ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված Ոստիկանությունում ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխութուն և լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը:
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին ուղղված հարցը վերաբերում էր պետավտոտեսչության ոլորտում կրտսեր պաշտոններ չլինելուն.
«Գնալով շատանում են արագաչափերը, տեսանկարահանող սարքերը, աշխատողների թվաքանակը կրճատվե՞ց, թե՝ պահպանվեց և ինչքա՞ն է կազմվում միջին աշխատավարձը»,-հարցրեց պատգամավորը:
Վարդան Եղիազարյանը պատասխանեց, որ հիմա չկան կրտսեր աշխատողներ՝ հատկապես նրանք, ովքեր աշխատում են փողոցում:
«Դեռևս 2012 թվականի սկզբին ուսումնասիրեցինք ճանապարհային ոստիկանության կազմհաստիքային, կառուցվածքային վիճակը: Տեսախցիկների ներդրումից հետո որոշակի կրճատումներ արել ենք: Առաջին փուլում մոտ 25 տոկոսով կրճատվեց կենտրոնական ապարատի ստորաբաժանումը, հետագայում կրճատումներ ունեցանք Երևանում, քանի որ արագաչափերն ու տեսախցիկները կենտրոնացված էին այստեղ»,-հավելեց Ոստիկանության պետի տեղակալը:
Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա Վարդան Եղիազարյանի խոսքով՝ այն 27.000 դրամի չափով բարձրացել է: