▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բռնաբարված ու խոշտանգված եզդիները Դեր Զորում մարող հայոց երթն են հիշեցնում

Պատերազմի ու խաղաղության սահմանագծին ապրող Հայաստանում այս օրերին ամենափնտրված բանը լրահոսն է։ Սահմանից յուրաքանչյուր լուր մերձպատերազմական մթնոլորտին կամաց-կամաց վարժվող հայաստանցիներս թռցնում ենք օդի միջից ու, զարմանալիորեն, և շատերի համար անսպասելի՝ հակառակորդի յուրաքանչուր կրակոց կամ դիվերսիա ավելի է կոփում մեր կամքը, միասնականությունն ու մեր մեջ նիրհող տիրոջ զգացումը։

Օդում հայ զինվորի պաշտամունք կա, և ամեն ինչ չափազանց ճշգրիտ է, այլընտրանք չհանդուրժող։ Այդպես էլ պիտի լիներ՝ մեր անկախությունը, արժանապատվութըյունն ու նաև շատ հաճախ ժողովրդից երես թեքած իշխանութունն այսօր սահմանին կանգնած տասնութամյա հայ զինվորն է պահում։ Մի քանի օր էր պետք այս ճշմարտությանը հասնելու համար։ 

Իսկ այս օրերին լրահոսից առհասարակ արյան ու բռնության հոտ է գալիս։ Աշխարհն ավելի քան անհանգիստ է, մարկային նկարագիրը կորցրած՝ Միջին Արևելքից մինչև Արևելյան Եվրոպա… Ինձ, մեզ ամենամոտն իմ սահմանն է ու սահմանին կանգնած հայ զինվորը, բայց սա չի խանգարում չպապանձվել այն պատկերի առջև, ինչ կատարվում է Հյուսիսային Իրաքում։

Տեղահանված, բռնաբարված ու խոշտանգված քրդերի ու եզդիներ շարասյուններն ինձ Դեր Զորում մարող հայոց երթն է հիշեցնում, գաղթի ճանապարհին ընտանիքը կորցրած ու գոյությունը փրկելու համար բարեկամ քուրդ ռեսի կողմից Ստեփան անունը Ֆայաթի փոխած սասունցի պապիս հիշատակը։ Միթե կարող է պատմությունն հարյուր տարի անց կրկնվել` այս նույն անողոքությամբ, արյունռուշտ բարբարոսի դեմքով: Իսկ մեզ թվում էր, թե հարյուր տարին լուրջ ժամանակահատված էր։ Բայց ոչ` ինչպես Թումանյանը կասեր «Ու հեռու է մինչև Մարդն իր ճամփան», իսկ զբաղված, քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհը դարձյալ լռում է:

Լիլիթ Գալստյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին