Մեկնարկել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանը: Քվեարկության դրվեց մի խումբ պատգամավորների կողմից ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ազգային ժողովի որոշմամբ` Վերահսկիչ պալատից բացի, պետական բյուջեի վրա վերահսկողություն է ունենալու նաև ԱԺ-ն: Նախագծի հեղինակներ են ՀՅԴ, ՀՀԿ, ՕԵԿ մի խումբ պատգամավորները:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ օրենքի նախագծով ստեղծվող մարմինը հակասահմանադրական է.
«Այն բնորոշ է պառլամենտական կառավարման համակարգ ունեցող երկրներին: Դեռ սահմանադրական փոփոխություններ չիրականացրած՝ պառլամենտական համակարգի տարրեր ենք ներմուծում կառավարման համակարգ»,-ասաց նա:
Աղվան Վարդանյանն էլ ասաց, թե կարծում է, որ Ջհանգիրյանը հրաշալի գիտի, որ որևէ օրենքի սահմանադրականությունը կարող է որոշել միայն Սահմանադրական դատարանը:
«Մենք կողմ ենք քվեարկելու և հորդորում ենք պարոն Ջհանգիրյանին՝ օրենքն ընդունելուց հետո դիմել Սահմանադրական դատարան: Արդյունքում կողմ քվեարկեցին 78-ը, ձեռնպահ՝ 20, դեմ՝ 12-ը»:
Նախագծով նախատեսվում է ԱԺ-ում բյուջետային գրասենյակի ձևավորում, որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին տրամադրելու է մասնագիտական աջակցություն և տեղեկատվություն: