«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, թե իր կարծիքով՝ պետք է ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկրներին զենք վաճառելու արգելք սահմանվի:
«ՉԻ» - Այ, սա իսկապես հանճարեղ մոտեցում է: Արդեն մի ամիս է՝ բոլորը խոսում են այն մասին, որ Ադրբեջանը վերջին տարիներին հսկայական ծավալի ժամանակակից սպառազինություն է ձեռք բերել, ու հավասարակշռությունը խախտվել է, արդեն մի ամիս է՝ Հայաստանում բոլորը «մուննաթ են գալիս», որ 200 մլն դոլարի ռուսական զենքն այդպես էլ տեղ չի հասնում, բոլորը քննարկում են, թե ուրիշ ո՞ր երկրներից կարելի է զենք գնել, ու հանկարծ՝ արտգործնախարարի տեղակալն առաջարկում է արգելել զենքի վաճառքը Հայաստանին եւ Ադրբեջանին: Սա, հիշեցնենք, այն դեպքում, երբ հավասարակշռությունն արդեն խախտված է, եւ խախտված է ի վնաս մեզ: Ու դա շտկելու միակ ձեւը զենք գնելն է:
Հետաքրքիր է՝ որեւէ մեկը Շավարշ Քոչարյանին գլխի չի՞ գցել, որ կարելի էր պահանջել զենքի մատակարարման էմբարգո սահմանել միայն Ադրբեջանի նկատմամբ, որովհետեւ հենց նրանք են սկսել քառօրյա պատերազմը: Թե՞ մտածել է՝ «մեկ ա մեզ զենք չեն վաճառում, թող իրենց էլ չվաճառեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում