Բանակում ծեծելու հետևանքով ծառայության համար ոչ պիտանի դարձած և հոգեկան խնդիրներ ձեռք բերած Աբրահամ Հովհաննիսյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Թեպետ նա պարբերաբար 24 օրով սկզբում Ավանի, այնուհետև Նուբարաշենի հոգեբուժարանում բուժման կուրս է անցնում, սակայն դրանք ավելի վատ են անդրադառնում 23-ամյա երիտասարդի վրա: Եղբոր` Գրիգոր Հովհաննիսյանի պատմելով, Աբրահամին «Դիազեպան» դեղամիջոցն են ներարկում, ինչի արդյունքում նա որոշ ժամանակով հանգստանում է, բայց հետո սկսում շարունակ խոսել:
Այս մասին գրում է Panorama.am-ն ու նշում, որ ավելի վաղ զրուցել էր Աբրահամի եղբոր հետ, ծանոթացել Աբրահամի խնդիրներին և տեղեկացրել, որ 2009-ին բանակ զորակոչված երիտասարդին հաջողվել է ընդամենը մեկ ամիս ծառայել բանակում, որից հետո տեղափոխվել է Կանազի զինվորական հոսպիտալ: Մեզ էր ներկայացվել նաև Ռազմական բժշկական հանձնաժողովի որոշումը, որտեղ նշվում էր Աբրահամի ախտորոշումը. «Սուր պարանոիդ փսիխոզ, դեպրեսիվ պարանոիդ համախտանիշ»: Այնուհետև նշվում էր, որ ՊՆ 2006 թվականի մարտի 30-ի որոշման 5-րդ հոդվածի համաձայն, Աբրահամ Հովհաննիսյանը պիտանի չէ ծառայության: Ինչ վերաբերում է հիվանդության պատճառներին, ապա` «այն ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում: