▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այն, ինչ սկսել ենք, պետք է ավարտին հասցնենք». Բագրատ Սրբազան

Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Քիչ անց արդեն Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի մասնակիցների առջև ելույթում Սրբազանը հավելեց. «Այն, ինչ սկսել ենք, պետք է ավարտին հասցնենք: Դա անհրաժեշտություն է: Ոչ թե՝ հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ, այլ անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ: Այս երկրորդ հարցադրումը մենք պետք է անենք: Ու եթե որոշել ենք, որ անհրաժեշտություն է, ուրեմն պետք է հասնենք մեր առջև դրված նպատակներին: Այս Շարժումը զտվող շարժում է: Զուլալվող, որպեսզի հետագայում ավել ուժեղ լինի»:

***

 

Այս հարթակից, այս հրապարակում, այս եկեղեցու հովանու ներքո մենք պետք է կառուցենք գալիք Հայաստանի մեր տեսիլքը: Այս խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը

«Անկախ նրանից, թե մենք բարձունքում ենք, ստորոտում ենք, թե ամենատակն ենք, կապ չունի, պետք է հավատողները մնան: Մենք սխալներ էլ կունենանք, ճիշտ բաներ էլ, վայրէջքներ ու վերելքներ էլ կունենանք, բայց դա մեր ճանապարհն է, ամեն մեկիս ընտրած ճանապարհն է: Ես շատ ուրախ եմ, որ մեր շարժումը զտվող, զուլալվող շարժում է, որպեսզի հետո այն կենսունակ դառնա»,- նշեց նա:

Մեր երկիրն անտերության զգացումից պիտի դուրս բերի այս շարժումը: Այն պետք է բոլոր առումներով թելադրող դառնա, հավելեց Սրբազանը:

***

«Առաջիկա ուրբաթ օրից սկսած՝ մենք այցելելու ենք մարզեր: Մենք մարդ բերելու խնդիր չունենք: Մենք ինքներս պետք է գնանք ժողովրդի մոտ: Չպիտի վախենանք ժողովրդից: Պետք է գնանք, տեղում խոսենք և աջակցենք մեր ժողովրդին: Որովհետև տեղերում էլ են ինքնաբուխ բազում զարգացումներ լինում»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Սուրբ Աննա եկեղեցու բակում գիրք կդրվի, որտեղ ես կխնդրեմ, որ շարժմանն այս կամ այն կերպ աջակից մարդիկ իրենց անուն ազգանունները գրեն, իսկ ցանկության դեպքում` նաև հեռախոսահամարները: Դա շատ կարևոր է: Եվ թվի, և մարդկանց առումով այս շարժումը պետք է անձնականացվի»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում նշեց Բագրատ Սրբազանը:

***

Բագրատ Սրբազանը նշեց, որ մարզեր այցելությունները մեկնարկելու են առաջիկա ուրբաթ օրվանից: Ավելի ուշ նա հավելեց, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքները կշարունակվեն, առաջիկա հավաքները նախատեսված են հինգշաբթի և երկուշաբթի օրերին:

***

«Մեր մարզերի ժողովուրդը մենակ է ապրում, հավատացեք: Մենք դեպքից դեպք ենք իրենց մասին հիշում: Եվ նրանք իրավունք ունեն մեզնից բողոքելու, ասելու` միայն կարիքից կարիք եք մեզ մոտ գալիս: Ոչ: Այս ամբողջությունը երկրում մենք պետք է ստեղծենք: Այս շարժումը երկրում տեր դառնալու, տեր լինելու հավակնությունը պետք է ստեղծի»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում նշեց Բագրատ Սրբազանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին