդքան նենգություն տեսնելով, ոչ միայն չէր հուսալքվում (գուցե` անդառնալիորեն), այլև համառորեն կատարում էր իր աշակերտական պարտքը, սիրտս ուրախությամբ և հրճվանքով է լցնում, եթե նույնիսկ վերանանք իմ` իր եղբայրը լինելու հանգամանքից: Ավելին չեմ ասի:

Ինչ վերաբերում է մյուս հնչած մտքերին: Նախ, «բոյկոտի դուրս եկած/բերված» աշակերտների բացակայությունները սկսել են դրվել միայն այն բանից հետո, երբ դպրոց եկավ Գայանե Սողոմոնյանը և ասաց տնօրինուհուն բառացիորեն հետևյալը. «Ես Ձեզ ասում եմ, ավելի ճիշտ` հրամայո՛ւմ եմ, որ այսուհետ դնե՛ք բոլոր դպրոց չեկածների բացակաները, և եթե բացակաները կուտակվեն, ապա նրանք պետք է դուրս մնան դպրոցից: Սա դպրո՛ց է, պետական հաստատություն, և այն չպիտի որևէ մեկի քմահաճույքով շարժվի. եթե մեկը չի ուզում իր երեխային դասի բերել, թող վերցնի իր երեխային և ռադը քաշի, գնա»: Մեջբերված էր` բառացի:

Երկրորդ` մեզ զանգահարել են տնօրինությունից (կա ձայնագրված, մի՛ տկար և տրագիկոմիկ փորձեր արեք հերքելու) և ասել բառացիորեն հետևյալը. «Դասարանը լուծարված է, Հարությունի հետ այլևս դասեր չեն անցկացվելու, Դուք պետք է տեղափոխեք նրան այլ դպրոց»: Սա պարզապես ապօրինությունների մի ամբողջ աստղաբույլ է ներկայացնում, որը կոպտագույնս խախտում էր եղբորս կրթություն ստանալու իրավունքը հիմնովին: Եվ այս` «սեփական ուղեղով մյուսներին չափելու» տրամաբանությունը յուրահատուկ բութ կամակորությամբ դրսևորվում էր տնօրինության յուրաքանչյուր քայլափոխի: Մյուս իրավախախտումներից որոշներին կարող եք ծանոթանալ Նիկոլ Փաշինյանի հրապարակած նյութում:

Հաղորդման զավեշտական մենտաժին և հաղորդավար պատանուն, ինչպես արդեն ասացի, չեմ անդրադառնում` սկզբունքորեն: Պարզապես նողկալի է:

Վերջում անդրադառնամ ևս մեկ հնչած մտքի, ասվում էր թե հորս դիմել են մի քանի այլ ծնողներ (իբր տղամարդավարի)` ասելով, որ Հարությունին տեղափոխի մեկ այլ դասարան, ինչին ի պատասխան` իբր հայրս մոտեցել և ձեռք է տվել նրանց համաձայնելով:

Տոտալ աբսուրդ: Դեպքերի ժամանակագրությունը խախտած և շրջած պատկեր:

Այս ողջ ընթացքում այդ հա՛յրս էր պարբերաբար դիմում տնօրենին` ասելով, որ կանայք շատ են խառնվում հարցերին, իսկ իրենց հետ չի լինի խոսել, հորդորում էր հայրերին կանչել, հավաքել` վստահ լինելով, որ իրենք վերջիվերջո տղամարդ են, իրենց հետ հնարավոր կլինի շատ արագ հարթել բոլոր խնդիրները: Երկրորդ` երբ ծնողներին հայտնել էին ոստիկանությունից, որ իրենք իրավունք չունեն երեխաներին դպրոց չբերելու, հակառակ դեպքում` լուրջ իրավական խնդիրների առաջ կկանգնեն, ծնողները բերել էին երեխաներին, և իրենք իրենց և երեխաների առաջ գուցե արդարացնելու համար իրենց քայլը` հորս միանգամից մոտենում են և ասում, թե «միասին վերջ տանք այս ամենին», ինչին հայրս ավելացնում է, որ պետք է հավաքել երեխաներին, մի խնջույք կազմակերպել և մոռանալ այս ամենը, ինչից հետո տեղի է ունենում փոխադարձ ձեռքսեղմումը: Այնուհետև կես-խոսքով ասվում է հորս, թե «գուցե նաև սկզբնական շրջանում Հարությունին տեղափոխեք կողքի դասարա՞ն» (շատ մեղմորեն), ինչին հետևում է հորս «Կմտածեմ» արտահայտությունը` նպատակ ունենալով չփչացնել ջերմ մթնոլորտը մերժմամբ: Իսկ երբ հաջորդ օրը, արդեն երբ հայրերը գնացել էին և իրենց արածի մասին հաղորդել նաև մայրերին, եղբորս դպրոց բերելիս ծնողներս տեսնում են, որ դպրոցի մուտքի մոտ հավաքվել են «ծնողկոմիտեի» տիկնայք, ովքեր, նկատելով Հարությունին, վրդովում են և «Ո՞նց, ինքը փաստորեն հլը դուրս չի էկե՞լ» զարմացած հարցադրումներով անմիջապես շարքով բարձրանում են տնօրենի կաբինետ: Անհայտ բովանդակությամբ տնօրինուհու հետ զրույցից հետո սկսվում է դպրոցական երկրորդ կիսամյակը` տոտալ խռովությամբ և զազրելի ու ստոր բազում-բազում հարձակումներով թե՛ «մանկավարժների», թե՛ դասարանի աշակերտների կողմից, որոնք մարիոնետների նման կատարում էին այն, ինչ թելադրվում էր:

Ներկայացվածը ընդամենը մի փոքրիկ մասն է այն ամենի, ինչը տեղի էր ունենում այնտեղ, բայց նույնիսկ այսքանը երբեք չէի ցանկանում հայտնել` խնայելով բոլորիդ հոգեկան աշխարհը և նյարդերը:

Պարզապես ամենից նենգ բանը թիկունքից հարվածն է...

Այս ողջ ընթացքում անձամբ իմ գլխավոր մոտիվացիան եղել է այս դեպքը մյուս նմանատիպ դեպքերի համար նախադեպային դարձնելը: Սա չափազանց պարտավորեցնող է և քաջալերող: Նույնը հաղորդել եմ նաև եղբորս. նա մշտապես ունեցել է այն գիտակցությունը, որ այս ամենը անում է ոչ միայն իր, այլև շատ այլ երեխաների համար, ովքեր նմանատիպ իրավիճակներում ի վիճակի չեն եղել ադեկվատ արձագանքելու և պահելու սեփական հիմնարար արժանապատվությունը: Իսկ այդպիսի դեպքերի` երբեմն ընդհուպ ողբերգական հանգուցալուծումների մասին այս շրջանում բազմիցս առիթ ունեցա տեղեկանալու: Ուստի, սիրելի բարեկամներ, կոչ եմ անում բոլորիդ երբե՛ք չհանձնվել` միշտ սրտում ունենալով դիմացինի հանդեպ անսպառ սեր` նույնիսկ ձեր բարկության մեջ:

Բարին ընդ ձեզ` բոլորիդ:

Եվ թող ոչ ոքիդ երեխան երբեք չանցնի այսպիսի ճանապարհով:

 

Հարություն Ղազարյանի եղբայր և ծնողներ: 

 

Ձեզ չեն ների, որ դիմացաք, չնվաղեց երբեք ձեր կամքը,

Չներեցին, երբ հեռացաք` նախազգալով խաղի ավարտը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին