Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը խորհրդարանում
Անկախության նվաճումից շուրջ քառորդ դար հետո` ինքնիշխանության վաճառքի դիմաց իրենց հանցավոր կառավարումը երկարաձգելու գերնպատակով Հայաստանում ժողովրդի իշխանությունը կրկին բռնազավթած Սերժ Սարգսյանն ու նրա խմբավորումը փորձում են մեր պետականությունը դեպի հետ մղել` ձուլելով անհեռանկար Եվրասիական տնտեսական միությանը, որի լոկոմոտիվ Ռուսաստանում արդեն 15 տարուց ավելի իշխում է բռնապետական համակարգը, և որը, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր ու համարվելով իբրև Հայաստանի ռազմավարական դաշնակից` մի քանի միլիարդ դոլարի զենք է վաճառում Ադրբեջանին:
Ղազախստանը, որտեղ բռնապետական և կոռումպացված համակարգն իշխում է արդեն 25 տարի, բացահայտ սպասարկում է Ադրբեջանի շահերը, Բելառուսում նույնպես բռնապետությունն իշխում է շուրջ 25 տարի: Այս երեք երկրներն էլ ունեն հետամնաց տնտեսություն, իսկ Ռուսաստանը, դեռ ավելին, ենթարկվում է միջազգային պատժամիջոցների, ինչի հետևանքով նրա տնտեսությունը մոտ է փլուզման:
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առանցքային հանձնառությունը պետք է լինի Արցախի Հանրապետության ճանաչումը և դրանից բխող` միջազգային ճանաչման երաշխավորումը: Այնինչ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, իր ոչ լեգիտիմ ստորագրությունը դնելով Հայաստանի Հանրապետության անկախության կորուստը վավերացնող փաստաթղթի տակ, ոտնահարելով մեր երկրի Սահմանադրությունը, քաղաքակրթական ուղղվածությունն ու արժեքային համակարգը` մեր անկախ հայրենիքն այսօր ուզում է կցել բռնապետական մի կառույցի, որը ոչ միայն խոչընդոտում է ազգային նպատակների իրականացմանը, ոչ միայն հանդիսանում է ներկայիս ռուսական կայսերապաշտության վերականգնման փորձանմուշը, այլ նաև պարտադրում է Արցախի Հանրապետության հանձնում Ադրբեջանին:
Մենք հասկանում ենք, որ բռնազավթիչները միշտ էլ ցանկանում են ընկերակցել իրենց նմանների հետ, հասկանում ենք, թե խորհրդարանական մեծամասնությունը Ազգային ժողովի այլ խմբակցությունների հետ ինչու է մերժում «Ժառանգության» կողմից ներկայացված «Լյուստրացիայի մասին» օրենքի նախագիծը, սակայն նաև ուզում եմ շեշտել, որ ռուսական միահեծանության հայկական սպասավորներն իրենք են իրենց բացահայտում կամ ինքնաբացահայտվում` ջղագարության հասնելով տարիքի կամ կայսրությունների փլուզման անխուսափելիության գիտակցումից: Իսկ բռնազավթիչների հանցագործությունների շարունակումը նրանց միայն ավելի է մոտեցնում հայ ժողովրդի դատարանի դատավճռով իրենց սպասող բանտախցերին:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն