▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղմկահարույց «Որբանոց» վեպն արդեն նաեւ ռուսերեն

Այսօրվանից Մոսկվայում եւ Ռուսաստանի մի քանի այլ հայաշատ քաղաքներում վաճառքի դուրս կգա ճանաչված արձակագիր Էդգար Կոստանդյանի մեծ հնչեղություն ստացած «Որբանոց» վեպի ռուսերեն տարբերակը:

Ստեղծագործության ռուսերեն թարգմանության հեղինակն է Ռիմա Բարսեղյանը, ով գրքի առաջաբանում գրել է. «Կոստանդյանի «Որբանոցը» սովորական գիրք չէ, այն կյանքի ու մահվան, լինելու եւ չլինելու կռիվ է: Խաղասեղանին դրված են ճակատագրեր, երիտասարդ կյանքեր, երազանքներ, որ հազիվ են շնչում: Գայթակղություններ, որոնց չտրվելն անհնար է թվում մինչեւ ընկերոջ մեկնած ձեռքը նկատելը»... Մի քանի համակուրսեցիների մասին պատմող «Որբանոց» վեպը երեւանյան գրախանութներում վաճառքի է դուրս եկել մեկ ամիս առաջ, բայց համարվում է վերջին տարիներին ամենավաճառված գրքերից մեկը:

Գրքում բաց տեքստով խոսվում է այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են արտագաղթը, անպատժելիությունը, կաշառակերությունը եւ այլն: Գրքի հերոսները մեր կողքին ապրող մարդիկ են, մերօրյա երիտասարդներ, որոնց ապրած երկիրը հեղինակն անվանում է «եվրոռեմոնտ արած որբանոց»: Հատկապես ազդեցիկ է գրքի առաջին տեսարաններից մեկը, երբ գլխավոր հերոսներից մեկին՝ Գուգոյին, զինծառայության ժամանակ հրամանատարը դաժան ծեծի է ենթարկում, ինչի արդյունքում երիտասարդ զինծառայողը գամվում է անվասայլակին:

Ի դեպ, նոյեմբերի 11-ին Գյումրի քաղաքում նշանակած գրքի շնորհանդեսի չկայանալը ֆեյսբուքյան հասարակությունը կապում էր վեպի՝ իշխանական օղակների մոտ դժգոհություն առաջացնելու հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին