Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Անցյալ ամիս իմ խմբագրականում տեղեկացրել էի «Զոգբի» հետազոտական կենտրոնի իրականացրած հարցախույզի արդյունքների մասին, ըստ որի՝ ամերիկյան հասարակության միայն 35 տոկոսն է տեղյակ Հայոց ցեղասպանության մասին: Ես կարծում էի, որ դա ցածր ցուցանիշ է՝ ակնկալելով, որ ավելի մեծ թվով ամերիկացիներ պետք է իրազեկված լինեին Հայոց ցեղասպանության մասին:
Որոշ ընթերցողներ իրավացիորեն մատնանշեցին, որ 35 տոկոսը ամենևին էլ ցածր ցուցանիշ չէ, քանի որ.
1. ԱՄՆ-ի ավելի քան 300 միլիոնանոց բնակչության մեկ երրորդը նշանակում է, որ առնվազն 100 մլն ամերիկացի տեղյակ է Հայոց ցեղասպանության մասին:
2. Ամերիկացիների մեծ մասը տեղյակ չէ նույնիսկ այժմ կատարվող իրադարձությունների մասին, ուր մնաց թե մի ցեղասպանության, որ տեղի է ունեցել մի հեռավոր երկրում մեկ դար առաջ:
Այս շաբաթ կցանկանայի ներկայացնել մեկ այլ կարևոր հարցախույզի արդյունքները, որն իրականացվել է երկու ֆրանսիական խմբերի՝ «Ֆոնդափոլի» (Քաղաքական նորարարական հիմնադրամ) և Շոայի հիշատակի հիմնադրամի կողմից աշխարհի 31 երկրներում: Այս միջազգային հարցման ժամանակ 33 հարց է ուղղվել 24 լեզվով 16-29 տարեկան 31172 երիտասարդների՝ տարբեր միջազգային կարևոր իրադարձությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության մասին նրանց գիտելիքների և բնութագրման վերաբերյալ:
Ստորև ներկայացված են կարևոր հատվածներ 164-էջանոց միջազգային հարցումից, որը հրապարակվել էր ֆրանսերեն.
- Միջին հաշվով, 31 երկրներում հարցվածների 90 տոկոսը ընդունել է, որ հրեական Հոլոքոստը ցեղասպանություն էր, իսկ 77 տոկոսը համարել է, որ 1.5 միլիոն հայերի կոտորածը թուրքական կառավարության կողմից ևս ցեղասպանություն էր: Սա բավականին բարձր ցուցանիշ է, քանի որ 100 տարի անց այդ բարբարոսական ոճրագործությունների մասին հիշողությունները շարունակում են վառ մնալ աշխարհի երիտասարդ սերնդի գիտակցության մեջ:
- Հայոց ցեղասպանության մասին տեղյակ անձանց տոկոսն ավելի բարձր է եվրոպացիների մոտ (86%). առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ֆրանսիան (93%), նրան հետևում են Հունաստանը (90%), Մեծ Բրիտանիան (68%) և ԱՄՆ-ը (64%): Զարմանալի չէ, որ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Թուրքիայում (33%): Սակայն այս ցուցանիշը այնքան էլ հուսահատեցնող չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Չնայած թուրքական կառավարության կողմից ցեղասպանության դարավոր ժխտման հորինվածքին՝ ահռելի պետական ռեսուրսների օգտագործմամբ, հրաշք կարելի է համարել, որ թուրք երիտասարդների մեկ երրորդը, տասնյակ միլիոնավոր թուրքեր մերժում են իրենց կառավարության քարոզչությունը՝ առանց վարանելու կամ վախի ճիշտ պատասխան տալով հարցումը անցկացնողներին: 33 տոկոսը նաև ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանության փաստերը Թուրքիայում ճանաչված են թուրք լիբերալների և մտավորականության փոքր շրջանակից դուրս:
- Հայոց ցեղասպանությունը ճանաչած երիտասարդների տոկոսային հարաբերությունը մյուս 26 երկրներում հետևյալն է. Ավստրալիա (67%), Ավստրիա (85%), Բելգիա (81%), Գերմանիա (83%), Դանիա (81%), Էստոնիա (81%), Իսպանիա (86%), Իսրայել (88%), Իտալիա (87%), Լատվիա (84%), Լեհաստան (87%), Լիտվա (70%), Խորվաթիա (87%), Կանադա (71%), Հնդկաստան (51%), Հոլանդիա (76%), Հոնդուրաս (87%), Ճապոնիա (68%), Շվեյցարիա (87%), Չեխիա (74%), Չինաստան (80%), Ռումինիա (72%), Ռուսաստան (84%), Սերբիա (86%), Ուկրաինա (65%) և Ֆինլանդիա (83%):
- Ռուանդայի տուտսիների ցեղասպանությունը հուտուների կողմից երրորդ ամենաբարձր (76%) հանրային իրազեկվածությունը ունի 31 երկրներում, ավելի քիչ քան հրեական Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը՝ չնայած դրա ավելի վաղ՝ 21 տարի առաջ տեղի ունենալուն...
- Հարցվածները տարբեր տոկոսային հարաբերությամբ են դասակարգել հետևյալ իրադարձությունները որպես ցեղասպանություն, թեև անտեսելով Կամբոջայի ցեղասպանության գոյությունը.
1. ԱՄՆ-ի կողմից ատոմային ռումբեր գցելը Ճապոնիայի Հերոսիմա և Նագասակի քաղաքների վրա 1945 թ. - 70%:
2. 1937 թ. Նանկինի ջարդերը Չինաստանում Ճապոնիայի կայսերական բանակի կողմից - 66%:
3. Աֆրիկյան և ասիական երկրների գաղութացումը Եվրոպայի և Միացյալ Նահանգների կողմից - 55%:
4. 1932-33 թթ. սովը Ուկրաինայում - 41%:
5. 1943 թ. սովը Հնդկաստանում - 37%:
Վերոնշյալ թվերը ցույց են տալիս, որ 31 երկրներում երիտասարդների շրջանում Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակն ավելի բարձր է, քան այս հինգ պատմական արհավիրքների:
Այս միջազգային հարցախույզի ամենակարևոր հայտնությունը՝ Թուրքիայի կառավարության ակնհայտ պարտությունն է ցեղասպանության ժխտման տևական պայքարում, ոչ միայն միջազգայնորեն, քանի որ վերջերս աճել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը, այլ նաև երկրի ներսում, քանի որ թուրք երիտասարդների մեկ երրորդը նույնպես ճանաչում է այն...
Վերջապես, եթե ենթադրենք, որ ուսումնասիրված երկրների ամբողջ բնակչությունը ունի երիտասարդների գիտելիքների նույն 77%-ը՝ կարող ենք հաշվարկել, որ այդ 31 երկրներում ապրող չորս միլիարդ մարդկանցից երեք միլիարդը տեղեկացված է Հայոց ցեղասպանության մասին: Մենք կարող ենք նույն կերպ այդ 77 տոկոսը տարածել ամբողջ աշխարհի 7.25 մլրդ բնակչության վրա, այսինքն՝ ավելի քան 5 մլրդ մարդ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը...
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Աշխարհում հինգ միլիարդ մարդ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet