«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանի կողմից ռազմական նոր գործողությունների սպառնալիքի տակ գտնվող Հայաստանը, փաստացի, այս պահին բարձիթողի վիճակում է։
Բարձրագույն իշխանության բոլոր ներկայացուցիչները որոշել են միաժամանակ արձակուրդի գնալ՝ երկիրը թողնելով բախտի քմահաճույքին։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, թե բարձրաստիճան որ պաշտոնյան երբ է արձակուրդի մեկնել:
Այսպիսով, թեեւ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն մարզեր է այցելում, տարբեր հանդիպումներ ունենում, մասնակցում ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի ընտրություններին, բայց, փաստացի, նա հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը արձակուրդում է։ Թերեւս աննախադեպ երեւույթ է, որ երկրի ղեկավարը, այն էլ՝ բազմաթիվ սպառնալիքների առջեւ գտնվող երկրի, շուրջ մեկ ամիս արձակուրդ վայելի:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ով կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող Հայաստանում վարչապետից հետո երկրորդ քաղաքական դեմքն է, հուլիսի 16-ից օգոստոսի 5-ը արձակուրդում է:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով հուլիսի 22-ից մինչեւ հուլիսի 26-ը ներառյալ արձակուրդում էր եղել, երկրորդ անգամ է հանգստի գնացել՝ երկարացնելով արձակուրդային ժամանակը՝ հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ներառյալ։
Աշխատանքից հանգստանում է նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ստացվում է՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչները պարբերաբար ժողովրդին նոր պատերազմի վտանգով են ահաբեկում, մյուս կողմից էլ հանգիստ սրտով, միաժամանակ արձակուրդի են գնում՝ երկիրը թողնելով առանց քաղաքական ղեկավարության:
Թերեւս, եթե սա լիներ Շվեյցարիայի, Նորվեգիայի կամ խաղաղ կարգավիճակում գտնվող մի այլ երկրում, գուցե հասկանալի եւ ընդունելի լիներ, բայց նոր պատերազմի սպառնալիքի տակ գտնվող Հայաստանի դեպքում երկրի բարձրագույն ղեկավարության այս քայլը չունի որեւէ բացատրություն:
Ի դեպ, ՀՀ նախագահն էլ օլիմպիական խաղերին հետեւելու համար Փարիզ էր մեկնել»: