Ի՟նչ ազդեցություն են ունենում ծաղրանկարները հասարակական կարծիքի վրա, ի՟նչ մեսիջ են ուղարկում հասարակությանը, ովքե՟ր են դառնում ծաղրանկարների հերոսներ: Թեմային առնչվող այս և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է ֆեյսբուքի հայ օգտատերերի շրջանում հայտնի Արլե Կինի հետ:
-Ի՞նչ սկզբունքներով եք ընտրում Ձեր հերոսներին:
- Հերոսները Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտի հայտնի գործիչներ են, որոնց գործունեությունից և ընդունած որոշումներից մեծապես կախված է ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ու կենսագործունեությունը, արտագաղթի և ներգաղթի ծավալները, պետության տնտեսության զարգացումն ու անկումը, հասարակության կրթական մակարդակը և այլն: Այս առումով մեր ընտրույթի տակ կարող են ընկնել ինչպես բարձր պաշտոններ զբաղեցնող, այնպես էլ՝ քաղաքական գործիչներ:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ ազդեցություն են ունենում ծաղրանկարները հասարակական կարծիքի ձևավորման վրա:
- Դեռ հնուց ծաղրանկարները ունեցել են ամենաուժգին ազդեցությունը հասարակական կարծիքի վրա, քանի որ դրանց միջոցով` ընդամենը մեկ նկարի շնորհիվ, կարելի է ասել և ազդել ավելի շատ, քան հաստափոր գրքերի կամ սուր հոդվածների և հրապարակումների միջոցով: Բավական է միայն հիշել, թե պատերազմների ժամանակ, երբ հասարակական կարծիքը հաղթանակի կարևորագույն երաշխիքներից մեկն է, ինչ ազեդուցություն էր գործում թշնամու կերպարի ծաղրանկարային մատուցումը հանրությանը:
-Իսկ բողոքներ կամ սպառնալիքներ կա՞ն Ձեր հերոսների կողմից:
- Սպառնալիքներ առայժմ չեն եղել, ինչը խոսում է այն մասին, որ մեր մոտ, կարծես թե, ձևավորվել է քաղաքական հումորի և սարկազմի մշակույթը: Բողոքներ հիմնականում լինում են այն ֆեյսբուքյան օգտատերերի կողմից, որոնք հանդիսանում են այս կամ այն քաղաքական գործչի կողմնակիցները կամ համախոհները, կամ նույն քաղաքական ուժի անդամ են:
- Ծաղրանկարները ի՞նչ մեսիջ են ուղարկում հասարակությանը:
- Ծաղրանակները առաջին հերթին ցույց են տալիս, որ որևէ պաշտոնյա կամ գործիչ ի վերուստ տրված գերմարդ կամ անհատ չէ, այլ ընդամենը մեզանից մեկը, և ենթակա նույն քննադատության, ինչպես յուրաքանչյուր շարքային քաղաքացի, իսկ որոշ դեպքում նաև առավել քննադատության, քանի որ նրա ընդունած որոշումը կամ առանձին քայլերը ազդեցություն են ունենում ոչ միայն իր, այլ հասարակության մի ամբողջ շերտի վրա: Պետք է ցույց տալ ցանկացած, կրկնում եմ, ցանկացած գործչի թույլ տեղը, որպեսզի նա հասկանա, որ իրեն հետևում են, իրեն ուսումնասիրում են և գիտեն իր բոլոր ուժեղ և թույլ կետերը: Սա ավելի զգոն է դարձնում ամեն գործչի:
- Հայ քաղաքական իրականության մեջ ի՞նչ դեր ունեն ծաղրանկարները:
- Հայ իրականության մեջ ծաղրանկարները առաջին հերթին ցույց են տալիս, որ անցել են այն ժամանակները, երբ գոյություն ունեին որոշ տաբուներ` կապված այս կամ այն գործչի կամ պաշտոնյայի հետ: Պաշտոնյան Աստված չէ, այլ սովորական մահկանացու, որին ոչ թե արտոնություններ են տրված, այլ, ընդհակառակը, մեծ պատասխանատվություն է դրված նրա վրա: Եթե նա չի կատարում իր վրա դրված պատասխանատվությունը, ուրմեն նրան պետք է ծաղրել ի տես բոլորի:
ՀՀ-ում, գոնե սահմանադրորեն, ամրագրված է խոսքի ազատությունը, իսկ ծաղրանկարները պետք է ցույց տան, որ այն, ինչ գրված է Սահմանադրությունում, ենթակա է նաև իրականացման գործնականում՝ կյանքում:
Հարցազրույցը` Անի Բեքիրյանի