▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր աշխարհում ես ապրել չկարողացա. այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

 

Այսօր կրկեսի և կինոյի դերասան, ծաղրածու, մնջկատակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է: Ներկայացնում ենք նրա նովելներից:

Ես կրկին միայնակ եմ

Տանջալի է: Սարսափելի է, գալիքը թվում է լիովին մռայլ: Զարմանալիորեն դժվար է, բայց այնքան էլ նոր բան չէ միայնակ մնալը: Մտերիմ մարդ չկա, կին, ով կհավատա, կջերմացնի քեզ, և արդեն, երևի թե, այլևս չի լինի: Սա է դառը ճշմարտությունը…

Իսկ վաղը տանջալիորեն դժվար, տաժանակիր աշխատանք է, որի իսկական գինը միայն դու գիտես: Եվ հաջողությունն այնքան աննշան կլինի, եթե իհարկե լինի, փոխարենը ինչ սարսափելի է պարտությունը: Իմ հանդիսատես, ես հավատում եմ այն բանին, որ դու պիտի բարի լինես: Ինչի՞ մասին ես դու այսօր, այժմ, այս երեկո, մտածում, դու, որ վաղը գալու ես ինձ նայելու: Երևի, ոչ իմ մասին: Իսկ եթե նույնիսկ իմ մասին, քո մտքով էլ չի անցնի, թե ինչ տխուր է, և ինչքան չի ուզում ապրել այս ծաղրածուն, թե ինչ միայնակ է նա: Համ էլ  քաղց է զգում: Այդ ինչպե՞ս է պատահում, որ սերը և սիրո մեջ վիթխարի պահանջկոտությունը բաժանման է բերում:
Մի՞թե քո մտքով կանցնի, որ ես լիովին, հասկանու՞մ ես, բացարձակապես մենակ եմ: Ինչպես բացատրեմ, որ ես չեմ կարող ներել սիրելի կնոջը, նրա սովորական մարդկային կանացի անցյալը, որովհետև ինձ համար իմ սիրելիի անցյալը, ներկան և ապագան`  միևնույն բանն է, որովհետև ես սիրել եմ նրան այն օրը, երբ նա ծնվել է, և կսիրեմ մինչ ի մահ, և այն ամենը, ինչ կկատարվի նրա հետ այդ ընթացքում, ինձ է վերաբերում, այդ ամենը ես ընկալում եմ այնպես, ասես դա կատարվել է այսօր առավոտյան:
Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում, չեմ հասկանում ձեր օրենքները, ձեր բարոյականությունը, ձեր սերը, մեծահասակներ:
Չգիտեմ, թե ես ինչպես եմ ապրելու: Ձեր աշխարհում ես չկարողացա ապրել, իսկ իմում` ես լրիվ միայնակ եմ:

Սովորականն ամենաանսովորն է

Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև: -Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը… -Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց. -Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

Մայրը

Նա արտասվում էր:
Նա տուն էր եկել սովորականի պես՝ մեկ, երկու օրով: Արտաքինով և բնավորությամբ նման էր քսանամյա տղայի: Կանայք սիրում են վճռական և գործնական մարդկանց, իսկ այդ հատկությունը նա չուներ: Նա լալիս էր գիշերային անձրևի հետ միասին և, իհարկե, ամեն բանում մեղադրում էր մորը:
Մայրն է, որ լույս աշխարհ է բերել իրեն միմոսի ծիծաղելի դեմքով և դեռ մանկության օրերին էլ այդ «ահավոր» կինը չէր սովորեցրել դաժան վարվել ստորության հետ: Այդ կինը սովորեցրել էր նրան տեսնել ցայգը գետի վրա, թո՜ւյլ կին:
-Փոքրի՛կս,- հազիվ լսելի ասաց նա,- ես եմ քեզ լույս աշխարհ բերել այդպիսին: Ես երջանկությունից լաց եմ եղել: Եվ ահա դու՝ ամենակարողդհայտնվում ես բոլոր բեմերում: Հազարավոր մարդիկ ծիծաղում են ու լալիս, սիրում են ու տանջվում քեզ հետ:
Ների՛ր ինձ: Երևի ես սխալվել եմ՝ սովորեցնելով քեզ սիրել բանաստեղծությունը: Ես երազել եմ քեզ ունենալ այնպիսին, ինչպիսին շատ վաղուց ունեցել եմ իմ արքայազնին մտապատկերիս մեջ: Դու վատ ես զգում, ես վրիպել եմ: Բայց չգիտեմ՝ որտե՞ղ: Եթե հնար լիներ մեկն ու մեկից հարցնել՝ որտե՞ղ…

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին