«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար «Քաղպայմանագիր» խմբակցությունը, ինչպես հայտնի է, առաջադրել է վանաձորցի փաստաբան, փաստաբանական ընկերության հիմնադիր Կարեն Թումանյանի թեկնածությունը։ Վերջինիս առաջադրման լոբբինգն իրականացրել է ՔՊ-ում հարց լուծող Արփի Դավոյանը, ով անձամբ է ներկայացնելու թեկնածուին` նա է նշանակվել հարցի հիմնական զեկուցող։
Սակայն թեկնածուի առաջադրումը ՔՊ-ում միանշանակ չեն ողջունել, քանի որ Կարեն Թումանյանը մեկ տարի առաջ ԱԺ ամբիոնից այնքան իշխանամետ պահվածք դրսեւորեց, որ նույնիսկ ՔՊ-ում անհարմար զգացին նրան ընտրել Հակակոռուպցիոն քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնում: Ոմանք նույնիսկ ելույթներ ունեցան՝ ասելով, որ նա քաղաքական ընդգծված հայացքներ ունի։ Սակայն Արփի Դավոյանը երաշխավորել է, որ այս անգամ Թումանյանն իրեն չափի մեջ կպահի։
ՔՊ-ի վերաբերմունքի մասին է նաեւ խոսում այն փաստը, որ նրան ներկայացնելու է Դավոյանը, հակառակ դեպքում դա կաներ ՔՊ-ում իրավաբանության գուրու համարվող Վլադիմիր Վարդանյանը կամ գոնե Արուսյակ Ջուլհակյանը։ Կարեն Թումանյանը 2002 թվականից առայսօր «Բաց հասարակության հիմնադրամների»՝ Սորոսի հիմնադրամի ստեղծած Արդարադատության խմբի փորձագետ է։
Նշենք, որ ԲԴԽ-ում թափուր հաստիքն առաջացել է անցած տարեվերջին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբորը գործուղեցին վճռաբեկի քրեական պալատ»: