▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այց զորամաս և մարտական դիրքեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արցախ կատարած պաշտոնական այցի ժամանակ Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկը և հանդիպել երևանաբնակ ժամկետային զինծառայողներին: Զրուցելով նրանց հետ՝ Տարոն Մարգարյանը նախ նկատել է, որ հարազատ տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատասխանատու և կարևոր առաքելություն է ու վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է օգնելու և աջակցելու երևանաբնակ զինծառայողներին՝ իրենց ծառայությունը պատվով անցկացնելու հարցում. «Ընդհանրապես, մեզանից յուրաքանչյուրի համար բանակի դերն ու նշանակությունը անչափ կարևոր է ու նաև այսպիսի նախաձեռնություններով է, որ մենք մեր հատուկ վերաբերմունքն ենք արտահայտում թե՛ մեր բանակի, թե՛ մեր զինվորների, և թե՛ նաև նրանց ծնողների հանդեպ»,- նշել է քաղաքապետը: Զինվորներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին՝ մշտական ուշադրության և աջակցության, այդ թվում նաև իրենց ծնողների հետ հենց ծառայության վայրում պարբերաբար հանդիպում ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Նրանք նաև վստահեցրել են քաղաքապետին, որ մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ են պաշտպանում հայրենիքի սահմանները:

Այցելության ընթացքում զինծառայողները հնարավորություն են ստացել զրուցելու նաև իրենց երևանյան բնակության վայրերը ներկայացնող վարչական շրջանների ղեկավարների հետ՝ արտահայտնելով ծառայության տպավորությունները և շնորհակալություն են հայտնել հոգատար վերաբերմունքի համար:

Բարի ծառայություն մաղթելով զինվորներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ զինծառայողներին խրախուսելու Երևանի քաղաքապետարանի բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: 

Ավելի ուշ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ զորամասի հրամանատար Կարեն Առստամյանի և Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի ուղեկցությամբ, Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է մարտական դիրքերից մեկը, ծանոթացել հերթապահող զինվորների կենցաղային պայմաններին:

Բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր և պատասխանատու առաքելությունը` Տարոն Մարգարյանը նախ և առաջ շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին` ընդգծելով, որ հատկապես սահմանային գոտում ծառայող զինվորների խիզախության շնորհիվ է, որ պահպանվում է խաղաղությունն ու հնարավորություն է ընձեռվում արարելու և ապահովելու աստիճանական զարգացումը նաև քաղաքամայր Երևանում: Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել հրամանատարներին` հայրենիքի արժանի պաշտպաններ դաստիարակելու համար: Հրաժեշտից առաջ Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին է ու իր լիազորությունների շրջանակում աջակցել և աջակցելու է նրանց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին