ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը․ «Հայաստանի ընդդիմադիր դաշտին վերջին շրջանում համառորեն պարտադրվում է արհեստական օրակարգ, որը որևէ կապ չունի ոչ Փաշինյանի ռեժիմի դեմ պայքարելու, ոչ Հայաստանին սպառնացող վտանգների և իրական առաջնահերթությունների հետ։ Այժմ թույլ տվեք կարծիքս հայտնել հանրային քննարկումների թեմա դարձվող «նախագահները պիտի հեռանան» խոսույթի որոշ երանգների մասին, որոնց տարածման առաջամարտիկն է դարձել Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ում տարօրինակ քաղաքական խոսքը չի սահմանափակվում միայն այս հարցի շահարկումներով։ 1. Իրավական առումով այն ՀՀ քաղաքացիներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իրավունքների սահմանափակման բացահայտ փորձ է։ 2. Քարոզչական առումով նման սինթետիկ հարցադրումը շեղում է հանրային օրակարգն ազգային և տարածաշրջանային առաջնահերթություններից։ 3. Տրամաբանական առումով սույն հորդորը որևէ աղերս չունի բանականության հետ, քանզի զավեշտ է քաղաքական պայքարից երկրի 2-րդ և 3-րդ քաղաքական ուժերի առաջնորդների հեռանալու գաղափարը։ 4. Ժողովրդավարության առումով դա ոչ միայն տվյալ մարդկանց, այլև իրենց կողմից ղեկավարվող քաղաքական միավորումների գործերին միջամտելու հանդուգն փորձ է։ 5. Տեխնոլոգիական առումով նման պնդումը ոչ թե Նիկոլին հեռացնելու, այլ նշմարվող խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունների երկու հիմնական մրցակից ուժերին գլխատելու խորամանկ փորձ է, մանավանդ, որ Սրբազանի կարծիքով՝ պարտադիր չէ հեռացնել Փաշինյանին։ (Խնդրում եմ հաշվի առեք, որ 2026-ի մասով ընդդիմադիր խմբակցությունները հանրայնացված որոշում չունեն)։ 6. Բարոյական հարթության մեջ սույն տեսակետն ընդհանրապես չի դիմանում քննադատության, քանզի Հայաստանի և Արցախի համար պայքարն անբաժանելի է այդ ղեկավարների կենսագրությունից, և ակնկալել, որ նախորդ նախագահները կմոռանան իրենց կյանքի գործը, այդ ընթացքում կորցրած ընկերներին, թշմամուն հանձնված հայրական տները, եկեղեցիները և գերեզմանները, առնվազն անբարո է։ Իհարկե, ընդդիմադիր ուժերի գործունեությունը կարելի է և պետք է քննադատել՝ սրտացավ և հիմնավոր, մտքում պահելով պայքարի հիմնական նպատակը։ Այո, ցավոք, այդ նպատակին դեռ չենք հասել, նույնիսկ Հայաստանի երրորդ և երկրորդ նախագահների ջանքերով։ Բայց չէ՞ որ մենք ինքներս զերծ ենք մնում «հակընդդեմ» առաջարկով հանդես գալու և Շիրակի հոգևոր առաջնորդին հեռանալու հորդոր ուղղելու պարզունակ գայթակղությունից՝ այն հիմնավորմամբ, որ, օրինակ, մարզում ամենաբարձրներից է այլընտրանքային կրոնական հոսանքների, իսկ, կարճ ասած՝ աղանդների ակտիվությունն ու տարածվածությունը։ Վերջիվերջո, երկուսն էլ իրենց թիմերի հետ ինքնուրույն կորոշեն սեփական քաղաքական ճակատագրերը՝ դրանք անբաժան դիտարկելով երկրի և ժողովրդի ճակատագրից։ Իսկ այս փուլում Սարգսյանի և Քոչարյանի դեմ գծած և իրագործվող փազլը հեշտությամբ հավաքվում է. մի կողմից՝ դաշտ է նետվում նրանց հեռանալու կոչը, մյուս կողմից՝ նրանց ղեկավարված ուժերին ինքնակամ «մանդատազերծվելու» առաջարկը, իսկ երրորդ հարթության մեջ՝ դատաիրավական հարթության մեջ սաստկացել են ապօրինի ճնշումներն իրենց և իրենց քաղաքական թիմերի նկատմամբ։ Պատկերն առավել քան հստակ է, իսկ դրա գծագրի փորը երևում է նույնիսկ ամենասլիմֆիթ հեծանվային զգեստում։ Հ.Գ. Արդեն կես տարի է, ինչ ընդդիմադիր պայքարի առաջնորդի ջահը մեկ այլ հոգևոր հոր՝ Բագրատ Սրբազանի ձեռքերում է, ում, ի թիվս այլ ուժերի՝ աջակցում են նաև երկրի նախորդ ղեկավարները։ Մեկ Սրբազանի առաջնորդության ֆոնին է՛լ ավելի տարօրինակ են մյուսի հայտնած տեսակետները։ Կարծում եմ, հասարակությանը պետք է զերծ պահել «բարի և չար» Սրբազանների դիխոտոմիայից և վերադառնալ բուն օրակարգին»։ |
««Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել»»․ Արմեն Աշոտյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet