▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթիկցի պատգամավորը միայն հոգեպես է օգնել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում արթիկցիները մեծ վնասներ են կրել: ՀՀ կառավարությունը մինչեւ 4.6 մլն դրամ կհատկացնի հեղեղի հետեւանքով տուժած յուրաքանչյուր ընտանիքի բնակարանները նորոգելու եւ խնդիրները վերացնելու համար: Սակայն արթիկցիները դժգոհ են կառավարության սահմանած փոխհատուցման չափից:

«Ժողովուրդ»-ը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, արթիկցի Մուշեղ Պետոյանից հետաքրքրվեց, թե նա ինչով է օգնել արթիկցիներին:

Պարոն Պետոյան, Դուք կոնկրետ ինչո՞վ եք օգնել արթիկցիներին:

Ես կոնկրետ ինչո՞վ կարող եմ օգնել: Ես օգնելու ի՞նչ տարբերակ ունեմ:

Գուցե՞ դրամական աջակցություն եք ցուցաբերել:

Միայն հոգեպես:

Հոգեպե՞ս…

Կողքներին եմ կանգնել: Ես ժողովրդի կողքին եմ, իրենց հետ եմ: Ամեն օր էլ ես իրենց հետ եմ: Մեր տունն էլ է ավերվել: Նույն վիճակում մեր տունն է: Ֆինանսական ինչ կարգի օգնություն կարող եմ ես տալ: Ես որտեղից գումար վեր ունեմ, որ իրենց տամ: Այս ամսվա աշխատավարձս բաժանելու եմ 12 տան վրա:

Որքա՞ն է կազսմում Ձեր աշխատավարձը:

600 հազար դրամ: Այդ նույն վիճակում էլ ես եմ: Այն 12 ընտանիքները, որոնք առավել շատ վնաս են կրել, նրանցից մեկն էլ մենք ենք: Այսինքն՝ իմ հայրական տան առաջին հարկի կիսով չափ ջուրը լցվեց, գույքը վնասվեց: Դուք տեղյա՞կ եք:

Այսինքն՝ ՀՀ կառավարությունը Ձեզ նույնպես փոխհատուցելու է, թե՞ հրաժարվելու եք կառավարության փոխհատուցումից՝ հորդորելով այն բաշխել մնացած տուժող ընտանիքներին:

Ես չգիտեմ, դա ծնողներիս տունն է, իրենք կորոշեն:

Հ. Գ. Ի դեպ, տեղեկացնենք, որ Արթիկում տարածված լուրերի համաձայն՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը Ռուսաստանի Անապա քաղաքում շքեղ ռեստորանային համալիր է կառուցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին