Այսօր ԱԺ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքների փաթեթի նախագիծը: Փոխնախարարի խոսքով` փաթեթի նպատակը սահմանամերձ գյուղերում տնտեսական ակտիվության խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մինչ կհնչեցներ հարցը, հայտնեց իր զարմանքը այն մասին, որ ՀՀ ֆինանսների փոխնախարարը տեղյակ չէր իր՝ «Սահմանամերձ համայնքների մասին» նախագծին:
«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 25-ի Կառավարության նիստում հանձնարարել է, որ նախագիծը քննարկեք նաև ինձ հետ և ողջամիտ առաջարկները ներառեք պատրաստվող նախագծի մեջ: Այս փաստ հաստատել եք ինձ հետ ունեցած հեռախոսազրույցում, ընդ որում, ես եմ Ձեզ զանգահարել: Հիմա վարչապետը Ձեզ հանձնարարել է, իսկ Դուք եկել, ասում եք՝ կներեք, ես այդ նախագծի բովանդակությանը ծանոթ չե՞մ: Բա ո՞նց եք որոշել՝ այդտեղ ողջամիտ առաջարկ կար, թե՞ չէ, թե՞ Ձեր կառավարությունում մոտավորապես, հեռվից կամ ուրիշ զգայարաններով են որոշում»,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով՝ Կառավարությունում ձևավորվել էր Սահմանամերձ համայնքների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ: Այդտեղ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ սահմանամերձ համայնքների խնդրին լուծում տալու կարևոր քայլը կոմունալ վարձերի հետ կապված փոխհատուցում տալն է:
«Հիմա ինչո՞ւ արտոնություններ չեք տալիս»:
Վախթանգ Միրումյանի պատասխանից պարզ դարձավ՝ այ, եթե պատգամավորը իրենց նախագծի հետ կապված առաջարկություններ ունի և ցանկանում է, որ դրանք ներառվեն, կարող էր ներկայացնել, որ քննարկեին:
Ինչ վերաբերում է գազի, ջրի, էլեկտրաէներգիայի հարցերին, ապա փոխանխարարի խոսքով, դրանք նախագծում չեն քննարկվել:
Փաշինյանը նկատեց, որ իրեն ոչինչ չեն խնդրել, երկրորդ՝ իր առաջարկները նախագծի տեսքով ներկայացրել է, վարչապետն էլ հանձնարարել է ողջամիտ առաջարկները վերցնել.
«Հիմա վարչապետը Ձեզ է հանձնարարել, ստացվում է՝ Դուք էլ ի՞նձ: Պարզվում է՝ Ձեր վերադասի հանձնարարութունը չեք կատարել, կես էջանոց թուղթը չեք կարդացել, իսկ բերված փաթեթը սահմանամերձ համայնքների հետ ընդհանրապես կապ չունի»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ «Սահմանապահ համայնքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համաձայն՝ սահմանապահ համայնքի բնակիչներն ազատվում էին համայնքի տարածքում ունեցած հողի հարկից և անշարժ գույքի գույքահարկից. հարկերի գումարները պետք է փոխհատուցվեին պետության կողմից, որպեսզի չնվազեին նաև այդ համայնքների սեփական եկամուտները, որոնց հաշվին ծառայություններ են ստանում համայնքի բնակիչները:
Նախագծով առաջարկվում էր նաև, որ սահմանապահ համայնքների բաժանորդների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի ամսական վարձավճարի 50 տոկոսը փոխհատուցվի ՀՀ պետական բյուջեի միջոցներից:
Նախագիծը ԱԺ քառօրյա չընդգրկվեց.դեմ քվեարկեցին 3, կողմ՝ 40, ձեռնպահ՝ 50 պատգամավորներ:
Անի Կարապետյան