Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ ունենալով, Սերժ Սարգսյանն անդրադարձել է ներքաղաքական կյանքին ու նաև գնահատականներ տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը:
Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.
- Այսօր իմ հրամանագրով Գագիկ Ծառուկյանը կազատվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա:
- 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը:
- Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին:
- Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ: