«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 5-ին Լեռնային Ղարաբաղ մեկնեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը մի քանի օր առաջ վերադարձել էր Հայաստան եւ հարցազրույց տվել ներկայիս իրավիճակի ու իր պլանների մասին։ Այդ հարցազրույցն իր բովանդակությամբ բավականին լայն քննարկումների առիթ է դարձել։ Սակայն Սամվել Բաբայանի վերադարձի ֆոնին այդ քննարկումներն այսօր ըստ էության «ստվերեց» տեղեկությունը, որ Լեռնային Ղարաբաղում Սամվել Բաբայանի կողմնակից, ԱԺ ընդդիմադիր պւստգամավոր Հայկ Խանումյանը ծեծի է ենթարկվել։ Եվ դա տեղի է ունեցել Բաբայանի վերադարձից մի քանի ժամ հետո, ըստ էության՝ հաջորդ առավոտն իսկ։
Այս համատեքստում, անկախ, իհարկե, կոնկրետ անձից, ով էլ լիներ Բաբայանի փոխարեն, հայտնվում է իսկապես բավականին նուրբ իրավիճակում։ Սրան զուգահեռ՝ ակնհայտ է, որ ով եւ ինչ շարժառիթով էլ կիրառած լինի բռնությունը պատգամավորի հանդեպ, կամա թե ակամա, էլ ավելի է գեներացնում այն իրավիճակը, որ ստեղծվել է Սամվել Բաբայանի վերադարձի եւ դրա քաղաքական նշանակության համատեքստում։
Եվ, բնականաբար, այս բոլոր համատեքստերից դուրս, այն հարցադրումով հանդերձ, թե ում է ձեռնտու այդ ամենը, ակնհայտ է, որ միանշանակորեն դատապարտելի է որեւէ բռնություն՝ անկախ որեւէ մոտիվից։ Հայաստանի Հանրապետությունում, ներառյալ նաեւ Լեռնային Ղարաբաղում, բռնությունը չի կարող եւ չպետք է լինի որեւէ հարց լուծելու տարբերակ կամ գործիք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում