«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն այս ամբիոնից չափազանց կարևոր հայտարարություն արեց՝ ասելով, որ 2008թ. Մարտի մեկի էջը փակված չէ: Սա ակնհայտի արձանագրում էր, քանի որ մինչ օրս բացահայտված չեն 2008 թ. Մարտի մեկի սպանության հեղինակները»,-այսօր՝ ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Եվ այս ֆոնին, նրա խոսքով, շատ տարօրինակ է Քննչական կոմիտեի նախագահ նշանակված Հայաստանի երկարամյա դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունը, որն արել է 2014թ.սեպտեմբերի 11-ին՝ լրագրողների հետ զրույցում.
«Մեջբերում եմ տառացի. Դուք չարաչար սխալվում եք, որովհետև ասում եք, որ Մարտի մեկի գործով ոչ մի բացահայտում չկա: Մարտի մեկի բացահայտումները բոլոր իրականացված են: Ընդ որում՝ ոչ թե բոլոր բացահայտումները, այլ՝ բացահայտումները բոլոր, որ որևէ մեկի մոտ կասկածի նշույլ չլինի: Իսկ վերջում հավելում է. իհարկե, կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցով կան խոչընդոտներ՝ տուժողների կողմից հարուցված: Լավ, ասում է որ բացահայտված են, խնդիր չկա: Դե թող կանգնի հանրության առջև ու ասի՝ ո՞վ է սպանել Տիգրան Խաչատրյանին, Զաքար Հովհաննիսյանին, Գոռ Քլոյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին և մյուսներին»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով.
«Ամբողջ ՀՀ-ի և միջազգային հանրության համար սպանությունների բացահայտումն է կարևոր, իսկ Աղան Հովսեփյանի համար՝ չբացահայտված առանձին հանգամանքները: Իսկ ի՞նչ բացահայտում է արել: Բնորոշը այն էր, որ իմ համեստ անձին վերագրում էր գերբնական հատկություններ, որ ես կարող եմ մարդկանց հատուկ բառերի օգտագործմամբ գցել հոգեխանգարմունքի մեջ: Այնպիսի բառերի օգտագործմամբ, ինչպիսիք են հայրենիք, ընտանիք և այլն: Ի՞նչ կարելի է ասել մարդկանց, ովքեր Հայրենիք բառի օգտագործումը կարող են վկայակոչել որպես ապացուցողական նշանակություն ունեցող հանցանշան: Մեծ է գայթակղությունը՝ ասելու, որ այսպես կարող են վարվել միայն անհայրենիք մարդիկ, բայց ես զերծ կմնամ նման բնորոշումներից՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ-ի ներքաղաքական կյանքում թևածող ակադեմիական մթնոլորտը չխաթարելու համար»:
Անի Կարապետյան