/Տպագրվել է 2009թ ,,Հայաստանի զրուցակից ,, թերթում/
Գարեգին Նժդեհ` ինչպե՞ս վերափոխել հանրությանը
Միայնակը
Մեր պատմության վերջին դարի ընթացքում ընդամենը մեկ անգամ և ընդամենը մեկ գործիչ է գիտակցել, որ հանրության վերափոխման կարելի հասնել ոչ թե թեժ գարուններով կամ աշուններով, այլ իրավիճակից բխող համակարգված գործողությունների ծրագրով: Այդ գործիչը Գարեգին Նժդեհն է, ով 20-րդ դարի սկզբներին իրականացրել է հանրային մտածողության արմատական վերափոխման համակարգված փորձ:
Խնդիր
Հանրության վերափոխում իրականացնելու համար նախևառաջ հարկավոր է ճշգրտորեն ձևակերպել հասարակության առաջ ծառացած խնդիրը, որը հարկավոր է լուծել վերջնարդյունքում: Նժդեհը դա անում է շատ հստակ և հատու. ՙԲուն հայկական խնդիրը՚ - դա օտար լծերի տակ ուծացած հայկական զանգվածները վերստին ազգի վերածելու մեջ է՚:
Գերխնդիր
Իսկ ազգի առջև դրված խնդիրը լուծելու համար, ինչպես պահպանողական հեղափոխության համակարգն է հուշում, հարկավոր է ունենալ մեծ մի գերխնդիր, գերնպատակ, դեպի որը գնալը կօգնի նաև լուծել ՙբուն հայկական խնդիրը՚: Գերխնդրի վերաբերյալ Նժդեհը հետևյալն է նկատում. ՙԱնհատի և ազգի գոյության արևն է նպատակը: Նա լուսավորում է և ջերմացնում մեր անցնելիք ճանապարհը: Նա համախմբում է մեր ուժերը, լարում մեր կամքերը, և անդիմադրելիորեն քաշում մեզ դեպի իրեն, դեպի հաղթանակ: Դժվարին, բայց թագավորական է իդեալի ճանապարհը: Նրա ծայրին` դեպ իդեալի հեղեղ առաջացող ժողովրդին թագն է սպասում: Նրա ճանապարհով անցնողը դառնում է թագավոր - ժողովուրդ՚:
Առաքելություն
Գերխնդրի իրագործմանը ձգտող հանրությունը պիտի ՙվարակված՚ լինի առաքելությամբ: Նժդեհը ուրվագծում է նաև այդ առաքելությունը: ՙԱշխարհը տրուած է ո՛չ միայն վայելելու, այլեւ` կատարելագործելու, բարեշտկելու այն- ահա՛ հայու աշխարհըմբռնումը, նրա էտիկական բարձր հասկացողութիւնը, որի հետեւանքով այնքան վաղ մարդկայնացաւ նա` կանխելով գրեթէ իր բոլոր հարեւաններին: Հայը հաւասարապէս տառապում է ինչպէս իր գոյութեան ծանրածանր պայքարի արդար ցաւից, այնպէս էլ` աշխարհի եւ մարդկային ազգի անկատարելութեան գիտակցութիւնից: Նրա համար աշխարհը դեռ այն չէ, ինչպիսին կարող է լինել, եւ պէ՛տք է որ լինի: ...Մհերը` հայկական էպոսի հերոսը - իմա՛ ինքը հայ ժողովուրդը -մերժում է գոյութիւն ունեցող աշխարհակարգը` լաւագոյնի պահանջ զգալով եւ առաջադրելով՚:
Այսպիսով, ըստ Նժդեհի, հայության առաքելութունը աշխարհը կարգի բերելն է:
Համազգային գաղափար
Գերխնդիր-առաքելության առկայությունը հանգեցնում է համազգային գաղափարի ստեղծմանը. ՙ..Նման ժողովուրդների ճշմարիտ փրկութիւնը սկսւում է այն վայրկեանից, երբ մի մեծ եւ դինամիկական գաղափար, մի արեւ - գաղափար գալիս է իրեն ենթարկելու գոյութիւն ունեցող բոլոր երկրորդական ու երրորդական գաղափարները: ... Կա՞յ մեծ գաղափարը -դա ասել է` այլեւս վե՛րջ խոտոր ճամբաներին, անպտուղ ճիգերին, խարխափումներին, ներքին թշնամանքին, իրերակերութեան՚:
Շարժում դեպի հերոսական անցյալ
Եվրոպան դեռ չէր հստակեցրել պահպանողական հեղափոխության համակարգն ամբողջությամբ, երբ սեփական ժողովրդի ճակատագրով մտահոգ հայորդին ձևակերպում է այդ համակարգի գլխավոր թեզը` վերափոխման ենթակա հանրությանը հարկավոր է ետ տանել իր իսկ պատմության էջերի վրայով դեպի հերոսական անցյալը: Նժդեհը միաժամանակ կոնկրետացրել է վերակենդանացման ենթակա ժամանակաշրջանը. ՙ...Ժողովրդի վերանորոգումը հնարաւոր է … իր նախնիքների միջոցով: Դա նմանւելու մի սկզբունք է. դա ասել է` նմանւի°ր Մամիկոնեան հային, որ զօրաւոր էր դէպի հայրենի երկիրն ու ցեղը տածած սրբազանութեան զգացումով եւ նրանց համար մեռնելու իր աննահանջ կամքով: Վերանորոգում ասել է մեր ներքին մարդու կաղապարումը, ըստ մեր նախասիրած պատկերի: ...Մեր ժողովուրդը, որ կորցրել է հայ եւ հայրենատէր մնալու իր հաւատը, որ աշխարհում այլեւս ելք, կեանքում հացից զատ այլ նպատակ չի տեսնում այսօր, փրկւել կարող է միայն ճշմարիտ վերանորոգումի ճամբով: Դա Մամիկոնեաններին նմանւելու ճամբան է՚:
Ընթերցողի ուշադրությունը հրավիրենք մի հետաքրքիր դրվագի վրա. ընդօրինակման շրջան համարելով Մամկոնյանների ժամանակվա Հայաստանը, Նժդեհն ամենևին չի սահմանափակվում մաքուր-քրիստոնեական վարդապետությամբ և հանրության վերազարթոնքի համար առավելապես դիմում է հին-արիական շրջանի արժեհամակարգին:
Ելք
Նժդեհը սեփական վերլուծություններից ելնելով, առաջարկում է նաև հանրային մտածողության վերափոխման շարժիչ ուժը`. ՙԲուն հայկական խնդիրը լուծել... հնարավոր է միայն քաղաքական միակրոնությամբ, մի բան, որ կընձեռնի մեզ ցեղը, Ցեղակրոնությունը: ...Միայն խորապես ցեղազգային հեղափոխությունը կարող էր գլուխ հանել դարերով օտար լծերի իր տոհմիկ առաքինության մեջ տկարացած մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության վերազարթնումը, միայն դա կարող էր համախմբել ու ակտիվացնել հայության ուժերը - անհրաժեշտ նախապայման ազգային ամեն պայքարի հաջողության: ... Միայն ցեղակրօնութեան... միջոցով կարելի պիտի լինի պառակտուած ժողովուրդը վերածել ազգի, փրկելով վերջինը իր բացասական տարրերի չարաշահութիւնից: Վերածնունդ - հեղափոխություն` այդպիսին պիտի լիներ մեր հեղափոխական շարժումը՚:
Թե որքանով է Նժդեհի առաջարկած տարբերակն այժմեական, քննարկելու հարց է, բայց և փաստ է, որ Նժդեհն իր իսկ առաջարկած ելքի տարբերակը փորձարկելով` լուրջ հաջողություններ է արձանագրել:
Համակարգ
Ներկայացնենք Նժդեհի դիտարկումները պահպանողական հեղափոխության համակարգի մյուս բաղադրատարրերի վերաբերյալ:
Առաջնորդ
ՙ... Մեծ մարդը. - Դա սպասվելիք օգնություն է, մխիթարությունը: Մեսիան, որ ժամանակների մայրը երբեմն - երբեմն աշխարհ կուղարկի այս կամ այն ժողովրդի և մարդկության համար: Այդ մարդը. –Պարզապես, վշտակիր, հերոս երևալով հոգեկանորեն կփոխի իր միջավայրը: Նրա խոսքը կազդի որպես հրաշեկ կայծ` բռնկեցնելու իրեն հետ առնչող սրտերն ու զգացումները: Նրա ներկայությունը կազնվացնի, կթևավորի, կգոտեպնդի հոգիները: Նրա շնորհիվ անկարելին կդառնա միայն դժվարին, դժվարինը` կարելի: Կփոխի ժողովրդի հոգեբանությունը, ճակատագիրը, պատմությունը: ...Մեծ մարդը. - Դա Աստված է, միայն այն տարբերությամբ, որ դա իրեն Աստված կզգա միայն իր կյանքի որոշ վարկյաններում և որպես այդպիսին կկերտի իր հավերժական, իր աստվածարժան գործերը՚:
Ազդման ոչ ստանդարտ համակարգ. ՙԺողովուրդն ավելին է, քան թվում է: Նրանում ավելի ուժեր կան, քան նա զգում է և արտահայտում: Ժողովուրդը - դա իր ուժերին անծանոթ դյուցազն է, որ հաճախ գործում, սխրագործում է, գրեթե, անգիտակցորեն: Դա հողն է` դեռ պեղումների չենթարկված, որի մեջ ավելի արժեքներ կան թաքնված, քան այն, որ լույս աշխարհ է բերված: Հայտնաբերել այդ թաքուն, դեռ չգիտակցված արժեք – ուժերը, նշանակում է ուժի նորանոր աղբյուրներ բանալ նրա էության մեջ: ԵՎ հենց սրանում է կայանում ընտրանիի` ճշմարիտ մտավորականության դերը: ...Հետադարձ հեռանկարով վերականգնել իր ժողովրդի պատմության այս կամ այն դարաշրջանի հոգևոր կյանքը. հնագիտական պեղածոների դրսևորմամբ ճշտել նրա մշակույթի հանգրվանները. համեմատական լեզվագիտությամբ որոշել նրա լեզվի - որ ասել է` նաև նրա գիտակցության, նրա ոգու - հասակը, ապա` նրա տեղը մարդկության մեծ ընտանիքում. արդիական փիլիսոփայության լույսի տակ դնել նրա ավանդույթները, նրա էպոսը, առասպելները. սեղմ ասած` ժողովրդին ճանաչել տալ իր ողջ անցյալը, նշանակում է` նրա համար լիարժեք կյանքով ապրելու և ստեղծագործելու նախադրյալներ ստեղծել՚:
Ահազանգ. Ժողովրդին սթափեցնելու, նրան կործանարար նիրհին տրվելուց հեռու պահելու համար հարկավոր է զանգ հնչեցնել` հասկացնելու նպատակով, թե որպիսի աղետի կարող է հանգեցնել ազգային անգործությունը. ՙՄեզ, մեր ժողովրդին վիճակված է մի օր կենաց ու մահու կռիվ մղելու համիսլամ երկրների` մեր վրայով իրար միանալու ձգտման դեմ: ...Դիմեք քարտեզին, նա կպարզի ձեզ և այդ դժբախտ պարագան: .Արևելքի և Արևմուտքի մահմեդականությունը ժամերի ընթացքում առնվազն յոթը տեղով կարող է զատել իրարից հայկական գավառակները և միանալ, իհարկե, հայ ժողովրդի վրայով: ...Եթե Հայաստանի աշխարհագրական դժբախտ դիրքի և նրա փոքրիկ ծավալի հետ հաշվի առնենք նաև մեր ժողովրդի քանակը, նրա հատվածականությունը, նրա քաղաքական իդեալը, նրա և իր իսլամ հարևանների փոխհարաբերության առանձնահատկությունը, ձեզ համար իր բովանդակ սպառնալիությամբ կպարզվի մեր ժողովրդի վտանգված ապագան՚:
Նժդեհի հնչեցրած վտանգը մեր սերնդի ինքնազոհության գնով փոքր ինչ մեղմվել է, բայց, ընդունենք, որ չի վերացել լիովին:
Ներքին թշնամի. Հասարակական անհրաժեշտ ակտիվություն ապահովելու համար հարկավոր է ճանաչել ներքին խանգարիչ գործոնները, իմանալ ներքին թշնամուն, եթե այն կա. ՙՔանի դեռ հայ մարդու փառասիրության չի միանում վտանգն ու մահը անգիտացող արիությունը, քանի դեռ կա անարի հայը կլինի ներքին թշնամին. իսկ քանի դեռ կա այդ հրեշը քաղաքական ավելի բարվոք վիճակը երազ պիտի մնա մեզ համար: ...Վատ հայը - ահա հայ ժողովրդի դարերի և այսօրվա դժբախտության գլխավոր պատճառը՚:
Արտաքին թշնամի. Երևի թե կարիք չկա անդրադառնալու այն հարցին, թե Նժդեհը որ չափով էր կիրառում ժողովրդին զգոնացնելու այս գործոնը:
Կրոնական բարեփոխումներ. ՙԻնքնապաշտպանություն` - ահա մեր նոր կրոնը: Ինքնապաշտպանություն – միակ միջոցը` որ թե ժողովրդների և թե սրանց աստվածների գոյությունն է ապահովում: ...Եկեղեցին վերագնահատումի պիտի ենթարկի քրիստոնեական սիրո իր սխալ ըմբռնումը, որպեսզի դադարի թուլությունը առաքինություն համարել և սպանել մեր ժողովրդի կամքը՚:
Արյան սրբացում. ՙԵս ցեղահավատ եմ, և ահա պաշտում եմ և մի այլ աստվածություն – ցեղիս արյունը, որի անարատության մեջ է իմ ցեղի ապագան: ...Ես ցեղահաղորդ եմ, և ահա զգում եմ, որ իմ անձը ավելի իմ գերագույն ծնողին – իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին՚:
Տոներ և ծեսեր. ՙՀավաքեք մարդկանց և դուք նրանց կդարձնեք ավելի բարի: Հավաքված մարդիկ պիտի աշխատեն հաճոյանալ իրար, իսկ հաճոյանալ կարող են միայն գործերով, որոնք նրանց դարձնում են հարգանքի արժանի: Տվեք նրանց միության մի ուժեղ մղում -բարոյական, քաղաքական - և սերը դեպի ազնիվ գործերը, բավականության հետ, կթափանցեն նրանց սրտերի մեջ … Ամենափառավորը տեսարաններից` դա ժողովն է մի մեծ ժողովրդի՚:
Կարգախոսներ. ՙԼինենք կնքահայրը նոր հասարակության` դրված ազգային հիմունքների վրա՚:
ՙԵղիր պարզ, պարզակյաց, որպես Սպարտացի, քանզի որքան նվազ կարիքներ ունենաս, այնքան ավելի օգտակար կլինես ժողովրդիդ՚:
ՙ...Հոգեպես ծույլերն են ստեղծել դժվարին ու անկարելի խոսքերը: Քույր ու եղբայր են չկամենալն ու չկարողանալը: Հազարամղոն ճամբորդությունը սկսվում է մի հատիկ քայլով: Չկա անկարելին, երբ կա զորեղ ու վճռական կամքը՚:
ՙՄի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա՚:
Ոգևորում. Վերափոխման տարվող ժողովրդին հարկավոր է նախևառաջ ոգևորել, հավատ առաջացնել նրա մոտ սեփական ուժերի և ուրվագծվող լուսավոր ապագային հասնելու հնարավորության հանդեպ: Հայ ժողովրդին բավականին կոշտ քննադատության ենթարկելով, Նժդեհը նաև ոգևորելու ուղին է գտել, գրելով ՙՀայը՚ աշխատությունը:
ՙԴավիթբեկյան ուխտ՚
Նժդեհը ստեղծելով գաղափարախոսական կուռ մի համակարգ, հասցրել է մասնակիորեն կյանքի կոչել այն: Նա Լեռնահայաստանում ստեղծել էր ՙԴավիթբեկյան ուխտ՚ անվանումով կառույց, որն առաջնորդվում էր նրա կողմից մշակված գաղափարախոսությամբ: Այդ ուխտի ՙ զարկերի տակ փրկվեց բազմահազար հայ մտավորականությունը բոլշեվիկյան տապարից, ինչպես և Ադրբեջանին թողնված հայոց լեռնաշխարհը ճանաչվեց որպես Հայաստանի անբաժան մասը՚:
Արդյունք
Որպես Նժդեհի մշակած գաղափարախոսության կիրառման դրական արդյունք ներկայացնենք հետևյալ փաստը: 1919-20 թվականներին կար երկու Հայաստան` Առաջին կամ Արարատյան Հանրապետությունը և Նժդեհի ղեկավարած Լեռնահայաստանը: Առաջին հանրապետության ներսում տիրած իրավիճակն արդեն ներկայացվել է ընթերցողին: Իսկ Լեռնահայաստանում, ուր իշխանական կառույցը և հանրության մի մասը առաջնորդվում էր ազգայնական գաղափարախոսությամբ, երկրի գործերն անհամեմատ լավ էին ընթանում և փոքրաքանակ բնակչությունը մեկը մյուսի ետևից ռազմական լուրջ հաղթանակներ էր գրանցում: Առաջին հանրապետության անկումից հետո երևանյան իշխանավորները տեղափոխվեցին հարավ և այնտեղ ձևավորեցին նոր, իշխանություն: Բայց քանի որ ՙեկվորները՚ կրողն էին այն ժամանակվա սովորական, խեղաթյուրված, ոչ-նժդեհական աշխարհընկալումի, հանրային կյանքն արագ կերպով ապականվեց ստորին կրքերով ու մղումներով, իշխանական համակարգն արատավորվեց, և տարիներ շարունակ հզոր ախոյաններին դիմակայած Լեռնահայաստանը մի քանի ամսում, կարելի է ասել, ինքնասպան եղավ:
Հ.Գ. 1. Հեղինակը պատրաստ է հետաքրքրվողներին տրամադրել սույն հոդվածի ընդարձակ տարբերակը:
Հ.Գ. 2. Հեղինակը հուսով է, որ սույն հոդվածին ծանոթանալուց հետո ընթերցողը կկիսի հրապարակայնորեն ասված իր այն միտքը, թե մեր այժմյան կուսակցություններն իրենց պարզունակությամբ մանկապարտեզ են հիշեցնում:
Արծրուն Պեպանյան. «Ինչպե՞ս դուրս գալ հազարամյա ճահճից» շարքից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet