a1plus.am-ը գրում է. ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր սկսվեցին 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Այն պատգամավորներին ներկայացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նկատել է, որ կառավարության ղեկավարի պաշտոնում ինքն առաջին անգամ է ներկայացնում բյուջե եւ ակնկալում է շահագրգիռ քննարկումներ:
Ներկայացնելով բյուջեի հիմնական ուղղությունները՝ վարչապետը նշել է՝ 2015թ. համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 2014թ. համեմատությամբ 4.1 տոկոսով ավելի, որին կնպաստեն ծառայությունների, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ճյուղերի աճերը: Եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1,184.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ 4.3%-ով ավելի: Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ակնկալվում է 26.2 մլրդ դրամի չափով պաշտոնական դրամաշնորհ:
Ինչ վերաբերում է ծախսերին, ապա ծրագրավորվել է շուրջ 1,298.6 մլրդ դրամ` 2014 թ. համեմատ շուրջ 52.2 մլրդ դրամով ավելի: Բազային աշխատավարձի չափը կկազմի 66140.0 դրամ, որից օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների աշխատողների աշխատավարձի ֆոնդը կլինի 63,338.1 մլն դրամ՝ 2014թ. ավելի է 14,668.6 մլն դրամով:
Նա կոչ է արել արեց բյուջեի քննարկումներին զերծ մնալ քաղաքական բանավեճերից, քանի որ բյուջեն պրագմատիկ փաստաթուղթ է. «Նկատի ունենանք այն հանգամանքը, որ մենք ծախսելու ենք այնքան, որքանի հնարավորություն ունենք՝ պետական պարտքը նկատի ունենալով: Իրականության հետ կապը չկորցնենք եւ խոսենք ողջամտության սահմաններում: Այս կամ այն ոլորտին հույզերով ու զգացմունքներով չմոտենալ: Խնդրում եմ գիտակցել մի հանգամանք՝ մենք իրավունք չունենք խախտելու բյուջեի ողջամտության բալանսը, մենք չենք կարող վտանգել այս կամ այն ոլորտը՝ մյուսները բարելավելու համար: Ամեն կուսակցություն, բնականաբար, փորձում է ազդել բյուջեի ու այլ գործընթացների վրա, դա նորմալ է, սակայն ես իմ կարծիքը հիմա չեմ հնչեցի, դա կլինի այլ հարթակներում: Ուղղակի մի բան կխնդրեմ՝ չբերենք այս դահլիճ հրապարակի դիրքերը ու հնարավորինս հեռու մնալ պոպուլիզմից»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում