▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը՝ Արարատում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ

Նոյեմբերի 10-ին Արարատ քաղաքում կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն բազմահազար արարատցիներին, ովքեր իրենց ձայնը տվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուին:

Ձեր ձայները, ձեր կամքի և քաղաքական գիտակցության դրսևորումը և, վերջապես, սեփական քաղաքի և պետության հանդեպ սրտացավությունն ու պատասխանատվությունն ինձ տալիս են ավելի մեծ եռանդ ու հավատ, որ մենք միասին ի զորու ենք լինելու շենացնել մեր երկիրը, վերականգնել մեր գյուղերն ու քաղաքները, կասեցնել արտագաղթը, Հայաստանում հաստատել արդարություն:

Դա պետք է անենք մենք բոլորս. ոչ ոք մեր փոխարեն մեր օջախի լույսը վառ չի պահելու:

Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նախընտրական շտաբին՝ նման բարդ պայմաններում կազմակերպած աշխատանքի և գրանցած արդյունքի համար:

Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական թիմին՝ գրագետ և կոռեկտ քարոզարշավի համար:

Ես իմ հատուկ շնորհակալությունն եմ հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական կառույցներին, հարյուրավոր կամավորներին, ովքեր օրեր շարունակ ցուցաբերեցին կուռ կամք և լուրջ թիմային աշխատանքի պատրաստվածություն:

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արարատցիներ, առանց պայքարի հնարավոր չէ հասնել մեծ հաջողությունների: Իսկ պայքարը չի լինում առանց խոչընդոտների և դժվարությունների:

Մենք ու մեր երեխաներն ապրելու ենք մեր երկրում՝ Հայաստանում: Սա նշանակում է, որ մենք միասին դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հանուն մեր պետության, հանուն մեր ժողովրդի, հանուն այն ապագայի, երբ մարդիկ չեն մտածի օր առաջ հայրենիքը լքելու մասին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին