▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանքից կես ժամ ուշացել էի, բայց թքած ունեի

Շատ տարիներ առաջ էր: 25-26 տարեկան կլինեի: Առավոտ վաղ Կիևյան կամրջի վրայով ոտքով աշխատանքի էի գնում:
Ուշանում էի ու քայլերս արագացրի:

Կամուրջի կենտրոն որ հասա, 18-20 տարեկան մի աղջիկ տեսա՝ այլայլված, մոլոր կանգնած. աչքերից արցունք էր հոսում: Կանգ առա: Հասկացա, որ իր հետ այնպիսի բան է կատարվել, որի համար ուզում է ինքնասպան լինել:
Եկել հասել էր կամուրջին, բայց ցած նետվելու ուժ չէր գտնում իր մեջ:

-Հիմա գնում ենք այստեղից,- ասացի: - Ինչ էլ որ պատահել է, չարժե դրա համար կյանքից զրկվել: Կանցնեն տարիներ, ու դու դա չես էլ հիշի: 

Չսպասեցի, որ արձագանքեր, ձեռքս դրի ուսին ու ուղղորդեցի դեպի Հալաբյան փողոց:
Նա հեկեկալով՝ հնազանդվեց ինձ:

Երբ հասանք կանգառին, ասացի՝
-Կսպասեմ այնքան, մինչև որ մի տրանսպորտ նստես ու գնաս այստեղից:

-Պեպանյան, կես ժամ ուշացել ես,- ինքնագոհ-տիրական ազդարարեց հիմնարկի անցակետի տիկինն ապակիների ետևից՝ մատյանում գրանցելով դարակազմիկ փաստը, որի վրա ես թքած ունեի:

Արծրուն Պեպանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին