▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 10.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Արդշինբանկ»-ի առաջ ակցիայի մասնակիցը չի բացառում, որ զեղծարարությունների մեջ նաեւ բանկերի մատն է խառը

Բանկային զեղծարարություններից ու կիբերհանցագործություններց տուժած քաղաքացիները հերթական ակցիան են իրականացրել՝ այս անգամ Արդշինբանկի դիմաց։
«Հանրային վերահսկողություն» ՀԿ ղեկավար Մհեր Կարագոզյանը հնչեցրեց իրենց դիմած քաղաքացիների պահանջները․ «Պետք է ապօրինի վարկերը, որոնք անհայտ անձանց կողմից ձևակերպվել են քաղաքացիների անձնական տվյալների հիման վրա, չեղարկվեն։ Տուժած քաղաքացիները այդ վարկերը մարելու պարտավորություն չունեն, բանկերի պահանջներն այդ դեպքում անօրինական են։ Մեզ է դիմել նման խնդրով 286 քաղաքացի»։

ՀՀ-ում կա գրանցված 17 բանկ, որոնցից այդ առումով, ըստ Մհեր կարագոզյանի, կան  ավելի շատ աչքի են ընկնողներն՝ դրանց թվում են օրինակ  «Ինեկոբանկը» «Արդշինբանկը»․․․ «Առաջարկում ենք ձեռնպահ մնալ վերոնշյալ  բանկերից, քանի որ քաղաքացիները հայտնվում են ֆինանսական կոլապսի առաջ, ունենում են անհարկի վարկային պարտավորություններ։ Սա մեր վերջին իրազեկման ակցիան է։ Եթե այս ամենից հետո այդ բանկերի վարքը չփոխվի, իրազեկման ակցիաները կվերածվեն կանխարգելիչ ակցիաների։ Կկանխենք հանցագործությունները»,- ասել է Կարագոզյանը՝ նշելով, որ քաղաքացիները պարտավոր չեն՝ տեղյակ լինել, թե որ գովազդն է կեղծ, որը՝ իրական, բանկերը պարտավոր են պաշտպանել իրենց հաճախորդներին։

Լրագրողի հարցին, թե բանկերը պարբերաբար քաղաքացիներին զգուշացնում են զեղծարարությունների մասին, այդ զգուշացումները բավարա՞ր չեն, պարոն Կարագյոզյանը կրկնել է ՝ ոչ. «Բավարար չեն: Դրանք ապատեղեկատվության տարածման միտում ունեն: Քաղաքացին ինչպե՞ս պետք է հասկանա, ո՞ր գովազդի հղումով պետք է անցնի, որով չէ, կամ որ հեռախոսազանգին պատասխանի, որին՝ չէ: Մեր շարքերում կան նաեւ բանկի աշխատողներ, որոնք նույնիսկ վարկային բաժիններում են աշխատում: Այդ մասնագետները ժամանակ առ ժամանակ վերապատրաստումներ են անցնում, բայց հայտնվում են ծուղակում: Ինչպե՞ս կարելի է մեղադրել սովորական քաղաքացիներին: Բացառապես բանկերի խնդիրն եմ համարում քաղաքացիների հետ տեղի ունեցածը: Պետք է կարողանային քաղաքացիներին պատշաճ ձեւի պաշտպանել զեղծարարներից: Մինչեւ այսօր լսել ենք տարբեր առարկություններ, թե բանկերը կարողացել են 99 տոկոս եւ ավելի կատարել իրենց պարտավորությունները, բայց մի տասնյակ դեպքերում չեն կարողացել, որովհետեւ անհնար է 100 տոկոսանոց ճիշտ աշխատել: Իսկ այդ տասնյակ դեպքերը տասնյակ ընտանիքներ են, տասնյակ ճակատագրեր են: Գումարը գուցե բանկերի համար կոպեկներ են, բայց քաղաքացիների համար մեծ գումար է, մի դեպքում 8 միլիոն, մյուսի դեպքում 20, 34 միլիոն դրամ…»:

Մհեր Կարագյոզյանը չի բացառում, որ զեղծարարությունների մեջ նաեւ բանկերի մատն է խառը. «Ես համարում եմ քաղաքացիների նշած միտումը օբյեկտիվ, որովհետեւ բանկերն այնպիսի դիրքորոշում ունեն, որ բացարձակապես մեղավոր չեն, այդ խնդիրները չեն կարողանում լուծել: Հնարավոր է՝ այդ սողանցքերը բաց են թողնված այն նպատակով, որ մինչ օրս դատարանների միջոցով կարողանում են օրինականացնել զեղծարարությունները, ունենք տպավորություն, որ բանկերի համար այս վիճակը շահավետ է: Պահանջում ենք՝ համակարգային ու վերջնական լուծում տրվի այս խնդրին: Վարչապետի աշխատակազմից մեզ խոստացել են, որ կտրվեն համապատասխան հանձնարարականներ ու հետամուտ կլինեն խնդիրների լուծմանը»:
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին