▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնտեղ նստած էր մի մարդ, որը բացարձակ կապ չուներ հայ ժողովրդի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին Հրապարակ․am-ը հարցրել է, թե ի՞նչ տպավորություն ունի Մյունխենում տեղի ունեցած պանելային քննարկումներից, որին մասնակցում էին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը․

«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը Մյունխենյան համաժողովին ներկայացված չէր որևէ մեկի կողմից»,- պատասխանել է Հովհաննիսյանը։ 

- Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերը ինչի՞ մասին էին՝ ըստ Ձեզ, կրկին խոսում էր ժողովրդավարությունից, բայց Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքներն օկուպացնելու վերաբերյալ որևէ բան չասաց։

-  Կրկնում եմ՝ այնտեղ նստած էր մի մարդ, որը բացարձակ, իր անունից բացի, որևէ կապ չուներ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հետ, և դա մեր համազգային ողբերգության ցուցիչներից, աղբյուրներից մեկն է և հիմնականն է։

- Ալիևը հստակ ասաց, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ, ում համարում էր «քրեաօլիգարխ», չի պատրաստվում երկխոսել, դրանից օրեր հետո Ռուբեն Վարդանյանն աշխատանքից ազատվեց։ Սա ի՞նչ է նշանակում։

- Ալիևն առաջին հերթին ռազմական հանցագործ է, որը պետք է կանգնի միջազգային դատարանի առջև, և ասելու փոխարեն, թե ում հետ ինքը կբանակցի, ինքը պիտի պատասխան տա իր ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Երկրորդը՝ ցույց է տալիս, որ ինքը գոնե մի քանի տարիներ արդեն հատուկ կապ ունի հայաստանյան կողմի հետ, որի առջև դնում է իր պահանջները, և դրանք որոշ չափով բավարարվում են։ Ես ենթադրում եմ, որ այս հարցում ևս ինքը պաշտոնական Երևանի միջոցով ստացավ իր ուզած պատասխանը։

-  Հայկական կողմի այն նոր տեսակետը, թե Արցախն ինքը պետք է Ադրբեջանի հետ բանակցի, Ձեր կարծիքով, հեռանկար ունեցո՞ղ դիրքորոշում է։

- Ես էի, որ ընդունեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը, որտեղ նաև ապահովված էր Արդբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություների միջև բանակցային հնարավորությունը՝ թե՛ բովանդակային, թե՛ ընթացակարգային, իսկ այն, ինչ հիմա շատ խորամանկորեն առաջարկվում է նաև Հայաստանի իշխանությունների ենթակա, ծնկաչոկ քաղաքականության շրջանակներում, փաստորեն, Ադրբեջանի բանակցային առաջարկն է, որ իր ցանկությամբ, իրեն պատկանող Լեռնային ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ տեխնիկական հարցերի քննարկում է, և ոչ 2 առանձին, հավասար ինքնիշխան միավորների միջև բանակցության ձևաչափ է։ Ինքը Հայաստանի հետ հավասարը հավասարի չի խոսում, ուր մնաց Արցախի հետ, սա ուղղակի ծխածածկույթ է, որը Ադրբեջանն է առաջարկում Հայաստանի իշխանության շատ կեղծավոր մասնակցությամբ։

- Խոսվում է խաղաղության պայմանագրի մասին, վերջերս էլ հայտարարվեց, որ մշակվում է դրա հայկական տարբերակը։ Ձեր կարծիքով՝ ինչ հետևանքներ կունենա «խաղաղության պայմանագիրը»։

- Ադրբեջանը պետք է ի կատար ածի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, պիտի վերդարձնի բոլոր ռազմագերիներին, պիտի դուրս գա Հայաստանի ինքնիշխան տարածքից, այդ պայմանագրի մեջ պիտի նաև հղում կատարի Արցախի կարգավիճակի հարցին, ապա և հնարավոր է միջազգային երաշխիքների ներքո տեսականորեն այդ խաղաղության կմախքը։ Բայց անգամ այդ ամեն ինչով հանդերձ, միջազգային երաշխիք հանդիսացող պետություններով հանդերձ, չենք կարող ասել, որ խաղաղությունը երաշխավորված է, որովհետև կոնկրետ մեր հարևանները կան և մնալու են Ադրբեջանն ու Թուրքիան, և եթե այդտեղ շարենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի անունները որպես երաշխավորներ, միշտ պետք է պատրաստ լինենք, որպես հայ ժողովուրդ, որպես Հայաստանի Հանրապետություն, Արցախով հանդերձ, որ այդ խաղաղության պայմանագիրը նույնիսկ կողմերի վավերացումներով ու ստորագրություններով, 2-3 տարի հետո պիտի դառնա առոչինչ։ Մենք պիտի պատրաստ լինենք բոլոր հնարավոր սցենարներին։ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին