▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին հաղթանակը մսխած՝ երկրորդն ունենալ չենք կարող...

Ադրբեջանական դիվերսիան կանխված է. դա լավ է՝ չնայած՝ մենք էլ տվեցինք զոհեր, անդառնալի մարդկային կյանքեր:
Բանակը կատարեց իր առաքելությունը. դրա համար փառք ու պատիվ սահմանին կանգնած զինվորին, սպային, նախարարին:
Ինձ այլ բան է անհանգստացնում, որ Երևանում նստած ու Ղարաբաղի տեղը չիմացող մարդիկ նման ցանկացած իրադարձությունից հետո «երկրորդ ճակատ» են բացում, Ավարայրների մասին խոսում, Նախիջանը գրավում՝ իրենց փափուկ աթոռներից հետույքները չկտրած:
Սա սովորական անպատասխանատվություն է, քաղաքական անմեղսունակության դրսևորում, որովհետև մարդկային ողբերգությունների, մայրերի ու հարսների, վիզը ծուռ մեծացող որբուկների երջանկության հաշվին քաղաքական աչոկներ հավաքելը, մեղմ ասած, բարոյական չէ:

Հաղթանակի մեր ընկալումն էլ խեղված է՝ պարփակված ռազմական վիճակագրության շրջանակում:
Ռազմաճակատում նվաճածը երբեք հաղթանակ չի դառնա, եթե այդ հաղթանակի առանցքը՝ մարդը, նրա անվտանգությունն, ազատությունն ու երջանկությունը չեն:
1994-ի հրադադարն ամրագրեց մեր հաղթնակը ռազմի դաշտում՝ մեր հերոս ախպերի նահատակության գնով:
Բայց ոչինչ չարվեց, որ այդ հաղթանակը դառնա ինստիտուցիոնալ արժեք, Հայաստանն ու Ղարաբաղը դառնան երկիր, որտեղ մարկիկ իրենց ապահով ու երջանիկ կզգան:
Հաղթանակը մենաշնորհվեց փոքրիկ մի էլիտայի կողմից. ոմանց սիրտը բիզնես, մյուսներինը՝ հավերժ իշխանություն էր ուզում:
Ընտրությունների պարբերական կեղծումն ու մարդկանց անխնա հարստահարումն արդարացվեց Ղարաբաղի խնդրով, սեփական ապաշնորհության արդարցումն ևս՝ չվերջացած պատերազմն է:
Չիրացված հաղթանակի հետևանքը դատարկվող Հայաստանն է, լիմոնի պես ճզմված մեր հավատն ու վստահությունը:
Հիմա Հայաստանը դատարկածները, բոլորիս հույս ու հավատը բռնաբարածները, մեր հաղթանակը սեփականած ու մսխած մարդիկ խոսում են նոր հաղթանակի մասին, որի կայացման գինը դարձյալ ուրիշի նահատակությունն է. իրենցը՝ «Որ մենք հերոսի»-ի մեծախոսությունն ու բաժակաճառությունն է...
Ղարաբաղյան պատերազմում մենք հաղթեցինք, խաղաղության տարիներին պարտվեցինք. ինքներս մեզ, մեր արժանապատվությանը, կարգին երկիր ունենալու հեռանկարին...
Ղարաբաղյան պատերազմում հաղթեցինք, որովհետև հավատ ու հույս կար, 88-ի հզոր էներգիա:
Աստված մի արասցե՝ հիմա պատերազմ լինի. դրան գնալու ենք արտագաղթող ու լումպենացող հասարակությամբ, օլիգարխների անհայրենիք հաստավիզների լկտիությամբ ու զինվոր տվող ընտանիքների խեղճությամբ ու անզորությամբ:
Եթե նոր պատերազմ լինի, դրան գնալու ենք սպանված սպարապետի ու երկրից փաստացի հեռացված կամանդույշիի բացկայության ողբերգությամբ:
Առաջին հաղթանակը մսխած՝ երկրորդն ունենալ չենք կարող...
Նախիջևան գրավող «հերոսները» սրա մասին թող մտածեն, հա՝ մեկ էլ էն բանի, որ իրենց պադավադների սև ապակիներից չի երևում ղարաբաղյան պատերազմում զոհված տղերքի ընտանիքների դարդ ու ցավը...

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին