▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվին հանձնարարված առաջադրանքը` ստեղծել նախապատերազմական իրավիճակ

Արցախ-Ադրբեջան-ՀՀ շփման գծերի կամ ընդհանրապես սահմանային գոտիների վրա արձանագրվող հրադադարի խախտումները թեւակոխել են նոր փուլ։ Թվում է, որ խոսքը խախտումների հերթական բնույթի մասին չէ, որքան նախապատերազմական իրավիճակի ստեղծման փորձի` Ադրբեջանի կողմից։

Որոշ առումով ներքին սպառման, շատ աւելի համոզիչ`տարածաշրջանում արձանագրվող իրադրությունների ընդհանուր մթնոլորտից մեկնած, համենայնդեպս, Բաքուն համարձակ քայլեր է առնում ստեղծելու համար նախապատերազմական իրավիճակի ընդհանուր մթնոլորտ։ Հայկական կողմից կան ոչ միայն համարժեք պատասխաններ, այլ աւելին, համարժեքից անդին, պատժիչ գործողություններ, խիստ հակահարվածներ, սպանված ադրբեջանցի զինվորների բազմապատկվող թվեր։

Ի՞նչն է տակաւին, որ հակառակ հետախուզական ներթափանցման բոլոր գործողությունների ձախողմանը, հակառակ դիրքերի կորստին եւ հակառակ սպանվածների թվի աճին, Բաքուն  շարունակում է ռազմական այս վարքագիծը։ Որքան էլ,  թե՜ իր հասարակության եւ թե՜ միջազգային հանրության համար, ադրբեջանական քարոզչամեքենան խեղաթյուրված ներկայացնի պատահարները, այնուամենայնիւ իր ձեռնարկած գործողությունների անարդյունավետությունն ու սպանված զինվորների աճող թւերը կարող են բումերանգի ազդեցություն ունենալ ներադրբեջանական շրջանակներում։ Ուրեմն`դարձեալ հանկերգվող հարցումը. ինչո՞ւ է ադրբեջանական գործողությունների այս թափը։

Արդեն պաշտոնականացած է, որ օգոտսոսի 8-ին կամ 9-ին, երկարատեւ ընդմիջումից հետո տեղի կունենա նախագահներ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը։ Հանդիպման նախօրեին գերլարված իրավիճակի կամ ուղղակի նախապատերազմական իրավիճակի ստեղծումը առաջադրանք է. գուցե ոչ զուտ ադրբեջանական առաջադրանք։

ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի պաշտոնական հայտարարությունները ստեղծված իրավիճակի մասին համընկման բաժիններ ունեն իհարկե։ Այս օրինաչափությունը պետք է հարգվի, որովհետեւ երկուսը Ֆրանսիայի հետ միասին, ստանձնել են միջնորդական առաքելություն արցախյան հակամարտության բանակցություններում։ Ակնկալելի էր, որ երկուսի հայտարարություններում բացակայեր կողմի վերագրումը եւ ընդգծվեր մտահոգված լինելու փաստն ու ռազմական գործողություններից զերծ մնալու կոչը։

ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարության այս բաժինը որոշ դիտարժան նշանակություն կարող է ունենալ. «Պատասխան գործողությունները և բռնության աճը ավելի  են դժվարացնում խաղաղ կարգավորման հաստատումը»։ Վաշինգտոնի այս տրամաբանությամբ, եթե պատասխան գործողություններ կան, ուրեմն նախահարձակ գործողություններ պետք է եղած լինեն։ Ենթադրվում է, որ Վաշինգտոնը իրազեկ է, թե ո՞վ է նախահարձակը եւ ո՞վ է պատասխանողը։ Բայց առանց նախահարձակ կողմը քննադատելու պատասխանող կողմի վրա պատասխանատվություն բարդելը թե` դժվարացնում է խաղաղ կարգավորման հաստատումը, առնվազն մտածելու տեղիք է տալիս, քաղաքական հետաքրքիր այս տրամաբանության մասին։

ԱՄՆ պետքարտուղարությունը նաեւ կոչ է անում երկու նախագահներին հնարավորինս շուտ հանդիպելու։ Հնարավորինս շուտը արդէն 4 օր հետո է։ Այն, ինչ որ իբրեւ կոչ բացակայում է Մոսկվայի հրապարակած հայտարարությունում։

Հիմա լուսարձակի տակ կգա նաեւ այլ կարեւոր մի հանգամանք։ Միջնորդ երկրներից երկուսը երրորդի դեմ որոշել են դիմել պատժամիջոցների։ ՌԴ-ի դեմ պատժամիջոցային քաղաքականության առաջնորդ ԱՄՆ-ը հաւաքագրում է այլ պետություններ, որոնց կարգին իհարկե ԵՄ-ի երկրները եւ դրանցից առաջինը Ֆրանսիան։ Իրար դեմ սառից դեպի գաղջ պատերազմի անցած երկրները միասնաբար ստանձնել են միջնորդություն` խաղաղորեն կարգավորելու նախապատերազմական մի իրավիճակ։ Այս հանգամանքների ստեղծած համապատկերի ճիշտ ընկալումը գուցե օգտակար կլինի հասկանալու Բաքվի գերաշխուժացումը եւ միջնախագահական ձեւաչափով կայանալիք հանդիպման նախօրեին նախապատերազմական իրավաճակի ստեղծման փորձերը։

Ահա ճիշտ այստեղ է, որ եթե համոզումը կա, որ ա՜յս է առաջադրանքը` իբրեւ հանձնարարական տրված Բաքվին, հայկական կողմը այդ մթնոլորտի տեղեկատվական բաժնի ստեղծմանը չնպաստելու զգոնությունը պիտի ցուցաբերի։ Նկատելի է թե՜ Արցախի եւ թե՜ ՀՀ-ի պաշտպանության նախարարությունների մամուլի հրապարակումներով փոխանցված ուղերձների զսպվածությունը, ուղղակի թե անուղղակի։ Հայկական բանակը գերսթափ վիճակում է եւ ձախողեցնում է Բաքվի ձեռնարկած ներրթափանցման բոլոր գործողությունները։ Հայկական կողմը շարունակում է ընդգծել իր եւ միջնորդական կառույցների կողմից առաջարկված եւ ադրբեջանական կողմից մերժված կարգավորման խաղաղ ճանապարհները, միաժամանակ պարզ դարձնելով, որ հետզհետե ավելի պիտի խստացնի նման սադրանքներին պատասխանելու իր ոճը։

Իր խիստ կեցվածքով միաժամանակ Երեւանը հասկացնում է, թե հնարաւոր չէ ուժի լեզվով իրեն դիվանագիտական-քաղաքական զիջումներ պարտադրել, մյուս կողմից Արցախի տարբեր պաշտոնական ներկայացուցիչներ ավելի եւ ավելի ամուր կերպով ընդգծում են, որ Մադրիդյան սկզբունքները ԼՂՀ-ի համար ընդունելի չեն. մասնաւորաբար ընդունելի չէ ներկայիս ձեւաւորված սահմաններից  որեւէ չափով նահանջ։

 Իրավիճակը լարված է, բայց հայկական ուժերի կողմից վերահսկելի։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին