▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավելի վատ ծագումով» գլխավոր խորհրդականը

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի նշանակման լուրը  բնականաբար պիտի գրավեր բազմակողմանի ուշադրություն: Առաջին հայացքից թվում է, որ «Ակոսի»  նախկին խմբագրի նշանակումը կապված է հայկական կողմին ուղղված ծրագրերի հետ. ավելի մասնակի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ առնչված Անկարայի որդեգրած գործողությունների շարքի կարեւոր օղակի հանգամանք ունի այս քայլը:

Այս տեսակետը քաղաքական տրամաբանություն է ներփակում, որի համոզման է ծառայում հենց Մահչուփյանի պնդումը, թե իր նշանակումը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների ուղղվածության հետ եւ տեղավորվում է համընդհանուր գործունեության մեջ:

Մահչուփյանի հրապարակագրաքաղաքական անցյալին անդրադառնալը իհարկե օգտակար է ձեռնարկված քայլի նկատմամբ մեկնաբանություններ կատարելու համար: Բայց նախքան այդ, պետք է փորձել ընկալել Դավութողլուի հրամցրած այս մարտավարության շարժառիթային հանգամանքները:

Նման բարձրաստիճան պաշտոնի ազգությամբ հայ հրավիրելը կարելի է ասել, որ քաղաքական որոշ համարձակություն է ենթադրում: Այս նշանակման դիմաց անպայման ակնկալելի է ներքին դժգոհության ալիքի բարձրացում: Դժգհության ալիքի մակընթացությունը կգա ոչ միայն հակաիշխանական շրջանակներից, այլ հենց իշխանության գլխի անմիջական շրջապատից: Էրդողանը գուցե բացատրություն տալու անհրաժեշտության առջեւ է իր վարչապետի կողմից կատարված այս որոշման դիմաց: Ազգային խտրականության առումով մեծ խախտման փաստ տված Թուրքիայի այսօրվա նախագահը իր նախընտրական արշավին ծառայեցրել էր «ավելի վատը՝ նույնիսկ հայկական ծագում» իրեն վերագրելու ամբաստանությունները շահարկելով:

Հիմա էթնիկական վատ պատկանելիություն ունեցողը հրավիրվում է իր նշանակած վարչապետին հիմնական խորհուրդներ տալու բարձր պաշտոնին: էրդողանի դեմ այս առիթով ծավալած փոթորիկում թեեւ Մահչուփյանը փորձել  էր արդարացումներ գտնել նախագահական այդ օրերի թեկնածուի կողմից կատարված հայտարարությանը, սակայն խնդիրն այդ չէ այստեղ, որ իբրեւ ներքաղաքական հակասություն  է ընդգծվում:

Ավելի ճիշտ, ոչ թե հակասություն, այլ մարտավարական ընդհանուր հայեցակարգի մեջ տեղավորվող ներդաշնակման գործընթացներ: Իշխանական կուսակցության խոսափողը նկատվող «Սաբահը» այս մասին մտածելու առիթ է տալիս, երբ Մահչուփյանի նշանակումը բացատրում է էրդողանի «ցավակացագրին» հետեւող բնական հանգրվան:

Մահչուփյանի նշանակման ընթացքին ամենայն հավանականությամբ ընգրկվել են նաեւ այլ հանգամանքներ: Մահչուփյանը ընդգրկվել էր կառավարության կողմից քրդական հարցին լուծում տալու նպատակով ստեղծված «իմաստունների խորհրդի» կազմում: Որոշ շրջան թուրքական մամուլում հանդես գալով ի պաշտպանություն գյուլենական իսլամական շարժման գաղափարախոսության, Մահչուփյանը հետագայում` Էրդողան-Գյուլեն պայքարում ուղղակի զորակցեց առաջինին:  Վերջին շրջանում իր անունը երեւաց Էրդողան-հակաէրդողան ներհայկական բանավեճերի ընթացքում դարձյալ ի պաշտպանություն գործող նախագահի:

Այս հանգամանքները կարող են լրացուցիչ դեր կատարած լինել Դավութողլուի իրականացրած քայլի հիմնական շարժառիթին, որ հաչս միջազգային ընտանիքի փորձում է ցույց տալ հայկական կողմին ձեռք երկարելու գործողությունների շաղկապված շղթան:

Էթյեն Մահչուփյանը նկատվում էր Դինքի դավանած գաղափարախոսության անմիջական հետեւորդը: Դինքի սպանությունից հետո «Ակոսի» խմբագրի պաշտոնին իր ստանձնումը  կարճ ժամանակ խոսել տվեց Հրանդ Դինքի գաղափարների շարունակականության երաշխավորի մասին: «Ակոսի» խմբագրապետությունից հրաժարումը, եթե որոշ շրջանակի համար մեկնաբանվեց «Ակոսի» կողմից նկատված շեղումների անհանդուրժողություն, այլոց կողմից նաեւ անհատապես ի՜ր՝ Մահչուփյանի ակոսական գծից դուրս գալու փաստ: Պարզ եւ միանշանակ չէ այս երկվությունից մեկին համոզվելու ընտրանքը: Մանավանդ, որ Մահչուփյանը շատ բարդ հրապարակագիր էր, որի հոդվածների բովանդակային առանցքը կառուցվել էր քաղաքագիտական փիլիսոփայության եւ այլաբանական մտածողության վրա:

Գործող իշխանությունների եւ ընդհանրապես Թուրքիայի Հանրապետության օրոք առաջին անգամն է, որ ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացին նշանակվում է նման բարձր պաշտոնի: Այն իրավականորեն այլեւս տարբեր առիթների կարող է  ներկայացնել գործող իշխանություններին: Նաեւ 100-ամյակի հետ կապված տարբեր արարողություններին:  

 Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի խմբագիր

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին