▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պարզ կեղեքումը փորձում են ներկայացնել որպես ազգային միասնության խորհրդանշական դրսեւորում.Լեւոն Զուրաբյան

Լեւոն Զուրաբյանի ելույթը Ազգային ժողովում նոյեմբերի 16-ին

 

Հարգելի խորհրդարան, սիրելի ժողովուրդ,

Երբ ապրիլի 2-ին սկսվեց քառօրյա պատերազմը, առավոտյան կանուխ տեղեկություններ ստացանք մեր բանակի առաջին ծանր կորուստների եւ դիրքային նահանջների մասին։ Բառացիորեն մի քանի ժամ հետո Հայ Ազգային Կոնգրեսը, որն, ինչպես գիտեք արդեն ինը տարի շարունակ սուր եւ անհաշտ հակամարտության մեջ է իշխանության հետ, կուսակցության վարչության նիստում ընդունեց հայտարարություն, իր աջակցությունը հայտնելով մեր բանակին եւ խոսելով թշնամուն դիմագրավելու համար ազգային միասնականության ապահովման անհրաժեշտության մասին։

Թշնամու հարձակման պայմաններում, իսկ դրանից հետո նաեւ հարձակման սպառնալիքի պայմաններում ցուցադրված ազգային քաղաքական համախմբվածությունը թույլ տվեց մեր բանակին եւ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանություններին կարճ ժամանակում կայունացնել եւ ամրապնդել ռազմաճակատը եւ կոշտ բանակցություններ տանել Ադրբեջանի եւ միջնորդների հետ։

Մենք ընդամենը կատարեցինք այն, ինչ պետք է աներ պետական մտածողություն ունեցող եւ ղարաբաղյան հաղթանակի ակունքներում կանգնած քաղաքական ուժը։ Իսկ դուք, իշխանություններդ,  պետք է անհրաժեշտ դասեր քաղեիք կատարվածից։ Դուք պետք է խորապես գիտակցեիք, որ կոռուպցիան, հանրային միջոցների թալանը եւ ընտրակեղծարարությունը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը, ի վիճակի կործանելու ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ ձեզ։

Հանրությունը որոշակի սպասումներ ուներ, որ նորանշանակ կառավարությունը հենց այդ քաղված դասերի արդյունք է եւ որ այն կփորձի կամուրջներ կառուցել դեպի սեփական ժողովուրդը, վերացնել թալանի փորձված սխեմաները, հեռացնել բիզնեսի զարգացման խոչնդոտները, թեթեւացնել սոցիալական վիճակը եւ ստեղծել իշխանություն-հանրություն համագործակցության մթնոլորտ։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին» օրենքի ներկայացված սույն նախագիծը,  ցավոք, բոլորովին այլ բան է վկայում։ Առաջին հայացքից առաջարկվում է փառահեղ մի բան. վերջապես սահմանել պետական աջակցություն այն զինվորականների  ընտանիքների համար, ովքեր հայրենիքը պաշտպանելիս կորցրել են կյանքը կամ դարձել են հաշմանդամ։ Նախատեսված են հատուցման բավականին լուրջ գումարներ, ե՛ւ միանվագ օգնություն, ե՛ւ 20 տարվա ընթացքում ամենամսյա վճարումներ։

Ո՞վ կարող է դեմ լինել նման առաջարկին։ Որեւէ պետության համար կա՞ արդյոք ավելի սրբազան պարտավորություն, քան ռազմաճակատում կյանքը կամ առողջությունը կորցրած հայրենիքի պաշտպանների ընտանիքներին օժանդակությունը։ Իհարկե ոչ։ Ցանկացած պետության առաջնային եւ անբեկանելի պարտքն է ապահովել հայրենիքի պաշտպանների սոցիալական պաշտպանվածությունը։ Բնական է, որ սա մի գաղափար է, որի շուրջ շատ հեշտ է կառուցել ազգային համաձայնություն։ Որեւէ կուսակցություն չէր առարկի նման ծրագիրը բյուջետային ծախսերի մեջ որպես առաջնային, ոսկե եւ անդրդվելի տող համարելու դեմ՝ ի հաշիվ բազմաթիվ այլ ծախսերի։ Եթե կառավարությունը հանդես գար նման մի նախաձեռնությամբ, այսօր նույն Ազգային Ժողովում կտիրեր ազգային համաձայնության եւ միասնականության մթնոլորտ։ Ընդորում, կարելի էր բացել նույն այդ հիմնադրամը, կամավոր նվիրատվությունների եւ ֆինանսական մյուս առաջարկված գործիքների հնարավորությամբ, իսկ բազիսային անհրաժեշտ 5 միլիարդ դրամը ապահովել բյուջեի ծախսերից։ Եթե այդպես վարվեիք, ամբողջ հանրապետություն ձեզ այսօր կծափահարեր։

Բայց կառավարությունը ընտրել է բոլորովին այլ ճանապարհ, որը ոչ այլ ինչ է քան առանց այդ էլ աղքատության հասցված ժողովրդին կեղեքելու մի նոր հնարք. բոլոր ֆիզիկական անձերից, այսինքն 500 հազար հոգուց ամսական 1000 դրամ լրացուցիչ գումար կորզելու ճանապարհը։ Այս պարզ կեղեքումը փորձում են ներկայացնել որպես ազգային միասնության խորհրդանշական դրսեւորում: Այսինքն, իբր բոլորի պարտադիր մասնակցությունը այդ դրամահավաքին ոչ մեկին անհաղորդ չի թողում այս հայրենանվեր ձեռնարկումից։ Այստեղ, չգիտես ինչու, մոռացվում է մի պարզ իրողություն. որ այդ նույն 500 հազար ֆիզիակական անձանց կողմից բյուջե որպես եկամտահարկ է մուծվում 330 միլիարդ դրամ։ Եւ եթե ազգային համաձայնության այս շոույի սիրահարներին հետաքրքրում էր բոլորի մասնակցության սիմվոլիզմը, ապա կարելի էր սույն օրինագծով նախատեսել, որ 500 հազար ֆիզիակական անձանց կողմից մուծված եկամտահարկից հազարական դրամ ուղիղ գնում է օրինագծով նախատեսվող  հիմնադրամին։

Հարց է ծագում. եթե եկամտահարկից առաջացած գումարից 5 միլիարդը ուղղենք զինվորականներին հատուցման հիմնադրամին, ապա բյուջեում նախատեսված ծախսերից ո?րը պիտի պակասեցնենք: Այստեղ տարբեր լուծումներ առաջարկեցին Արամ Մանուկյանը եւ Էդմոն Մարուքյանը, բոլորն էլ շատ ընդունելի: Ես անձամբ գերադասում եմ հետեւյալ լուծումը:

Եթե հիշում եք, Հայաստանում կառավարման ճգնաժամին վերաբերող  իմ զեկույցում, անդրադարձել եմ այն փաստին, որ հարյուր հազար հոգուն հասնող ոստիկանների թվաքանակով Հայաստանը միջին հաշվով երեք անգամ գերազանցում է ժողովրդավարական երկրներին։ Հայաստանում այդ թիվը 1000 է, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում 256 է, Գերմանիայում՝ 298, Բելգիայում՝ 373, Ավստրիայում՝ 326, Մեծ Բրիտանիայում՝ 307, Ճապոնիայում՝ 197, Ռուսաստանում՝ 285։ Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ իշխանությունները, չունենալով ժողովրդի վստահությունը եւ վախենալով նրանից, հույսը դրել են ոստիկանական բռնությունների վրա եւ այդ նպատակով պահում են ոստիկանական մի ամբողջ բանակ, որը ծանր բեռ է դառնում պետական բյուջեի վրա, եւ որի միակ նշանակությունն է իշխանությունը ապօրինաբար յուրացրած ռեժիմի պաշտպանությունը իրեն չընտրած քաղաքացիներից։

Ոստիկանական այդ բանակի վրա բյուջեի ծախսերը կազմում են 35 միլիարդ դրամ, որից մոտ 30 միլիարդը աշխատավարձի ծախսեր են: Ընդամենը 15 տոկոսով կրճատելով ոստիկանության ծախսերը, մենք կլուծենք հիմնադրամի համար անհրաժեշտ 5 միլիարդի խնդիրը: Կառավարությունը սակայն ոչ մի քայլ չի անում նման լուծումներ գտնելու ուղղությամբ:

Այստեղից պարզորոշ կերպով հետեւում է, որ կառավարության այս նախաձեռնության միակ նպատակն է սեփական քաղաքացիներից մի քիչ էլ փող քերելը, իսկ մատուցված ծրագիրը ընդամենը օգտագործվում է որպես ժողովրդի հայրենասիրական զգացմունքների վրա խաղալու միջոց: Ի?նչ է ստացվում: Երկար տարիներ իշխանությունները թալանում են երկրիրը, դիզում հարստություններ, թուլացնում երկրի պաշտպանությունը, կեղծելով ընտրությունները, անարգում սեփական ժողովրդին: Իսկ երբ գալիս է երկիրը պաշտպանելու ժամանակը, ՛՛անունը դնում եք հայրենիք եւ տալիս եք ժողովրդին՛՛: Եւ, փոխանակ վերադաձնեն թալանված միլիարդավոր դոլարները ու կրճատեն բյուջեի անարդյունավետ ծախսերը, 5 միլիարդ դրամ ապահովելու համար իրենց հենց կողմից աղքատացրած ժողովրդից փորձում են տանել հացի վերջին փողը:

Ժողովրդի զայրույթը սրանից է: Մի քանի անգամ այս Ազգային ժողովում բարձրացրել եմ Գլոբալ Ֆայնեշլ Ինթեգրիթի միջազգային հեղինակավոր կազմակերպության զեկույցները այն մասին, որ 2004թ.-ից վեր փողերի լվացման միջոցով Հայաստանից ապօրինաբար արտահոսում է տարեկան մոտ 1 մլրդ դոլար կապիտալ: Չնայած կառավարությունը խոստացավ ուսումնասիրել այդ զեկույցները եւ գրավոր պատասխանել, մինչ այժմ միայն քար լռություն է: Նունը վերաբերվում է այն վերլուծություններին, ըստ որոնց պետական պաշտոնյաների կողմից թալանվում եւ վատնվում է տարեկան մոտ 2.5 միլիարդ դոլլարի գումար:

Անուններ եք հարցնում: Քանի աղմկահարույց գործեր բարձրացրեցինք, քանի անգամ Հայ ազգային կոնգրեսի կողմից կազմված հարցապնդմամբ դիմեցինք կառավարությանը: Նաիրիտ: Արմավիա: Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալ: Միհրան Պողոսյանի Պանամական փաստաթղթեր: Դիզվառելիքի սուբսիդիաների չարաշահումներ: Հարյուրավոր միլիոնների թալան, որոնց վերաբերյալ Հայաստանի իրավապահ մարմինները պարտիզանական լռություն են պահպանում: Այս բոլոր գործերը եւ չարաշահումները չեն պատժվում, մինչդեռ իշխանությունները շարունակում են մոգոնել ժողովրդից փող կորզելու նորանոր սխեմաներ. Արագաչափեր, տեսանկարահանող սարքեր, կարմիր գծեր, կենսաթոշակային կուտակային վճարներ, հիմա էլ հասանք 1000 դրամի պետականորեն կազմակերպված գրպանահատությանը:

Սարսափելին միայն այն չէ, որ իշխանությունը այլ բան չի կարողանում հնարել, քան ժողովրդի հարստահարման նորանոր տեսակներ: Ավելի սարսափելին այն է, երբ փորձում են այդ թալանը արդարացնել, եթե կուզեք՝ լեգիտիմացնել վերամբարձ հայրենսիրական գաղափարներով, այնպիսի “կոնցեպտներով”, ինչպիսիք են “ազգ-բանակը”, ազգային համախմբվածությունը եւ միասնականությունը: Երբ որ պարզ թալանը փաթեթավորվում է հայրենասիրական ծրագրերով, սա ամենակարճ ճանապարհն է ազգային միասնականությունը խաթարելու ուղղությամբ:

Իրական ազգային միասնականության ճանապարհը շատ պարզ է: Ազատ եւ արդար ընտրություններ, ժողովրդի կողմից ընտրված եւ նրա առաջեւ հաշվետու իշխանություն, թալանված միլիարդների վերադարձ, մենաշնորհների եւ արտոնությունների վերացում: Առանց այս ամենը անելու, ցանկացած խոսակցություն հայրենսիրության եւ ազգային միասնականության մասին ուղակի ցինիզմ է եւ խաբեություն ու քողածածկույթ ապօրինությունների շարունակման համար:

Մենք ոչ միայն կողմ ենք, այլ նաեւ պահանջում ենք, որ զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին տրվի հատուցում օրինագծում նախատեսված չափերով: Մենք պահանջում ենք, բայց, որ զինվորականներին հատուցման հիմնադրամին այդ հատկացումները կատարվեն ոչ թե լրացուցիչ հարկատեսակներ ներդնելու, այլ բյուջեի ծախսերը վերանայելու միջոցով: Իսկ այս տեսքով նախագիծը բնականաբար մերժում ենք, ինչպես մեր ամբողջ ժողովուրդը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին