▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային ժողովը ոնց որ բեսեդկա լինի. Էդգար Կոստանդյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 2-ին Asekose.am-ը բացառիկ իրավունքով իր այցելուներին կներկայացնի ամենաքննարկված ու աժեոտաժային «Որբանոց» վեպը: Գրքի տպագիր տարբերակն ամբողջովին սպառվել է: Վեպը լույս է տեսել 2013 թվականի նոյեմբերին եւ վեց ամսում ապահովել հայկական գրական շուկայի համար ռեկորդային վաճառք` մոտ վեց հազար օրինակ: Կարծիքներն ու խոսակցությունները գրքի մասին հակասական էին ու իրարից տարբեր: Գրաքննադատներից շատերն ասում էին, որ նման գրականություն չի կարող գոյություն ունենալ, իսկ ընթերցողները, հատկապես երիտասարդությունը, աղմկահարույց վեպի հեղինակ Էդգար  Կոստանդյանին համարում էին նոր սերնդի լավագույն հեղինակը: Եվ ահա, կես տարվա իրարանցումից հետո «Որբանոցը» կլինի նաև համացանցում:

 

-         Էդգար, անցյալ տարի մեծ համարձակության գնացիր` տպագրելով «Որբանոցը»: Գրքում ուղիղ տեքստով խոսում էիր այնպիսի երևույթներից, որոնց մասին սովորաբար լռում են կամ խոսում են զգուշավոր` տողատակերով: Չկա՞ր մտավախություն, որ քեզ ճիշտ չեն հասկանա:

-         Իսկ ո՞վ է ասում, որ ինձ ճիշտ հասկացան: Ընդհանրապես, էդ համարձակ տերմինը չեմ հասկանում: Գրականությունը համարձակ արվեստ է, բոլոր արվեստներն են համարձակ: Ես ռիսկի չեմ գնացել, ես ուղղակի վեպ եմ գրել:

-         Շատերը կարծում են, որ գրքիդ հաջողությունը լավ PR-ով էր պայմանավորված: Ասում են «Որբանոցը» կոմերցիոն գիրք է:

-         Չեմ ժխտում` նաեւ PR-ով: Վա՞տ բան է PR-ը: Մենք ընդհանրապես ամեն ինչ սխալ ենք հասկանում ու մեկնաբանում, կոմերցիան ու ներողություն արտահայտությանս համար, «գռդոնը» տարբեր բաներ են: Գումար ես ներդնում, պիտի նաեւ գումար աշխատես:

-         Հերոսներդ այսօրվա երիտասարդներն են, մեր կողքին ապրող մարդիկ: Կա՞ն այսօր քո հերոսներից:

-         Քիչ, բայց կան… Մի անգամ ասել եմ, նորից եմ ասում, մենք մոմի լույսի տակ մեծացած սերունդ ենք, մենք գիրք ենք կարդացել, մենք ուրիշ զբաղմունք չունեինք: Դրա համար հիմա ինտելեկտուալ կորիզ կա, կան երիտասարդներ, որոնք ամեն գնով ուզում են տեր լինել էս երկրին, ուրիշ հարց է` կարողանում են, թե ոչ:

-         Քեզ թվում է` չե՞ն կարողանա:

-         Մեր ղեկավարությունը մի շատ ուժեղ հատկություն ունի` ցանկացած լավ բան ոչնչացնում է, ոչ մի բան իր տեղում չի, ոչ արվեստագետն է իր տեղում, ոչ բանվորը, ոչ նախարարը:

-         Նոր կառավարություն է ձևավորվել, գուցե դեպի լա՞վը գնա ամեն բան:

-         Ես ընտրում եմ դահլիճի օգնությունը (ծիծաղում է-Լ.Մ.): Իսկ եթե լուրջ, ոչ մի նորմալ մարդու էս կառավարությունը չի կարող հավատ ներշնչել: Մեկ-մեկ, երբ լսում եմ մեր նախարարների ելույթները, ուզում եմ հարցնեմ` տղերք, տանը գիտե՞ն` ինչով եք զբաղվում:

-         Վարչապետն ասում է, որ դեմոկրատիայի ու հավասարության կողմնակից է:

-         Ես էլ ասում եմ, որ պարաշյուտիստ եմ:

-         Ընդդիմությանը ո՞նց ես վերաբերվում:

-         Իսկ դու հայկական մեքենաշինությանը ո՞նց ես վերաբերվում: 

-         Ուզում ես ասես` չունե՞նք ընդդիմություն:

-         Ուզում եմ ասել, որ Ազգային Ժողովը կարելի ա փակել, անիմաստ 131 հոգու աշխատավարձ ա գնում բյուջեից: Դու Ազգային Ժողովի նիստ նայած կա՞ս: Ես օրինակ չեմ կարողանում, Նիկոլ Փաշինյանի ձայնը հենց լսում եմ, չորս-հինգ օր կոշմարներ եմ տեսնում, Շարմազանովը հենց Նժդեհ ա ցիտում, ստամոքսի սուր ցավեր եմ ունենում ու տենց… Ազգային Ժողովը ոնց որ մեր հայաթի բեսեդկան լինի, մի տարբերությամբ, որ մեր բեսեդկայում նստած մարդիկ փոքր ժամանակ գիրք են կարդացել: 

-         Վիրավորվա՞ծ ես:

-         Ումի՞ց վիրավորվեմ, ինչի՞ համար վիրավորվեմ: 

-         Ծայրահեղական են մոտեցումներդ:

-         Գուցե, չգիտեմ: 

-         Ու դարձյալ վերադառնանք գրքին: «Որբանոցը» քեզ հեղինակություն ու ճանաչում բերեց: Ի՞նչ փոխվեց քո մեջ:

-         Շատ բան փոխվեց: Այլեւս ավելի պատասխանատու եմ ինձ զգում ընթերցողիս առաջ: 

-         Գրողների միությունը, համենայն դեպս, անդամներից շատերը քեզ բառիս բուն իմաստով քարկոծում էին: Հոգեբանորեն ճնշվու՞մ էիր:

-         Բնավ: Ես ընդհանրապես լուրջ չեմ վերաբերվում էն մարդկանց, ովքեր էդ միության մեջ են, չնայած գիտեմ, որ շատ տաղանդավոր գրողներ կան այնտեղ, նույնիսկ մի քանի ընկեր ունեմ, բայց միեւնույն է, էդ միությունն ինձ ծերանոց ա հիշեցնում: Կան մարդիկ, որոնք լուրջ քննարկել են ինձ հետ գիրքս ու առարկություններ են ներկայացրել, ես էլ ընդունել եմ, բայց էն մարդկանց, ովքեր զբաղված են միայն ցեխ շպրտելով, չեմ կարող լուրջ վերաբերվել: Փառք Աստծո, ես իմ մեջքի հետևում հազարավոր ընթերցողներ ունեմ, որպես գրող դրանից մեծ գնահատական ինձ ու աշխատանքիս լինել չի կարող: 

 

 Հարցազրույցը`

 Լիաննա Մարտիրոսյանի


Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Asekose.am-ում կարող եք ընթերցել «Որբանոց» վեպի օնլայն տարբերակը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին