▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթարի մեջ հայտնվածների հարազատները հարձակվել են բժիշկների ու պարեկների վրա․ բերետներ են ժամանել

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ավտովթարի ենթարկված մի խումբ անձինք ու նրանց հարազատները, անցնելով բարոյականության սահմանները, հարձակվել են իրենց օգնության հասած շտապօգնության բժիշկների և Երևան քաղաքի գնդի պարեկների վրա` տալով հայհոյանքներ, հարվածելով պարեկներին, բժիշկներին և վնասելով շտապօգնության ավտոմեքենան:

Ժամը 23:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 29/3 հասցեի մոտ ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, որը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 66-ամյա Սուրեն Հովհաննիսյանը, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորության երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ուղևորներ, 60-ամյա Նվարդ Հովհաննիսյանը և 57-ամյա Էմմա Խաչատրյանը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ:
Բախման հետևանքով էլեկտրասյունը կոտրվել էր, սակայն չէր ընկել, քանի որ էլեկտրալարերը պահում էին:

Մինչ շտապօգնության ու պարեկների ժամանումը՝ դեպքի վայրում բավականին լկտի պահվածք են ցուցաբերում մի քանի հոգի, այդ թվում տարիքով տղամարդիկ ու երիտասարդ տղաներ:

Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, անգամ շտապօգնություն ահազանգել է ինքը ու խնդրել, որ շտապ բժիշկների հերթապահ խումբ ուղարկեն։ Բժիշկները շատ կարճ ժամանակում ժամանել են, բայց այդ «տաք գլուխներ»-ի, ժողովրդի լեզվով ասած «ուղեղները սպրիչով հանածներ»-ին երևի թե թվացել է, որ բժիշկների ժամանումը տևել է մի քանի ժամ:

Մինչ այդ դեպքի վայր հասան նաև Երևանի գնդի պարեկները, ու այդ տաք գլուխներից մի քանիսը հարձակվեցին պարեկների, այդ թվում աղջիկ պարեկների և շտապօգնության բժիշկների վրա՝ նրանց հասցեին տալով լկտի հայհոյանքներ:

Այսպես կոչված «հարազատներն» այնքան էին տարված իրենց անպատժելությամբ և դրսևորում էին ոչ ադեկվատ վարքագիծ, որ հայհոյանքներ էին տալիս անգամ վիրավորներին օգնության ձեռք մեկնած բժիշկներին ու պարեկներին: Բանը հասավ նրան, որ սկսեցին հարվածներ հասցնել պարեկներին ու բժիշկներին, իսկ մի երիտասարդ էլ «խոշոր եղջերավոր անասուն»-ի նման հարվածում էր շտապօգնության ավտոմեքենային:

Ի վերջո, դեպքի վայր լրացուցիչ ժամանեցին մեծ թվով պարեկներ, Ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ Զեյթունի բաժինների օպերատիվ խմբերը և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության ջոկատի՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետներ»-ը:

Բայց անգամ նրանց ժամանելուց հետո տևական ժամանակ «կոկոններ»-ը տաքացրած անշնորհակալները չէին ենթարկվում ոստիկանների օրինական պահանջին, ու սկսվեց ձեռնամարտ:

«Հարազատ» կոչվածները հարձակվում էին պարեկների, ոստիկանների ու «կարմիր բերետներ»-ի վրա, ինչը ստիպեց իրավապահներին, որ մի քանիսին բերման ենթարկեն՝ ձեռնաշղթայելով նրանց: 

Շամշյանի տեղեկություններով, մի քանիսին հաջողվել է դիմել փախուստի, բայց Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները արդեն պարզել են բոլորի ինքնությունը և հաշված ժամերի ընթացքում գլխավոր հրահրիչներից մեկի ծնունդը Կոտայքի մարզի «Լուսաբաց» ռեստորանային համալիրում նշած, դեպքի վայրից փախուստի դիմած «ճիվաղներ»-ը կհայտնաբերվեն: 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում կային նաև քաղաքացիներ, ովքեր այդ «տաք գլուխներ»-ին հորդորում էին որ չխոչընդոտեն բժիշկների, պարեկների, ինչպես նաև լրագրողի աշխատանքը, սակայն դա ճիվաղներին չէր հանդարտեցնում, իսկ բժիշկների նկատմամբ հաշվեհարդար չկարողացան տեսնել շնորհիվ այդ քաղաքացիների: 

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ և բերման ենթարկվածների ու որոնվողների ինքնությունները այս պահին չենք հայտնում:
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին